Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ հանրային գնումներում՝ ուղղված էներգարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի զարգացման ապահովմանը

Օգոստոս 07,2018 21:51

Այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի ունեցավ հանրային գնումներում էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր քննարկել ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները, քննարկել բարեփոխումներ իրականացնելու և համապատասխանաբար հանրային քաղաքականությունների մշակման և կիրարկման անհրաժեշտությունը։

Աշխատաժողովը կազմակերպվել է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագիրն իրականացնում է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ», «Աջակցություն բարեփոխումներին», «Կանայք կլիմայում և էներգետիկայում», «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոալիցիան:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց տվյալ նախաձեռնությունը՝ նշելով, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակն է ստեղծել է ՔՀԿ-ներից բաղկացած կոալիցիա, որը կառավարության և ոլորտային կառույցների հետ կառուցողական երկխոսության միջոցով կիրականացնի համապատասխան բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նշեց, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագիրն իրականացնող քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիայի ներկայացուցիչների հետ, քննարկվել են ոլորտին վերաբերող արդյունավետ մեխանիզմների մշակման հարցեր:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը և  կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեցին «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչներն ու նախատեսվող արդյունքները, համայնքային գնումների գործընթացում էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող քաղաքականության մշակման և համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, գործող էլեկտրաէներգետիկ շուկայի կանոնակարգման համատեքստում համայնքային տնտեսության մեջ վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորությունները, որոնց շուրջ տեղի ունեցան քննարկումներ։

Աշխատաժողովին մասնակցում էին պետական գերատեսչությունների, ՏԻ մարմինների, հանրային ծառայություններ իրականացնող կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ժամանակ հնչեցին մի շարք դիտարկումներ և առաջարկություններ, որոնք կհավաքագրվեն, կմշակվեն և, ըստ անհրաժեշտության, տեղ կգտնեն նախատեսվող հանրային քաղաքականության մեջ:

Աշխատաժողովի արդյունքում ստեղծվեց նաև աշխատանքային խումբ, հետագա գործընթացները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031