Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում առողջապահության ոլորտի մասնագետները դժգոհում են՝ ոլորտում խնդիրները շատ են

Օգոստոս 02,2018 12:57

Լոռու մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչների համար ոլորտային խնդիրները գրեթե նույնն են: Առողջապահական հիմնարկների ղեկավարներն առաջին հերթին դժգոհում են ցածր աշխատավարձից ու ապահովագրության բացակայությունից. «Մեր բուժաշխատողների սոցփաթեթի հարցը ես բարձրացնում եմ բոլոր նախարարների մոտ: Բայց այն ոչ մի կերպ չի լուծվում: Բուժաշխատողները բոլորի սոցփաթեթն ապահովում են, բայց իրենք այդ սոցփաթեթից չեն օգտվում: Եթե միջոցներ չկան, 100 տոկոսով չեն կարողանում, գոնե 70 տոկոսով ապահովեն: Խոսքս առողջապահության ապահովության մասին է»,- ասում է Ջրաշենի ամբուլատորիայի տնօրեն Արտավազդ Թոսունյանը:

Ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր հանդիպում: Մարզպետի հրահանգով այսուհետ մարզում բժշկի մոտ կոնսուլտացիան նախկին 5000 դրամի փոխարեն կարժենա 3000 դրամ. «Ոչ թե բժշկից կկտրենք այդ 2000 դրամները, այլ հիվանդանոցից»,- պարզաբանեց մարզի ղեկավարը:

Այնինչ, ոլորտի մասնագետները այս որոշման հետ համաձայն չեն. «Պարոն մարզպետ, էժան բանը երբեք որակով չի կարող լինել: 3000 դրամով բժիշկը, որ կոնսուլտացիա անի, այստեղ մի քիչ որակի խնդիր էլ ունենք: Մենք բժշկին ուղարկում եք վերապատրաստման, որ ինքը վճարում է, սարքավորման խնդիր ու այլ հարցեր կան: Բժիշկը պետք է նորմալ վարձատրվի, որպեսզի ինքն աշխատի իր որակի վրա: Անցել են այն ժամանակները, որ բժիշկը չի մտածում, որակի մասին: Բժիշկը պետք է ապահովի որակ, որպեսզի ունենա հիվանդ եւ գումար վաստակի օրինական ճանապարհներով»,- ասում է Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արտակ Եդոյանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման մասին. «Ես որ ասում եմ պոլիկլինիկայի որակն ու դերը պետք է բարձրացնենք, դա ձեզ անձնական վիրավորանք մի ընդունեք: Ձեր մեղավորությունը կարող է դրա մեջ շատ քիչ տոկոս է: Այդտեղ կան բազմաշերտ խնդիրներ՝ բժիշկների որակ, մասնագիտացում եւ տարբեր այլ խնդիրներ: Երբ որ դա բարձրանա, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- պարզաբանեց փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ շատ հաճախ հիվանդը պոլիկլինիկական ծառայությունից օգտվելու փոխարեն անմիջապես դիմում է հիվանդանոց, օգտվում վճարովի ծառայությունից: Բայց կարող էին դիմել թաղամասային պոլիկլինիկա: Տաշիրի բժշկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանն էլ Ղուկասյանի խոսքին այսպես արձագանքեց. «Դրա պատճառն այն է, որ պոլիկլինիկան մասնագետ չունի: Իսկ մասնագետ ինչի՞ չունի, որովհետեւ աշխատավարձ չի ստանում: Մեր բժիշկներն աշխատում են, աշխատանքի փոխարեն մտածում են, թե որտեղից փող աշխատեն: Նույնիսկ ապահովագրություն չունենք»:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի համար բարձրացրած հարցերի շարքում կարեւոր է նաեւ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Բժշկի խոսքով՝ դա էլ իր հերթին է խանգարում իրենց աշխատանքին. «Չեմ ուզում բնակչին վիրավորել, բայց տեղեկատվության մակարդակը բավականին ցածր է: Այս խնդիրը պետք է մի ձեւով լուծենք: Մենք շփվում ենք մարդկանց հետ, որոնք ոչ մի բանից տեղյակ չեն, միայն պահանջատեր են: Խնդրանքս, թե՛ Լոռու մարզն ենք օգտագործում, թե՛ որեւէ մի բան, թե՛ 5000 դրամ ենք տալիս տեղեկատվություն ենք վարձում, չգիտեմ, բայց սա գերխնդիր է դարձել: Ես իմ աշխատանքի 30 տոկոսը գնում է բնակչի հետ զրույց»:

Մարզպետարանում էլ խոստանում են՝ բարձրացված խնդիրները կփոխանցեն առողջապահության նախարարին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031