Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի առանձնահատկությունները, առկա հնարավորությունները, կարիքներն ու առաջնահերթությունները գույքագրելով և ի մի բերելով` մարզպետարանը և համայնքը մշակելու են իրենց հետագա ծրագրերը

Օգոստոս 08,2018 13:10

Ամառային երեկոն հրավեր էր կարդում. հրավիրողը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն էր, հրավիրյալները` տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ` երկար ճանապարհ անցած կամ դեռ նոր կենսագրություն գրող, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: Իր համաքաղաքացիների կողքին էր նաև Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ով արդեն 2-3 նման հանդիպում էր անցկացրել` արձանագրելով մարդկանց առաջարկները և դիտարկումները:

«Բոհեմ» արվեստանոց-թեյարանում մի քանի ժամ միավորվեցին և բաժանվեցին տեսակետները, և այդ ինքնատիպ խաչմերուկում հնչած առաջարկությունների, արված դիտարկումների առանցքում զարգացած, բարեկարգ, ներկայանալի Սևան ունենալու գաղափարն էր ու մեծագույն ցանկությունը:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպման սկզբում նկատեց, որ իրենք կարևորում են յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը, և տարբեր սերունդների երկխոսությունը, մի հարկ տակ հավաքելը դրա վկայությունն է: «Հանդիպումների նման ձևաչափն օգնում է առավել լավ տիրապետել այս կամ այն համայնքի խնդիրները, լսել այն մարդկանց, ովքեր ունեն տեսակետ, ասելիք: Մեծահասակների ու ավագների փորձառությունը, անցած ճանապարհը պետք է համադրել երիտասարդների եռանդին, հավակնոտ առաջարկներին, որի արդյունքում էլ ունենալու ենք ցանկալի իրավիճակ»,- նշեց մարզպետը:

Հանդիպումը հնարավորություն ընձեռեց Սևանի երեկը տեսնել նոր լույսի տակ, այսօրը վերլուծել, վաղը ուրվագծել, առկա խնդիրներն ու լուծման ուղիները մատնանշել, ու շղթան էլ բավականին երկար էր` տնտեսություն, զբոսաշրջություն, կրթություն, մշակույթ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև սիրո մթնոլորտ:

Մարդիկ իրենց ափի մեջ առան Գագարինի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակավայրի կարգավիճակի հստակեցման հարցը, աշխատատեղերի ստեղծումն ու գործազրկությունը, զբոսաշրջությունն իր ենթատեսակներով` էկո, արկածային տուրիզմ, հյուրատների ցանցի գործարկումը և հարակից շատ հարցեր:

Ինչպես նշեց մարզպետ Սաղաթելյանը, մարզի զարգացման համար կա երկու գերակա ուղղություն` գյուղատնտեսություն և տուրիզմ, այլ հարց է թե դրանք ինչպես պետք է զարգանան, ինչը պետք է կարևորվի և թիրախավորվի, ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձ կատարեցին Սևանա լճի հիմնախնդիրներին: Սևանից շատ բան է վերցվել, ժամանակն է նաև վերադարձնելու, ու պետությունն էլ այս հարցում պետք է ունենա իր որոշիչ դերը:

Հարցադրումների մյուս շղթան ներառում էր տարածաշրջանում հնարավոր ներդրումների հավանականությունը, բիզնես միջավայրի զարգացումը, պետություն-մասնավոր հատված-համայնք համագործակցությունը, գրավիչ միջավայրի ստեղծումը, զարգացման հեռանկարների հստակեցումը:

Այսօր համայնքի համար առաջնահերթություններ են ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների բարելավումը, դրան զուգահեռ մասնակիցները կարևորեցին կանաչ տարածքների մշակումը, ժամանցի վայրերի ստեղծումը:

Երիտասարդներից շատերը նկատեցին, որ չպետք է թերագնահատել կրթության դերը, տեղեկատվական հոսքերի կառավարումը, հանրայնացման աշխատանքների կազմակերպումը: Եթե ցանկանում ենք ստեղծել զբոսաշրջային միջավայր, անպայման պետք է «դրսից եկողին ինչ ենք մատուցում» հարցադրումը լինի առանցքային` ենթակառուցվածքների բարելավումից մինչև ուղեցույցների տպագրություն:

Հնչող դիտարկումները և կարծիքները, հարցադրումներն ընդմիջվում էին մարզպետ Սաղաթելյանի և համայնքի ղեկավար Մուրադյանի դիտարկումներով, ուղղորդումներով, համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ:

Սևանի ավանդույթների վերականգնման ճանապարհին էլ վաղուց մոռացված քանդակների սիմպոզիումը պետք է վերադարձնել քաղաք, տասնամյակներ առաջ, որպես սիմպոզիումի արդյունք` քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված բացառիկ քանդակներին շունչ տալ, ինչու չէ, Սևանում ունենալ խորհրդանիշ` Սևանա սիգ արձանի տեսքով, հիմնել ծառուղի քաղաքի կյանքում հետագիծ թողած մարդկանց անունների հիշատակմամբ:

Իհարկե, շատ հարցերի լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ և ռեսուրսներ, սակայն կան նաև այնպիսի հարցեր, որոնք հնարավոր է լուծել առանց միջոցների ներգրավման կամ հրահանգների. ներքևից եկած նախաձեռնությունը կարող է ցանկալի արդյունք տալ, եթե լինի համախմբում, սրտացավություն:

Համայնքն ունի մարդկային բավարար ռեսուրս, կան նախադրյալներ, ունի պատրաստակամ և գործն առաջ տանող համայնքի ղեկավար. այս ամենը հաջողության գումարելիներն են, որոնց վրա պետք է հենվել:

Անշուշտ, մեկ հանդիպման շրջանակներում հնարավոր չէր ներառել ամեն ինչ, սակայն արված շեշտադրումները բավարար էին եզրահանգումներ կատարելու համար:

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը սևանյան հանդիպումը համարեց հաջողված և արդյունավետ, որը միաժամանակ մի շարք ծրագրերի ու ձեռնարկների սկիզբը կարող է լինել, նոր նախաձեռնությունների մեկնարկ:

Սևանի առանձնահատկությունները, առկա հնարավորությունները, կարիքներն ու առաջնահերթությունները գույքագրելով և ի մի բերելով` մարզպետարանը և համայնքը մշակելու են իրենց հետագա ծրագրերը, առաջիկա անելիքները, իսկ հանդիպումն էլ ենթադրում է շարունակություն, որը շատ չի ուշանա:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031