Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի բնակչի գանգատի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը «ժամկետ է տվել»

Հունիս 06,2018 14:30 Share

Սյունիքի մարզի դատարանը կայացրել է կալանքի հետ կապ չունեցող որոշում՝
առանց կողմերին լսելու, թույլատրել է կալանավորում անորոշ ժամկետով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատգամավորական սեկցիայի ռեգիտրար Ռենատա Դիջեների կողմից ստացվել է պատասխան, որ «Թոսունյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի նախնական քննությունից հետո սեկցիայի նախագահը, ում գործը մակագրվել է, որոշել է դատարանի կանոնակարգի համաձայն՝ «գանգատի մասի ծանուցումը տրամադրել Հայաստանի կառավարությանը եւ հրավիրել նրան՝ գրավոր առարկություններ ներկայացնել գանգատի ընդունելիության եւ ըստ էության քննության վերաբերյալ գանգատաբերի կողմից նշված ենթադրյալ խախտման մասին»:

2016թ. 4 տարվա ազատազրկման դատապարտված 59-ամյա Հակոբ Թոսունյանը ձերբակալվել էր 2012թ. սեպտեմբերի 6-ին՝ վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 2-րդ մաս): Նրան մեղադրանք է առաջադրվել եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից կալանավորել են երկու ամսով:

Քննիչի միջնորդությունը որոշմամբ հաստատել է դատարանը, հիմնավորելով, թե առկա է «ողջամիտ կասկած», որ Հակոբ Թոսունյանը կատարել է այդ հանցագործությունը, իսկ գործի նյութերին ծանոթանալով, դատարանը հանգել էր այն եզրակացության, թե ազատության մեջ մնալով՝ Հ. Թոսունյանը կխոչընդոտի միջդատական վարույթում եւ դատարանում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա՝ «գործի համար էական նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, կամ կեղծելու ճանապարհով»:
ՄԻԵԴ ներկայացնելիս գանգատաբերի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, տեղեկացրել էր նաեւ, որ այդ ժամանակ դիմել են գրավի միջնորդությամբ, ինչը նույն հիմքով դատարանը մերժել է:

2012թ. դեկտեմբերի 8-ին Հակոբ Թոսունյանին առաջադրվում է մեկ այլ մեղադրանք՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու հանցակցության համար» (ՀՀ քրեական օրենսգրքի 38 եւ 349 հոդվածներով):
Դրանից հետո դատարանը հինգ անգամ բավարարել է քննիչի միջնորդությունները՝ երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետները:

Նկատենք, որ դարձյալ նույն հիմքով, նույն պատճառաբանություններով՝ կխոչընդոտի, կազդի:

2013թ. օգոստոսի 30-ին դատարանը երկարացրեց Հակոբ Թոսունյանի կալանքը, որի ժամկետը պետք է լրանար սեպտեմբերի 6-ին, այսինքն՝ 15 օր առաջ:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել եւ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

2013թ. սեպտեմբերի 30-ին դատավորը որոշել է դատաքննության անցնել, իսկ կալանքն էլ թողնել «անփոփոխ»: Պաշտպանական կողմը չորս անգամ ներկայացնում է միջնորդություններ՝ խափանման այլընտրանքային միջոց՝ գրավ կիրառելու մասին, ինչը դարձյալ մերժվել է դատարանի կողմից: Մեկ տարի հետո՝ 2014թ. հոկտեմբերի 2-ին դատարան է ներկայացվում մեկ այլ միջնորդություն, որում Հ. Թոսունյանը նշում է, որ 2013թ. սեպտեմբերի 18-ից սկսած իր կալանքը կամայական եւ ապօրինի է եղել:
2015 թվականի հունվարի 27-ին քրեական գործի վարույթը անցնում է մեկ այլ դատավորի, որը նույնպես կալանքը թողնում է անփոփոխ եւ հանգելով՝ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու հիմքեր չկան, վերացնելու նույնպես չկան: Հետեւեցին պաշտպանի ութ միջնորդությունները:

Գանգատաբերը բողոքում է Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտման համար, այն է՝ դատարանը թույլատրել է կալանավորել իրեն անորոշ ժամկետով, այդ պատճառով իրեն չի տրամադրվել «որոշման կամայականությունից անհրաժեշտ պաշտպանություն», չի բավարարվել իր օրինական պահանջները: Դատարանները չեն ունեցել բավարար հիմքեր՝ կալանավորման համար, իր «մինչդատական կալանքը» եղել է «ողջամիտ ժամկետ» պահանջի խախտմամբ: Գանգատի քննությունը կառուցվելու է «կալանքի ենթադրյալ անհամատեղելիության» եւ Կոնվենցիայով ամրագրված «ողջամիտ ժամկետ»-«անհրաժեշտ, բավարար պատճառների» շրջանակներում:
Այս գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը «ժամկետ էր տվել»՝ կառավարությունն իր առարկությունները պետք է ներկայացներ մինչեւ այս տարվա մարտի 28-ը:

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հիշեցրել էր կանոնակարգով նախատեսվածը. «Խնդրում եմ, մինչ դատարանի կողմից պահանջվելը մի ուղարկեք որեւէ գրավոր փաստարկ կամ նյութ: Ցանկացած չպահանջված փաստարկ, որպես կանոն, դատարանի կողմից չի ներառվում գործի նյութերում եւ հաշվի չի առնվում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Կառավարությանը ՄԻԵԴ-ն առաջարկել է մինչեւ մարտի 28-ը «այս գործի բարեկամական կարգավորման վերաբերյալ» ներկայացնել դիրքորոշումը եւ այդ կապակցությամբ իրենց առաջարկները:

«Առավոտ»

05.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930