Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր հայրենիք կերտելու կոչ

Մայիս 17,2018 18:27

Հարգելի պարոն Փաշինյան ջան…

Ջան-ը հենց միայն հայկական է, մեր բառն է եւ Ձեր նկատմամբ այս բառի պարբերաբար կիրառումը առավել քան տեղին է, Ձեր ձեռնարկած համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել ներկայիս աշխարհի քաղաքակրթության մեջ, ինչով որ Դուք արժանի տեղ եք զբաղեցրել գործող իշխանությունում, հայոց եւ ոչ միայն հայոց, ողջ աշխարհի պատմության մեջ եզակի հեղափոխություն, որտեղ արյուն չթափվեց եւ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխության նման ելքը պայմանավորված էր նաեւ իշխանությունների՝ մասնավորապես պարոն Սերժ Սարգսյանի հանդուրժողականությամբ, (չեմ կարծում, որ կմոռացվեն պարոն Սարգսյանի հետեւյալ խոսքերը «… ես սխալ էի ,Նիկոլը ճիշտ …..», դրանք ապաշխարանքի էին նման եւ արժանի իրական գնահատանքի), միեւնույն է աշխարհի ներկայիս քաղաքակրթությունում Դուք արեցիք անհնարինը, ինչի պայմաններում Ձեզ մեկ բան է մնում անելու՝ պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Ինչ ունենք այսօր, ունենք Ձեզ ի դեմս առաջնորդի, որին ժողովուրդը պարզապես սիրում է, սիրում է ի սրտե, ինքս էլ ունեմ այդ զգացողությունը, ի դեմս առաջնորդի, որը սեր եւ հանդուրժողականություն է քարոզում, ի դեմս առաջնորդի ում հաջողվեց հեղափոխել մարդկանց հոգիները, ով ստիպել է եւ դեռ կարող է ստիպել մարդկանց նորովի եւ ազատ մտածել, վտանգավոր շրջափուլ, որտեղ թե հանրապետության տարածքում եւ թե հանրապետությունից դուրս տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։ «Նաիրիտի» աշխատակիցների, տաքսիստների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, նախադպրոցական, դպրոցական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, զինկոմիսարիատի ծառայողների, Ձախ Հարութի համերգը տապալողների և այսպես շարունակ բողոքի արտահայտման ձեւեր, որոնք թե արդարացի են եւ թե անարդար։

«Նաիրիտի» աշխատակիցների պահանջը միանգամայն արդարացի է, բայց որոնք են այդ պահանջի լուծման գործիքներն այսօր, այս պահին, պահանջի հիմքում ընկած է Նաիրիտի արտադրանքը պահանջարկ ունեցող դարձնելը, բավարար է միայն ապահովել պահանջարկ, արտադրությունը կապահովվի, որն էլ կբերի «Նաիրիտի» աշխատակիցների արդարացի պահանջի բավարարում, բայց միթե կարելի է դա կազմակերպել բողոքի ակցիայով մի կառավարության դեմ, որը հաշված օրեր է, ինչ ձեւավորվել է։

«Սասնա ծռերի» կողմնակիցների պահանջն ինչով է արտահայտվում՝ Դատարանին որոշում ընդունել պարտադրելով, հեղափոխության օրերին անկախ Դատարան ունենալու կոչերը չվերջացող էին, բողոքի ակցիայով ինչ ենք պահանջում այսօր, այսօր պահանջում ենք, որ «Սասնա ծռերի» կողմնակիցների պահանջը Դատարանը բավարարի, այդ դեպքում ուր մնաց դատական իշխանության անկախությունը, որի գաղափարախոսությունը դարձել էր նաեւ հեղափոխության գաղափարախոսություն։

Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների դժգոհության իրական նպատակը դարձել է Տարոն Մարգարյանի քաղաքապետ չլինելը եւ բողոքի ակցիայում այսպես կոչված «առաջին գծում» հանդես եկողը Ալեն Սիմոնյանն է, որի անունը որպես քաղաքապետի թեկնածու արդեն իսկ շահարկվել էր։

Կառուցապատվող տարածքի պաստառները պատռելով պետք է գեղեցիկ Երեւան ունենանք,եթե ապօրինի ծառահատում է տեղի ունեցել, ապա դրա գրագետ ձեւը հանցագործության մասին հաղորդում տալն է եւ ոչ թե այդ թեման շահարկելով բողոքի ակցիաների իրականացման ճանապարհով Մարգարյանի հրաժարական պահանջելը, արդյոք ունենք այն հարցի պատասխանը, որ Ալեն Սիմոնյանը կամ մեկ այլ անձ ավելի լավ քաղաքապետ կլինի, ավելինը կանի մեր մայրաքաղաքի համար, քան Մարգարյանը, այս հեղափոխության հաջողության գրավականը յուրաքանչյուրիս հեղափոխվելու մեջ է, չեմ կարծում, որ այս հեղափոխության հաջողության գրավականը գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում անձերի փոփոխության մեջ է։

