Ծանրամարտի հանրապետության պատանիների առաջնության ավարտից հետո Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը, ամփոփելով արդյունքները, «Առավոտին» ասաց. «Աղջիկների ցույց տված արդյունքներն այս ժամանակահատվածի համար միջինից բարձր է, ինչը համարում եմ նորմալ: Այս տարիքային խմբում մեր գլխավոր նպատակը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Այն հուլիսի 22-ից 29-ը խաղարկվելու է Իտալիայի Լիգնանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում (պատանեկան օլիմպիական խաղերում մեկ երկիրը կարող է ունենալ մեկ մասնակից.- Ա. Հ.): Դրա համար անհրաժեշտ է թիմային հաշվարկով տեղ զբաղեցնել չորս ուժեղագույնների մեջ: Հայաստանի առաջնությունից հետո կսկսենք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, սակայն ժամկետները դեռ չենք որոշել»:
Հարցին, թե նոյեմբերին Աշգաբադում մեկնարկող մեծահասակների աշխարհի առաջնությունից ինչ ակնկալիքներ կան, Արման Ղազարյանը պատասխանեց, որ այս տարվանից սկսվում է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվարկը եւ հասկանալի է, որ պիտի անել ամեն բան, որպեսզի ձեռք բերվեն հնարավորինս շատ ուղեգրեր:
Պատանիների ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը նույնպես ընդհանուր առմամբ բավարարված է Հայաստանի առաջնությունում տղաների բարձրացրած կիլոգրամներով: «Վատ չէ: Բայց կան պատանիներ, որոնք մինչեւ Եվրոպայի առաջնությունը աճելու տեղ ունեն: Հիմա տղաներին հանձնարարել եմ մինչեւ մայիս ամիս մարզումները շարունակել իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ եւ տվել եմ կոնկրետ հանձնարարություններ: Մայիսից սկսած միմյանց հաջորդող ուսումնամարզական երեք հավաք ենք նախատեսում մինչեւ Եվրոպայի առաջնություն: Առաջինն ամենայն հավանականությամբ կլինի Ծաղկաձորում: Հավաքների միջեւ մոտ երկու-երեք օրվա ընդմիջում է լինելու: Այսպես ենք որոշել, որպեսզի ինտենսիվ մարզումներով պատանի ծանրորդները մարզավիճակը շարունակաբար բարձրացնեն ու Եվրոպայի առաջնությունում գտնվեն բարձունքին: Իսկ թե ովքեր կմեկնեն Իտալիա, հայտնի կդառնա միայն առաջին ուսումնամարզական հավաքից հետո, երբ կտեսնենք, թե ով մարզական պատրաստվածության ինչ աստիճանում է գտնվում»:
Պատանիների հավաքականն անցած տարի է Բուենոս Այրեսի իր հասանելիք ուղեգիրը նվաճել: Այս առումով ավագ մարզիչը, ի տարբերություն աղջնակների մարզիչների, հանգիստ է: Գեւորգ Դավթյանը մեզ վստահեցրեց, որ պատանեկան օլիմպիական խաղեր կմեկնի միայն այն ծանրորդը, որն այդ պահին ամենաուժեղը կլինի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
03.04.2018


















































