Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՃ-ն առաջարկում է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորությունը

Օգոստոս 08,2018 11:37 Share

Մինչև 2011 թվականը Հայաստանում փոքր ՀԷԿ-երի տեղակայված հզորությունների համար առավելագույն շեմ էր հաստատված 10 ՄՎտ-ը։ Դա շատ ճիշտ մոտեցում էր, որը համապատասխանում էր ինչպես մեր գետերի ջրաբանական և ձևաբանական առանձնահատկություններին, այնպես էլ միջազգայնորեն ընդունված պրակտիկային։

Բայց 2011 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով առաջարկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը: Հատկանշական է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը կառավարությանը որպես հիմնավորում ներկայացրել էր ընդամենը մի փաստարկ․ «Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու նպատակով» (տես կառավարության 08․09․2011թ․ նիստի օրակարգի վերջին կետը)։ Հատկանշական նաև, որ այդ որոշման նախագծին կից տեղեկանք-հիմնավորման մեջ ոչ մի պետական կամ այլ կառույցի կարծիք ներկայացված չէ՝ ինչը պարտադիր արվում է կառավարության որոշումներ ընդունելուց առաջ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը այս խնդիրը ժամանակին ուսումնասիրել է և պարզել, որ այս որոշումն ընդունվել է միայն մեկ տնտեսվարողի՝ «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերության, շահերը սպասարկելու համար, որպեսզի էլեկտրաէներգիայի գնման սակագնի բարձրացման արդյունքում կտրուկ ավելանան նրանց եկամուտները։ Դեռ 2015 թվականին հրապարակված «Տարեկան 1,5 միլիարդ դրամ է նվիրվում «ՁորաՀԷԿ»-ի սեփականատերերին» հոդվածում հակիրճ նկարագրված է վերոնշյալ որոշման իրական նպատակն ու ակնհայտ կոռուպցիոն, հովանավորչական բնույթը։

Նշենք նաև, որ 2011 թվականից հետո 10-30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող և ոչ մի նոր ՓՀԷԿ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կառուցվել։

Հաշվի առնելով վերոնշյալը, և ՀՀ նոր կառավարության կողմից որդեգրած գաղափարախոսությունը՝ առաջարկում ենք քննարկել և ընդունել հետևյալ որոշումը փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին․

«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորությունը»:

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031