Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Միրիբյան. «Բրազիլական ջիու-ջիցուն պրակտիկ մարտարվեստ է»

Հուլիս 20,2018 13:30

Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ֆեդերացիայի գործունեության մասին գրեթե ոչինչ չի գրվում: Մարզաձեւին անդրադառնալու առիթ եղավ բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն, սեւ գոտի հինգերորդ դան Ալբերտո Քրեյնի այցը Հայաստան եւ Արցախ: «Առավոտը» այդ օրերին զրուցեց նաեւ Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Միրիբյանի հետ:

-Հակիրճ ներկայացրեք ձեր ֆեդերացիան:

-Ֆեդերացիան հիմնադրել ենք 2012 թվականին, թեեւ մարզումներն սկսել ենք ավելի վաղ: Ֆեդերացիայի կազմում գործում է միջազգային գրանցում ունեցող մեկ ակումբ՝ «Ռիո գրեփլինգը»: Այսօր մեր ֆեդերացիայում մշտապես մարզվում է տարբեր տարիքային խմբերի եւ որակավորման շուրջ 50 մարզիկ:

-Ասացիք, որ միջազգային գրանցում ունեցող մեկ ակումբ կա: Միջազգային մրցումների մասնակցող մարզիկներ ունե՞նք:

-Այո: Եվ ոչ միայն մասնակցում են, այլեւ մեդալներ են նվաճում, այդ թվում՝ նաեւ ես:

-Ջիու-ջիցուն տարածվա՞ծ մարզաձեւ է աշխարհում:

-Այո, հատկապես բրազիլական ջիու-ջիցուն եւ Ռիո-գրեփլինգը, որոնք գրեթե նույն մարզաձեւն են եւ միայն կանոնների մեջ որոշակի տարբերություն կա: Այս երկու մարզաձեւերը ճապոնական ավանդական ջիու-ջիցուից տարբերվում են իրենց ավելի պրակտիկ լինելով: Սեր մարտարվեստը, ինչպես նաեւ յուրաքանչյուր այլ մարտարվեստ, կարծում եմ, շատ կարեւոր է կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար: Առողջ մարմին, առողջ կենսակերպ եւ ֆիզիկական ակտիվություն ունենալը պարտադիր է մեր յուրաքանչյուր քաղաքացու համար: Իսկ թե մենք ինչու ենք ընտրել հատկապես բրազիլական ջիու-ջիցուն եւ գրեփլինգը, այս մարզաձեւերն իրենց գործնական առավելությունն ու կիրառելիությունը ապացուցում են խառը մենամարտերում: Ի տարբերություն այլ մարտարվեստների, մեր մարզաձեւում հաղթանակներ տանել գեղեցիկ շարժումներով՝ առանց մրցակցի հետ կոնտակտային պայքարի, հնարավոր չէ: Այստեղ իրական մենամարտեր են, շատերի աչքի համար գուցե տգեղ, բայց՝ պրակտիկ: Տգեղ արտահայտությունը փոխաբերական իմաստ ունի: Ջիու-ջիցուն իրականում շատ նման է շախմատին, որտեղ քո եւ մրցակցիդ բոլոր քայլերը պետք է կարողանաս հաշվարկել: Եվ հաղթում է նա, ով ավելի արագ է կռահում մրցակցի կատարելիք գործողությունները:

-Ձեր ասածներն իրենց մեջ ագրեսիա չե՞ն պարունակում:

-Ցանկացած մարտարվեստ նախ եւ առաջ ինքնապաշտպանություն է, հակահարձակումը՝ հակառակորդի չեզոքացում տարբեր տեխնիկական հնարքներով: Իսկ մեր մարզիչներն ու մարզիկներն առօրյա կյանքում շատ ավելի համեստ են::

-Հայաստանում բրազիլական ջիու-ջիցուի իսկապես որակյալ մարզիչներ կա՞ն: Մյուս մարտարվեստներում դրանք կասկածելիորեն շատ են ու սեւ գոտիների պակաս չկա:

-Մեր մարտարվեստում մարզիչների եւ մարզիկների որակավորման հարցը շատ խիստ է դրված ամբողջ աշխարհում: Պարզապես, հնարավոր չէ, ասենք, հինգ տարի մարզվել եւ սեւ գոտի ստանալ: Դրա համար պահանջվում է շատ երկար տարիների ամենօրյա քրտնաջան աշխատանք ու մարզումներ: Ու դեռ երաշխավորված չէ, որ անգամ դրանից հետո մարզիկը կամ մարզիչը որակավորում կստանա: Մենք դեռ սեւ գոտի ունեցող մարզիչ չունենք: Եթե շատ տաղանդավոր ես, սեւ գոտի կարող ես ստանալ առնվազն տասը տարի հետո: Տեսեք, Ալբերտո Քրեյնը սեւ գոտի հինգերորդ դան որակավորում ունի: Ջիու-ջիցուում հինգերորդ դան գոտի ստանալու համար պահանջվում է 30-35 տարի, եթե սպորտում ես:

-Իսկ «Ռիո-գրեփլինգ» ակումբն ինչպե՞ս է միջազգային գրանցում ստացել:

-Հեշտ չի եղել: Անձամբ ես պարբերաբար մի քանի ամսով որակավորման գործնական դասընթացներ եմ անցել ԱՄՆ-ի առաջատար ակումբներում, այդ թվում նաեւ՝ Ալբերտո Քրեյնի: Մեր ֆեդերացիան հրավիրում է աշխարհում հայտնի ու առաջատար վարպետների, որոնք այստեղ մարզում եւ սեմինար պարապմունքներ են անցկացնում մարզիկների եւ մարզիչների հետ: Հիմա այստեղ է Ալբերտո Քրեյնը, մոտ օրերս ԱՄՆ-ից Երեւան կժամանի մեկ այլ հանրահռչակ մարզիկ, հայազգի աշխարհի բազմակի չեմպիոն Էդվին Նաջմին, որն իր քաշային կարգում լավագույնն է աշխարհում, օգոստոսին սպասում ենք «Ռիո-գրեփլինգ» ակումբների հիմնադիր, բրազիլացի Ռոբերտո Ատալանի երրորդ այցին, որն ամբողջ աշխարհում ավելի քան 130 ակումբ է հիմնադրել: Ի դեպ, մեր ակումբը հենց նրա մասնակցությամբ Հայաստանում հիմնադրվել է 2013 թվականին: Պարոն Ատալանի այցի ավարտին նախատեսվում է արդեն որակավորումների շնորհում:

-Դուք Հայաստանի ուժային կառույցների հետ համագործակցո՞ւմ եք:

-Այո, համագործակցում ենք այն մասով, որքան նրանց անհրաժեշտ է եւ հետաքրքիր իրենց աշխատանքային գործունեության մեջ:

-Ձեր մարզաձեւով զբաղվելու համար տարիքային կամ ֆիզիկական տվյալների սահմանափակում կա՞:

-Կա տարիքային միայն նվազագույն շեմ, դա ութ տարեկանն է: Մենք ունենք տարբեր ծրագրեր՝ ուժային կառույցների, փողոցում ինքնապաշտպանության, սպորտային, երեխաների, անգամ ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցողների համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

19.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031