Համացանցով երկու օր շարունակ որպես գլխավոր դատախազի հավանական թեկնածու շահարկվում էր Է. Մարուքյանի անունը, հաստատ այդ շահարկումը ինքնանպատակ չէր։ Մասնագիտական առումով ստացվել է այնպես, որ ինքս ունեմ պաշտպանյալներ, որոնց առաջադրված մեղադրանքներն ակնհայտ անհիմն են, բայց դա իմ կարծիքն է, որի պաշպանության համար իմ աշխատանքը կատարում եմ վարույթն իրականացնող մարմնում եւ Դատարանում, արարքների որակման առումով ունեմ հստակ բողոքներ դատախազության դեմ ի դեմս Դատախազի, որը այդ գործերով տվել է կոնկրետ իրավական գնահատականներ, բայց դա չի նշանակում, որ պարոն Դավթյանը վատ իրավաբան է, վատ մարդ է, կամակատար է, ճիշտ հակառակը, նա փայլուն իրավաբան է, լավ մարդ է, այնքանով, որքանով որ անձամբ եմ տեսել, թե ինչպես է աղոթում պատարագների ժամանակ ի տարբերություն նախկին իշխանության կազմից շատերին, որոնք պարզապես ներկա էին գտնվում պատարագներին։

Դպրոցի տնօրենի նկատմամբ իրականացված բողոքի ակցիայի հետքերով հարուցվում է քրեական գործ կաշառքի մեղադրանքով, բայց երբ խորությամբ ես հետեւում ակցիայի նախաձեռնողի ելույթին, տողատակում տեսնում ես տնօրենի նկատմամբ ունեցած զուտ անձնական հակակրանքը։

Մի՞թե Ձախ Հարութի երգերը այդքան օտար էին դարձել եւ բողոքի ակցիայով արդարացի էր նրա համերգի բոյկոտումը, ես զգացել եմ, թե ինչպես են նրա երգերը հասնում մարդկանց հոգիներին, այն որ Ձախ Հարութին պարոն Սարգսյանը պարգեւատրել է, դեռ չի նշանակում, որ Ձախ Հարութը պակաս հայրենասեր է, դա դեռ չի նշանակում, որ Ձախ Հարութը ոգեւորված չէ հեղափոխությամբ, այս հեղափոխությունը նույնիսկ ընդդիմադիր որոշ հանրապետականների է ոգեշնչել, էլ չեմ ասում մեր հարեւան ազգերին, այն որ Ձախ Հարութը ոմանց պես չի վերադարձրել Նախագահի կողմից շնորհված պարգեւները, դա դեռ չի նշանակում, որ վերադարձնողներն են համաժողովրդական շարժման հետ եւ ոչ «ձախ Հարութները», որոնք իրենց վաստակով են պարգեւատրվել եւ ոչ անձով։

Պարոն Փաշինյան ջան, մարդիկ կես կատակ կես լուրջ ամեն հարցի պատասխան տալուց առաջ ասում են «Նիկոլը ոնց կասի», այս նամակը գրելու ընթացքում արդեն տեղեկացա, որ ասել եք, նույնիսկ մինչեւ ժամը 15:00-ն բողոքի ակցիաները ավարտելու «ժամ եք դրել» մի պարզ հիմնավորմամբ, «ինչ ենք անում, մենք հո մեր դեմ չենք պայքարում»։

Թող Ձեր կամքը կատարվի, ստեղծենք հայրենիք, որտեղ սիրո եւ համերաշխության մթնոլորտում դադարեն չվերջացող թվացող անհնազանդության ակցիաները, դրանք թող վերածվեն հզոր հայրենիք կերտելու ուժի, հայրենիք որտեղ չի լինի աղքատություն եւ գործազրկություն, հայրենիք, որտեղ ամեն մարդ իր արժանավոր տեղը կունենա, հայրենիք, որտեղ դեմոկրատիան անարխիա չի դառնա, հայրենիք, որի տնտեսությամբ կարող ենք դառնալ «Սինգապուր», մենք աշխատասեր են, հայ մարդուն դա կհաջողվի, այսօր դրա համար քիչ բան է պետք՝ քանդելու փոխարեն կառուցել, թեւեր կտրելու փոխարեն թեւեր տալ, մարդուն ներելու եւ ներված լինելու ուժ տալ, սեփական վաստակն ունենալու, հոգեւոր սնունդի ու ապաշխարության հնարավորություն տալ։

Հզոր հայրենիք կերտելու գործում Ձեր վճռականությանը վստահում եմ, միլիոնների հասնող մարդիկ են վստահում Ձեզ, Դուք եք բացահայտ վստահում ժողովրդին այսօր ամեն բան ունենք երազի երկիր հայրենիք ունենալու համար եւ ուրեմն հզոր հայրենիք կերտելու կոչով դադարեցրեք չվերջացող անհնազանդության ակցիաները, որոնցում ընդամենը պետք է սեր եւ հանդուրժողականություն դնել, Աստված Ձեզ պահապան….

Հարգանքներով՝

ՀՀ Փաստաբանների պալատ, փաստաբան Լուսինե Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031