Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Մշակույթ, գաղափարախոսություն և իշխանություն. Ժողովրդավարական կայունության հիմքերը

Նոյեմբեր 03,2026 16:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի խորհրդարանում պարբերաբար տեղի ունեցող բախումները ստիպում են ժողովրդավարական կառավարման հիմքերի և ներքին տևական կայունության պայմանների վերաբերյալ ավելի լայն վերլուծություն անել: Այդ միջադեպերը սոսկ քաղաքական վեճեր դիտարկելու փոխարեն, անհրաժեշտ է դրանք ուսումնասիրել երեք փոխկապակցված հարթությունում՝ մշակույթ, գաղափարախոսություն և իշխանություն:

Մշակույթն է ձևավորում տարաձայնությունների, իշխանության, հավաքական ինքնության և համակեցության վերաբերյալ հանրային ընկալումը: Ժողովրդավարական մշակույթը ավելին է, քան սոսկ ընտրությունները. այն ենթադրում է տարակարծության հանդուրժում, հարգանք ինստիտուտների հանդեպ, քաղաքական բազմակարծության ընդունում, տարաձայնություններն առանց ճնշման և բռնության հարթելու կարողություն: Հայաստանի պատմաքաղաքական փորձը, ներառյալ խորհրդային քաղաքական մշակույթի ժառանգությունը, որոշակի խոչընդոտներ են ստեղծում ժողովրդավարական ավանդույթների կայացման համար:

Գաղափարախոսությունը վերաբերում է այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է քաղաքական համակարգը: Հայաստանի 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը հայտարարեց արմատացած օլիգարխիկ իշխանությանը վերջ տալու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու և ժողովրդավարական, քաղաքացիակենտրոն կառավարում հաստատելու հանձնառության մասին: Եթե սրանք են երկրի ժողովրդավարական փոփոխության հիմքերը, ապա ընդդիմությանը լսելը, այլակարծությունը հարգելը, խոսքի ազատության պաշտպանությունը և ինստիտուցիոնալ հաշվետվողականության ապահովումը պետք է լինեն այդ տեսլականի անբաժանելի մասը: Քաղաքացիակենտրոն ժողովրդավարությունը չի կարող իմաստալից լինել, եթե քաղաքացիները կամ նրանց ընտրված ներկայացուցիչները լսելի են միայն այն ժամանակ, երբ համամիտ են իշխանությունների հետ:

Իշխանությունը ցույց է տալիս լիազորությունների իրացման և քաղաքական տարաձայնությունների կառավարման եղանակը: Ժողովրդավարության մեջ իշխանությունը սոսկ ղեկավարելու կարողությունը չէ. այն կրում է հասարակությանը միավորելու, ինստիտուտները պաշտպանելու և ամբողջ հանրությանը ծառայելու պատասխանատվություն: Խորհրդարանում պարբերաբար կրկնվող ծեծկռտուքներն ու բախումները լուրջ հարցեր են բարձրացնում քաղաքական մշակույթի և մեր հավաքական հասունության վերաբերյալ:

Այս պարտավորությունները միայն իշխանությունների վրա չեն դրված: Ընդդիմությունը ևս մեծ դեր ունի ժողովրդավարության պահպանման գործում: Նրա պատասխանատվությունն է վիճարկել իշխանության քայլերը, մանրազնին քննել կառավարության որոշումները և արտահայտել այլակարծություն օրինական խորհրդարանական ու ժողովրդավարական գործընթացների միջոցով: Ո՛չ քաղաքական տարաձայնությունը, և ո՛չ էլ ընդդիմադիր թեժ պայքարը չեն արդարացնում ճնշումները, ֆիզիկական բռնությունը կամ ինստիտուցիոնալ նորմերի անտեսումը: Ժողովրդավարական հասունությունը պահանջում է զսպվածություն, հաշվետվողականություն և հարգանք թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից:

Այս երեք հենասյուները պետք է փոխադարձաբար լրացնեն և ամրապնդեն միմյանց: Եթե քաղաքական մշակույթը բախվում է ժողովրդավարական գաղափարախոսությանը, կամ իշխանության գործադրումը խախտում է ժողովրդավարական փոփոխությունների հիմքում ընկած սկզբունքները, հասարակական համախմբվածությունը դառնում է խոցելի:

Հայաստանը կանգնած է անվտանգային, աշխարհաքաղաքական և տնտեսական ահռելի մարտահրավերների առջև, հատկապես 2020 և 2023 թվականների պատերազմներից հետո: Այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է ավելին, քան սոսկ քաղաքական իշխանություն կամ տնտեսական քաղաքականություն: Այն պահանջում է ներքին խաղաղություն, հանրային վստահություն և ազգային նպատակի ընդհանուր գիտակցում:

Առաջնորդայնությունն ի վերջո գնահատվում է ոչ թե ընդդիմադիր ուժերին հակադրվելու իշխանության կարողությամբ, այլ պառակտված հասարակությանն արդյունավետ համախմբելու արհեստավարժությամբ:

Առանց մշակույթի, գաղափարախոսության և իշխանության միջև ներդաշնակության՝ տևական ներքին խաղաղության հասնելը կմնա անհնարին: Իսկ առանց ներքին խաղաղության՝ առջևում ծառացած ահռելի մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողությունն անխուսափելիորեն կնվազի։

Գուրգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Զորյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ

Սույն հոդվածը չի արտացոլում Զորյան ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումը, այն ամբողջությամբ ներկայացնում է Գուրգեն Սարգսյանի անձնական կարծիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել