Իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը
իր հայրենակցուհու հետ կրկին հանդես կգա Երեւանում
Զուգադիպությո՞ւն է, թե՞ պատահականություն. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) 2017թ. մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան նվիրված համերգը ղեկավարելու համար հրավիրել էր իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսին եւ նրա համերկրացուն՝ ֆլեյտահարուհի Սառա Ուրենյա Կաբրերային: Հիմա էլ այդ երաժիշտները հանդես կգան ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ, այս անգամ ապրիլի 6-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված երեկոյին:
«Առավոտի» հետ զրույցում Խուան Անտոնիո Ռամիրեսը ողջունելով, որ Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակ է, ժպտալով նշեց. «Իսկ Իսպանիայում տարվա բոլոր օրերն են կանանց նվիրված: Նրանք մեր կյանքի ոչ միայն շարժիչ ուժն են, այլեւ մուսան»: Ռեպլիկին՝ այդ պատճառով է երկրորդ անգամ Հայաստան այցելում գեղեցկուհու ուղեկցությամբ, դիրիժորն ասաց. «Երանի հնարավորություն ունենայի ոչ միայն Հայաստան, այլեւ աշխարհով մեկ շրջագայեի նման շքեղ կնոջ ուղեկցությամբ: Սառան ոչ միայն բարձրակարգ արտիստ է, այլեւ հիանալի մարդ»: Հետո էլ հավելեց. «Նախորդ այցին Սառայի հետ ներկայացրինք միայն իսպանական երաժշտություն:
Այս անգամ ձեր չափից ավելի խիստ հանդիսատեսին կհրամցնենք Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» թիվ 2 սյուիտը, իսկ Սառան նվագախմբի հետ Երեւանում առաջին անգամ կհնչեցնի Դեւիենի թիվ 7 ֆլեյտայի կոնցերտը»:
Հետաքրքրությանը՝ մեկ տարվա ընթացքում նշանակալի ի՞նչ իրադարձություններ են կատարվել երաժիշտների կյանքում, Խուան Անտոնիո Ռամիրեսը հայտնեց, որ իր ղեկավարած Վալենսիայի Mediterraneo նվագախմբի գլխավոր կոնցերտմեյստրն այլեւս հայուհի է՝ Շուշաննա Գրիգորյանը, որին հրավիրել է Ռուսաստանից եւ նվագախմբի առաջին ջութակահարների խումբը համալրել է Անահիտ Ավայանը՝ Հայաստանից: Նշեց նաեւ, թե առաջին անգամ իր նվագախումբը 2017թ. ղեկավարել է Էդուարդ Թոփչյանը: Համերգը կայացել է հեղինակավոր Արվեստների պալատում, որտեղ հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժորներ Լորին Մաազելը, Զուբին Մետտան եւ այլք: Կանխելով հարցը, թե նվագացանկում, բացի Խաչատրյանից, ընդգրկվա՞ծ է հայ այլ կոմպոզիտոր եւս, երաժիշտը, ինչպես նախորդ հարցազրույցի ժամանակ («Առավոտ», 08.03.2017թ.), պատասխանեց, որ առայժմ միայն Խաչատրյանի երկերից է, բայց մտադրություն ունի մեկ երեկո հնչեցնել միայն հայ հեղինակների ստեղծագործություններ: Հետաքրքրությանը՝ հայ ո՞ր հեղինակների երկերն են իրեն ավելի սրտամոտ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կայանալիք երեւանյան համերգում ծրագրից բացի, պատրաստել ենք մեկ հայ հեղինակի գործ եւս. դա Կոմիտասն է: Թե կոնկրետ ո՞ր ստեղծագործությունը՝ հիմա չեմ բարձրաձայնի, թող անակնկալ լինի»:
Սառա Ուրենյա Կաբրերան խոստովանեց, թե շատ է կարոտում Երեւանը, ֆիլհարմոնիկի իր երբեմնի գործընկերներին (ֆլեյտահարը որպես հրավիրյալ երաժիշտ Հայաստանի ֆիլհարմոնիկում աշխատել է 2013-16թթ.): Ասաց, որ վերադառնալով իր հայրենիք, գործունեություն է ծավալել Իսպանիայի ութ սիմֆոնիկ նվագախմբերում՝ դարձյալ հրավիրյալի կարգավիճակով: Հիշեցրինք՝ նախորդ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ մարտի 8-ը իսպանացի ֆեմինիստուհիները նշում են իբրեւ բողոքի օր եւ ընդունված է իրենց հասարակական դժգոհությունները հայտնել հիմնականում ցույցերի ձեւաչափով: Հարցին՝ այս տարի է՞լ նույն ձեւաչափն էր, ֆլեյտահարուհին պատասխանեց. «Հիմնականում այո, կանայք պահանջում են տղամարդկանց հավասար իրավունքներ, քանի որ, օրինակ, տղամարդ խոհարարներն ավելի բարձր են վարձատրվում, քան նույն աշխատանքը կատարող կանայք… Իսկ մշակույթի եւ արվեստի ոլորտը միակն է, որտեղ կանանց գործունեությունը հավասար է գնահատվում, թեեւ ինքս այն բացարձակ հավասարություն չէի անվանի»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
03.04.2018


















































