Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներ երաշխավորել են «Սասնա ծռեր» խմբի անդամի համար

Օգոստոս 08,2018 12:50 Share

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանի (լուսանկարում) շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ ազատ արձակելու միջնորդություն: Վերջինիս հիմքում պատգամավորական երաշխավորագրերն էին:

Դատարան ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը եւ հաստատեցին՝ ստանձնում են պատասխանատվություն առ այն, որ ազատության մեջ գտնվելով՝ Գագիկ Եղիազարյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ ու կներկայանա դատական նիստերին:

Մեղադրող-դատախազ Արամ Արամյանը միջնորդության դեմ չառարկեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր:

Նկատենք, որ վերջերս Եղիազարյանին կալանքից ազատելու միջնորդություն էր ներկայացվել առանց պատգամավորական երաշխավորագրերի եւ մերժվել:

«Ծառուկյան», ինչպես նաեւ «Ելք» խմբակցությունների պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա զինված խմբի անդամների մի մասն ազատված է կալանքից:

Գագիկ Եղիազարյանը, ինչպես եւ խմբի անդամների մեծ մասը, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու-կրելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու եւ պատանդառություն կատարելու համար: Մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը նա աչքի է ընկել քաղաքացիական ակտիվությամբ՝ մասնակցելով մի շարք բողոքի ցույցերի ու նախաձեռնությունների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031