Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով է միջուկային էներգետիկան անվտանգ եւ կանաչ

Մայիս 16,2018 20:03

«Առաջիկա 50 տարիներին մարդկությունն ավելի շատ էներգիա կօգտագործի, քան սպառել է իր պատմության ողջ ընթացքում: Ինչն էլ կհանգեցնի արդյունահանվող էներգառեսուրսների, մասնավորապես նավթի, գազի, ածուխի կրճատմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պահանջարկն ավելի արագ է աճում, քան՝ նորագույն տեխնոլոգիաներով էներգիա ստանալու հնարավորությունները»,-այսպիսի մտահոգություն հայտնեցին Սոչիում հավաքված էներգետիկ ոլորտի մասնագետները, որոնք մասնակցում են «Ատոմէքսպո 2018» միջազգային ցուցահանդեսին ու համաժողովին: Այն նախաձեռնել է «Ռոսատոմ» ընկերությունը: Ոլորտի մասնագետները խնդրի լուծումներից մեկը համարում են միջուկային վառելիքի ակտիվ զարգացումը, ինչը համարվում է գլոբալ տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ քննարկում՝ որքանով է անվտանգ եւ կանաչ միջուկային էներգետիկան:

«PBS News»-ի լրագրող Ռայան Չիլքոթը, որը վարում էր բանավեճը ոլորտի մասնակիցներին հարց ուղղեց, թե որքանով է մաքուր միջուկային էներգիան, մարդիկ արդյո՞ք պատրաստ են ատոմային էներգիան ընդունել որպես մաքուր ու անվտանգ էներգիայի աղբյուր: Նրա խոսքով համացանցում հակառակ տեսակետը կա, որ այն անվտանգ չէ եւ որ որոշ երկրներ ընտրում են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ՝ հողմային կայանների, արեւի, հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիա ստանալու տարբերակը, բայց ոչ միջուկային էներգետիկան:

Միջոցառմանը ներկա Համաշխարհային միջուկային ասոցիացիայի նախագահ Ագնետա Ռիզինգը մտահոգություն հայտնեց, որ ՄԱԿ-ը հրաժարվում է ատոմային էներգիան համարել մաքուր, հատկապես, դեպի մթնոլորտ CO 2 գազերի արտանետումների քանակն այդքան շատացել է: Նրա խոսքով, որոշ երկրներում մարդիկ ատոմային էներգիան համարում են մաքուր, բայց ոչ կանաչ:

Միջուկային ոլորտի ինժեներ Լեոս Թոմիչեկը պատասխանելով լրագրողի հարցին ասաց՝ ատոմային էներգետիկան կանաչ էներգետիկա է: Նրա խոսքով օրինակ Չեխիայի էներգետիկ հաշվեկշռում մեծ դեր է խաղում միջուկային էներգետիկան: Նրա խոսքով հողմակայանների արտադրած էլեկտրաէներգիան ավելի էժան է, բայց թույլ քամիների կամ դրանց բացակայության դեպքում պետք է այն փոխել մեկ այլ էներգիայով: Բացի այդ, մասնագետը գտնում է, որ հողմային եղանակով էլեկտրաէներգիա ստանալիս էլ էկոլոգիական խնդիրներ են առաջանում: Մասնագետի կարծիքով, միջուկային էներգիան էներգետիկ հաշվեկշռում պետք է լինի: Իսկ ինչ վերաբերում է, այն հարցին, թե միջուկային էներգետիկան անվտանգ չէ, ապա Լեոս Թոմիչեկը խորհուրդ է տալիս, մարդկանց կասկածները փարատելու համար գիտական հետազոտությունների հիման վրա ապացույցներ ներկայացնել, թե ինչու է այն անվտանգ: Նրա կարծիքով մարդկանց մոտ այդ մտավախությունն առաջացել է Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ատոմակայանների վթարից հետո, ինչի հետեւանքով այդքան մարդիկ մահացան:

Մեկ այլ մասնագետ էլ ասաց, որ մարդկանց գիտակցությունը բարձրացնելու, նրանց կրթելու խնդիր կա. «Դուք չեք կարող տեսնել Ռադիացիան կամ շոշափել: Իրականում հիմա ռադիացիան խնդիր չէ: Բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ են մշակվել ատոմակայանների անվտանգությունը բարձրացվել է: Օրինակ` Ֆրանսիան իր էներգիայի 75 տոկոսը ստանում է ատոմակայանից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Սոչի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031