Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. «Ես ձեզ նման տարիներով երազում էի այս օրվա մասին և լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով». (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 07,2018 22:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Թանկյանը ժամեր առաջ ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանից նրա Նիկոլ Փաշինյանը և շարժման մյուս անդամները ուղեկցեցին Հանրապետության հրապարակ, որտեղ նա ելույթ ունեցավ:

Նա նախ ներողություն խնդրեց, որ ուշացել է «այս գեղեցիկ հեղափոխությունից»՝ նշելով, որ վերջին 2-3 շաբաթը հոգեպես Երևանում էր. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ, որ կարողացաք ձեր խաղաղ ցույցերով ստեղծել հայազգի պարծանքին արժանի հայրենիք: Հիմա արդեն ամբողջ աշխարհը ձեզ է նայում իբրև դրական օրինակ: Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին»:

Սերժ Թանկյանի խոսքերով՝ աշխարհը տարիներ շարունակ հայ ազգին ճանաչել է Ցեղասպանությունով, երկրաշարժով և պատերազմով, բայց այս շարժումով բարձրացավ ամբողջ հայ ժողովրդի վարկանիշը. «Այս հեղափոխության միտքը եղավ ընդդիմադրությունը, իսկ սիրտը՝ սերը: Սիրո այս ուժն է, որ հաղթահարեց այլ բացասական բոլոր ուժերին: Բայց դուք նախ հաղթահարեցիք ձեր վախը և ձեր անտարբերությունը՝ գտնելով ձեր միասնությունը, ձեր միասնության մեջ՝ ուժ: Ես ձեզ նման տարիներով երազում էի այս օրվա մասին և լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով»:

Նա հավելեց. «Տարիներով ասում էին՝ Սե՛րժ, արի՛ Հայաստան և հարյուր հազար ժողովուրդ կհետևի քեզ: Իմ պատասխանը միշտ նույնն էր՝ երբ հայ ժողովուրդը պատրաստ լինի կանգնել ո՛չ Սերժ Թանկյանի, ո՛չ այլ անձի կարիքը կունենա, քանի որ պատրաստակամ պետք է լինի պայքարելու անձնական և ազգական բոլոր իրավունքների ճակատին: Խոնարհվելով ձեր առջև՝ ես եկել եմ ձեզ հետևելու և ձեզ աջակցելու՝ կերտելու համար երազանքի մի հայրենիք»:

Իր խոսքը ամփոփելով՝ նա շնորհակալություն հայտնեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և երիտասարդ կազմակերպիչներին. «Որ կարողացան ձեր հուսահատությունը և զայրույթը վերածել դրական, խաղաղ և արդյունավետ պայքարի: Բրավո՛: Հիմա պետք է սկսի համբերության ժամանակը, այսինքն՝ գործը նոր է սկսելու, պետք է շարունակենք մեր պայքարը այս գործով, բարեփոխումներով և ներդրումներով, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում, սիրելի՛ ժողովուրդ»:

Իր ելույթը Թանկյանը ավարտեց երգելով հատված «Բարի արագիլ» երգից:

Տեսանյութերը՝ «Ազատություն» ռադիոկայանի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031