Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Սեպտեմբեր 24,2026 11:37 Share

Սեպտեմբերի 21-ին Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա են գտնվել ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին, «Սաադի» հիմնադրամի ղեկավար Ղոլամ Ալի Հադադ Ադելը, «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանին, Պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալ Սեյեդ Համզե Ղալանդարին, Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, բարեկամության խմբի անդամներ, Իրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային և հասարակական գործիչներ։

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային օրհներգերի կատարմամբ, որին հաջորդել են Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամմադիի ելույթները։

Շնորհավորելով ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձը՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և դժվարին պահերին միմյանց աջակցելու կարևորությունը։ Անդրադառնալով «Անկախություն. հարատև պետություն» խորագրին՝ դեսպանը կարևորել է խաղաղությունն ու կայունությունը՝ որպես Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման նախապայման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման համատեքստում։

ԻԻՀ փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների, ամուր փոխվստահության հիմքը։ Նա նշել է, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ԻԻՀ փոխնախագահը նշել է, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը Իրանի ռազմավարական առաջնահերթություններից են՝ վերահաստատելով ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Իրանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930