Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսափողը ձեռքից վերցրեք». վիճաբանություն՝ «ծռերի» գործով դատավորի ու փաստաբանի միջեւ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2017 15:56

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ  ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով  դատական նիստում այսօր ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Հարությունյանի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում: «Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ, ու մինչ օրս պատշաճ բուժում չի իրականացվել»,-նշեց Հայարփի Սարգսյանը:

Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն, նրան թույլ չտվեց խոսքը շարունակել՝ ասելով, որ նրա մատնանշած խնդիրներին արդեն իսկ ծանոթ է, եւ կրկնվելու կարիք չկա: Իսկ եթե պաշտպանը խնդիր է տեսնում, պետք է բողոքի ՔԿՀ-ին, ոչ թե իրեն: Հայարփի Սարգսյանն առարկեց՝ ասելով, որ դատավորն իրավունք չունի իր խոսքի իրավունքը սահմանափակել: Նա շարունակեց խոսել, դատավորն էլ հրահանգեց փաստաբանի ձեռքից խոսափողը վերցնել: Ընդ որում, ինչպես պաշտպաններն արձանագրեցին, հրահանգը տրվեց ոստիկանին, որը դատավարության կողմ չի հանդիսանում:

Մյուս պաշտպաններն առարկեցին դատավորի գործողությունների դեմ: «Դուք իրավունք չունեք լռեցնել ու Հովհաննես Հարությունյանի պաշտպանին եւ սահմանափակել նրա պաշտպանական իրավունքը»,-հայտարարեց փաստաբաններից Մուշեղ Շուշանյանը:

«Չի կարելի նույնը կրկնել եւ օգտվել իմ համբերությունից»,-իր հերթին պնդեց դատավոր Արթուր Օհանյանը:

Ի վերջո, Հայարփի Սարգսյանը կիսատ կատարեց հայտարարությունը՝ խոսքը եզրափակելով նրանով, որ Հովհաննես Հարությունյանը  գտնվում է այնպիսի պայմաններում, որ բուժումն անհրաժեշտություն է. «Բազմիցս պահանջել եմ նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց ու բուժել, ինչն անտեսվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից»:

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այս խնդրով դատավոր Օհանյանին ուղղված գրություններին ի պատասխան վերջինս իր պաշտպանյալին թողել է բախտի քմահաճույքին՝ նշելով, որ «ըստ անհրաժեշտության կարելի է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031