Լրահոս
Օրվա լրահոսը

Օրէնքն ամէն ինչից վեր է

Մայիս 10,2018 22:22

Սիրելի՛ ժողովուրդ Հայաստանի,

Աշխարհասփիւռ սիրելի՛ հայրենակիցներ,

Ի խորոց սրտի շնորհաւորում եմ բոլորիդ այս փառահեղ յաղթանակի համար: 30 տարի անց կրկին բերկրալի օրեր ենք ապրում: Ինչպէս նշեց մեր սիրելի նախագահը՝ սա նոր Հայաստան է: Այստեղ յաղթանակել են ՕՐԷՆՔՆ ու ժողովրդավարութիւնը:

Այս օրերին շատերն արդարացիօրէն նշում էին, որ դժուարին գործը դեռ նոր է սկսւում: Այն ինչ տեղի ունեցաւ, միայն սկիզբն է. մեզ դեռ երկար ու քարքարոտ ճանապարհ է սպասւում: Ուստի այսուհետ եւս լինենք խելամիտ, գործենք սթափ ու սառը ուղեղով եւ անշեղօրէն կառուցենք մեր իրաւական պետութիւնը: Չյուսահատուենք եւ անտեղի չքննադատենք Նիկոլ Փաշինեանը, որովհետեւ այն դրականը, որ ակնկալում ենք, 1 շաբաթում կամ 1 ամսում չի գալու. այդ փոփոխութիւնների մի մասն արդէն եկել է, բայց մեծ մասը դեռ նոր է գալու: Ժողովուրդը Նիկոլ Փաշինեանին իրաւունք եւ իշխանութիւն է տուել կառուցելու իրաւական պետութիւն: Բայց նա չի կարող դա անել միայնակ՝ առանց մեր աջակցութեան: Ուստի բոլորս անխտիր, մեր ուժերի ներածի չափով աջակցենք նրան եւ մեր նպաստը բերենք այս սուրբ գործին:

Մենք վիթխարի հաւատ ենք տածում, որ ժողովրդի աջակցութիւնը վայելող վարչապետը կ‘արդարացնի մեր յոյսերը: Հակառակը բացառւում է, որովհետեւ, ինչպէս Սերժ Թանկեանը դիպուկ նշեց. «… աչքերնիս միշտ Նիկոլի վրայ պիտի պահենք, որ վստահ ըլլանք, որ չյուսահատի մեզի»:

Նիկոլ Փաշինեանը, վարչապետ ընտրուելուց յետոյ դիմելով ժողովրդին, ասաց. «Յաղթանակը այն չէ, որ ես ընտրուել եմ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ: Յաղթանակը այն է, որ դո՛ւք էք որոշել, թէ ով լինի Հայաստանի Հանրապետութեան վարչապետ»: Այո՛, սա է ժողովրդավարութեան էութիւնը. իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն ընտրում է իշխանութիւն եւ ժողովուրդն էլ կարող է փոխել այդ իշխանութիւնը:

Ահա այստեղ է, որ առաջ է գալիս հարցերի հարցը՝ ԻՆՉՊԷ՞Ս: Ինչպէ՞ս ընտրել իշխանութիւն՝ հրապարակներո՞ւմ, թէ՞ ՕՐԷՆՔՈ՛Վ նախատեսուած միջոցներով: Փառք ու պատիւ մեր ժողովրդին, որ ընտրեցինք երկրորդ տարբերակը: Երբ Նիկոլ Փաշինեանն ասում է «յաղթել ենք, որովհետեւ ժողովուրդն ընտրեց իշխանութիւն», ես ուզում եմ լրացնել մեր սիրելի վարչապետին՝ «… ժողովուրդն ընտրեց իշխանութիւն ՕՐԻՆԱԿԱՆ ճանապարհով», որովհետեւ ՕՐԷՆՔԸ վեր է ամէն ինչից: Իմ այսօրայ գրածի մեխն էլ հէնց դա է՝ ՕՐԷ՛ՆՔ, ՕՐԷ՛ՆՔ, ՕՐԷ՛ՆՔ:

Հայոց բազմադարեայ պատմութիւնը առատ է վկայութիւններով, թէ ինչպիսի նախանձելի ազգային միասնականութիւն ունեն հայերը: Այսօր հասել ենք մի հանգրուանի, երբ հայաստանցիները, ազգակենտրոն լինելուց զատ, պիտի նաեւ պետականակենտրոն լինեն: Ազգային շահերից ոչ պակաս կարեւոր են պետական շահերը եւ պետականամիտութիւնը: Իսկ պետական շահը նախեւառաջ ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆՆ է: Իւրաքանչիւր հայաստանցու սրբազան պարտաւորութիւնը պիտի լինի պահել երկրի ՕՐԷՆՔՆԵՐԸ: Մէկ խազ, մէկ յովտ անգամ չպէտք է անարգուի օրէնքում:

Ապրելով ժողովրդավարական երկրներում (Գերմանիա, Շվեյցարիա)՝ ես յաճախ եմ լսում «գերմանական օրէնքով այսինչ բանն արգելուած է կամ շվեյցարական օրէնքով այս հարցն այսպէս պէտք է լուծուի»: Անկախ քեզնից զգաստանում ես, երբ լսում ես «գերմանական օրէնք» կամ «շվեյցարական օրէնք» արտայայտութիւնները: Դրանք աշխարհի լաւագոյն ժողովրդավարութիւններից են, որտեղ դու իսկապէս պաշտպանուած ես օրէնքով: Բայց միւենոյն ժամանակ ծանր գին կը վճարես, եթէ փորձես խախտել այդ օրէնքները: Իմ մեծագոյն ցանկութիւնն է, որ նոյն ակնածանքն ու բծախնդրութիւնն ունենանք մեր ՕՐԷՆՔԻ նկատմամբ եւ աշխարհով մէկ խօսենք ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԷՆՔԻ մասին: Ահա այդժամ այս փառահեղ յաղթանակը կ‘ամբողջանայ:

Կրկին շնորհաւորում եմ մեր ժողովրդին (յատկապէս՝ Հայաստանի) եւ նրա ներկայացուցչին՝ մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Դրսում, թէ ներսում՝ գործէք վստահ ու հաստատակամ՝ ի շահ մեր պետութեան: Ամուր կանգնած ենք Ձեր թիկունքին եւ պատրաստ ենք ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ կերպով ծառայել Հայաստանի Հանրապետութեանն ու նրա ժողովրդին:

 

Արթուր Լազարեան

Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

https://www.linkedin.com/in/artur-lazarian/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031