Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մարդիկ ավելի ու ավելի ուշադիր են սեփական առողջության նկատմամբ: Այդ մասին վկայում են էկոլոգիապես մաքուր սննդի և խնամքի միջոցների խանութների, քաղաքից դուրս գնված բնակարանների ու նույնիսկ գյուղ տեղափոխվելու ցանկացողների աճող թվերը: Մարդիկ փորձում են պակասեցնել վնասակար ազդեցությունները օրգանիզմի վրա և հենց այս համատեքստում էլ, որպես առաջնային թիրախներից մեկն ընտրել են ծխախոտը: Անհնար է չնկատել քաղաքում լայն տարածում ստացած նիկոտին մատակարարող տարատեսակ սարքերը: Սրճարաններում ու փողոցներում կարելի է տեսնել մարդկանց, որոնք բանավիճում են այդ սարքերի՝ սիգարետի համեմատ ավելի կամ պակաս վնասակար լինելու մասին։ Ոմանք վստահ են՝ նույն բանն է, ոմանք հակառակվում են՝ ավելի քիչ է վնասում, երրորդները թե՝ սիգարետից էլ է վնաս, մի խումբն էլ քիչ է մնում փաստի, որ տաքացնող սարքերը առողջարար են։ Վերջինը ծայրահեղ վիճելի պնդում է․ դժվար է պատկերացնել նիկոտին պարունակող արտադրանք, որը մարդուն չվնասի, ուր մնաց թե առողջարար լինի։
Այստեղ, թերևս ռիսկերը նվազագույնին հասցնելու մասին պետք է խոսվի: Փորձենք հասկանալ խնդիրը:
Ծխախոտի ծխի վնասակարությունը նվազեցնելու փորձերը սկսվել են դեռ 1960-ականներին: Սկզբնական ռազմավարություններն ուղղված էին ավանդական ծխախոտի վնասակարության մակարդակի նվազեցմանը (Baker et al., 2004; Hoffmann et al., 2001): Հետագայում, երբ պարզ դարձավ, որ ծխախոտի ծխի առավել վտանգավոր միացությունները ձևավորվում են այրման հետևանքով, գիտնականները սկսեցին աշխատանքներ տանել ավելի ցածր ջերմաստիճանի միջոցով վնասակարության նվազեցման ուղղությամբ: Ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է հաստատել վնասակար նյութերի և նիկոտինի այն նվազագույն մակարդակը, որը հնարավոր է ապահովել նորարար կամ վերամշակված ծխախոտային արտադրանքի միջոցով:
Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR) “Թունաբանության արխիվներ” պարբերականում հրապարակված ուսումնասիրության[1] արդյունքներով հաստատվել է, որ տաքացման համակարգերի արտանետած գոլորշում հիմնական քաղցկեղածին տարրերի մակարդակը՝ ավանդական ծխախոտի ծխի հետ համեմատած զգալիորեն քիչ է: Արտադրող կազմակերպությունների պնդումն այն մասին, որ գոլորշու մեջ ուսումնասիրված վնասակար և պոտենցիալ վնասակար 9 տարրերի մակարդակը 80%-ից մինչև 99-ով նվազում են, նույնպես իրական է: Սա, բնականաբար, հանգեցնում է առողջապահական ռիսկերի զգալի նվազեցմանը, ինչը, այնուամենայնիվ, չի նշանակում նրանց իսպառ բացակայությունը:

Ուսումնասիրության առաջատար հետազոտող Ֆրանկ Հենկլեր-Ստեֆանին նկատել է, որ BfR կարող է հաստատել, որ ծխախոտի տաքացման համակարգերը պարունակում են զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր իրենց գոլորշու մեջ և ակնկալում է, որ վնասակար նյութերի այս էական կրճատումն անդրադառնում է նաև առողջության վրա:
Ըստ գերմանացի մասնագետների, կարևոր է նաև հասկանալ այդ արտադրանքի երկարաժամկետ ազդեցությունը հանրային առողջության վրա:
Ծխախոտի և նիկոտին մատակարարող այլընտրանքային սարքերի մասով հարցերը շատ են, վեճերն ու քննադատություններն էլ: Բոլորը հասկանում են, որ ծխելը վնասակար է առողջությանը, և եթե իսկապես կան միջոցներ, որոնք վնասը կնվազեցնեն, կօգնեն նվազեցնել թոքերի քաղցկեղի կամ այլ հիվանդությունների ռիսկը, թերևս արժե ուսումնասիրել և անցում կատարել դրանց: Սակայն, սա բնավ չի նշանակում, որ այդ սարքերը լիովին անվնաս են. դա պետք է միշտ հիշել:
[1] https://link.springer.com/article/10.1007%2Fs00204-018-2215-y















































