Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր գեղանկարիչ Հովհաննես Փիլոյանը մերժել Մինասին

Հունիս 06,2018 14:00 Share

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացված գեղանկարիչ Հովհաննես Փիլոյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը հետաքրքրել էր ոչ միայն մասնագետներին, այլեւ արվեստասեր հասարակայնությանը: Պատճառը մեկն է՝ անվանի գեղանկարիչը կյանքի օրոք երբեք չի ունեցել անհատական ցուցադրություն: Նա 40 տարի դասավանդել է ներկայիս Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրում (նաեւ հանդես է եկել արվեստի պատմության մասին դասախոսություններով) եւ իրեն նվիրել սերունդ կրթելուն: Ցուցադրության նախաձեռնողը նկարչի դուստրն է՝ ճանաչված արվեստագետ, դարձյալ գեղանկարիչ Նանա Փիլոյանը:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Փիլոյանը հայտնեց, որ վաղուց էր որոշել գոնե մեկ անգամ ներկայացնել հոր աշխատանքները եւ այն իրականացրեց այսօր՝ Հովհաննես Փիլոյանի ծննդյան օրը: Իսկ հայրը կդառնար 82 տարեկան:

«Չգիտեմ ինչու, հայրս սիրահարված էր Սյունիքի գեղատեսիլ բնությանը: Հաճախ էր լինում Գորիսում՝ ստեղծելով իսկապես անզուգական էտյուդներ, որոնք ոչ միայն ինձ, այլեւ նրա գործընկերների համար իսկապես անկրկնելի կտավներ են: Հիշում եմ, մայրս հաճախ կատակում էր, ասելով՝ ախր բացի գորիսյան բնաշխարհից, ողջ Հայաստանն է «թաղված» նման գեղատեսիլ միջավայրում: Հայրս էլ, որի արմատները Վանից են, համբերատար, երեխայի միամտությամբ «դասախոսություն» էր կարդում, կարծես մորս «համոզելով», որ Գորիսի բնությունը ուրիշ է: Ի դեպ, 1950-ականների սկզբներին հայրս 5-րդ կուրսի ուսանող էր, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր Արա Սարգսյանի հորդորով նա բացեց իր՝ մինչ այս միակ անհատական ցուցահանդեսը: Իսկ հետո ստացվեց այնպես, որ նա իրեն նվիրեց սաներին ու պարզապես ժամանակ չուներ զբաղվել իր կարիերայով»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Հորս սաները վաղուց գործունեություն են ծավալում աշխարհով մեկ եւ ամեն տարի նրա ծննդյան օրը յուրովի են շնորհավորում՝ ներկայացնելով իրենց եւ իրենց սաների ստեղծագործությունները: Տարբեր տարիների արտասահմանից ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ, օտարազգի նկարիչները գրում են, թե հայ գեղանկարչի արվեստի հիմքը նրա ազգի անցյալն ու ապագան են բնանկարի ժանրում: Հավելելով, որ այդ ստեղծագործություններն աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ ու դինամիկությամբ… Մեր տուն հաճախ էին այցելում գեղանկարի անվանի դեմքեր: Մայրս պատմում է, որ երբ Մինասը ցանկություն է հայտնել կտավին հանձնել հորս դիմանկարը, նա դժվարությամբ է համաձայնել, ասելով՝ տաղանդավոր նկարիչ ես, դիմանկարիս փոխարեն հերթական գլուխգործոցդ ստեղծիր… Մինասն էլ հումորով հակադարձել է՝ դա իմ գործն է, ինձ մի թելադրիր… Ես էլ քեզ չեմ հորդորում հանգիստ թողնել զանգեզուրյան բնաշխարհը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մինասի՝ «Հովհաննես Փիլոյան»
դիմանկարը:

«Առավոտ»

05.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930