Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքարարների 68 հատորանոց գործը Վճռաբեկ դատարանում դարձել է 73 հատոր

Սեպտեմբեր 12,2018 13:00

Այս օրերին «Սանիթեքի» աշխատանքների մասին խոսում են շատերը: Իսկ «Կենտրոն-մաքրություն» ընկերության աշխատակիցները չորս տարուց ավելի է, հայտնվելով դատարաններում, խոսում են այն մասին, թե իրենց ներքաշելով քրեական գործում, իրականում անհասկանալի, ոչ տեղական կազմակերպության առաջ կանաչ լույս վառեցին, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք: «Հավաքարարների գործն» ուսումնասիրելու դեպքում պարզ կդառնա, թե ինչպես են աշխատել մարդիկ, թե ինչու են երբեմն ավելի հաստիք պահել, որպեսզի խղճուկ աշխատավարձ ստացող հավաքարարը, ասենք՝ երեսուն հազար ստացողը, կարողանա «Պլանի գլխից» Մյասնիկյան պողոտան մաքրի:

Դատակոչված վկաները երկու հարյուրից ավելի էին, որոնք տարատեսակ ցուցմունքներ էին տվել: Ուշադրության արժանի էր այն հանգամանքը, որ վկաները, որոնցից շատերը միջնակարգ կրթություն էլ չունեին, ունեին առողջական լուրջ խնդիրներ, առաջին անգամ էին դատարանում, աշխատել են հավաքարարներ, պատկերացում չունեին իրենց իրավունքների մասին:
Հավաքարարներից մեկը հայտնել էր, որ 2002 թվականից աշխատում է «Կենտրոն սանսեկտրում», մաքրում է 3 դրույք, մաքրում է Հանրապետության հրապարակը, «Արմենիա» հյուրանոցի մոտից մինչեւ փոստի մոտ։ Նախապես 1-2 ամիս ստացել է «Պրոսպեկտը», ապա եկել է Վ. Սարգսյան փողոց, իսկ դրանից հետո մինչ օրս մաքրում է հրապարակը։ Աշխատավարձը նախկինում ավելի ցածր էր՝ մոտ 40.000 ՀՀ դրամ, ապա «մաքուրով» 80.000 դրամ է:

Մեկ այլ վկա էլ հայտնել էր, թե տարածքը, որը մաքրել է, եղել է 1 դրույք՝ նախատեսված մեկ անձի համար։ Մասնավորապես, մաքրել է Ամիրյան փողոցը, կառավարության շենքի վերջը, բացի դրանից, մաքրել է նաեւ այն անձանց փոխարեն, ովքեր գտնվել են արձակուրդի մեջ։ Ամեն օր կատարել է մաքրման աշխատանքներ։
Վարորդ վկաներն էլ հայտնել էին, թե ինչպես են ավտոմեքենաները շահագործել, այն գազով էր, սակայն առավոտյան շարժիչը աշխատեցնելու համար ստացել են բենզինի կտրոն՝ յուրաքանչյուր ամիս՝ 150 լիտր:

«Կենտրոն-մաքրություն» ՓԲ ընկերության պատասխանատու Արթուր Հովհաննիսյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, եղբորը՝ Սամվելին, որը նախկինում եղել է նույն ընկերության տնօրենը, դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման, սակայն այն պայմանական երեք տարով չի կիրառվի: Արմեն Խաչատրյանի 5 տարի 5 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված վերջնական պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
Դատարանը հաստատված էր համարել Գագիկ Հարությունյանին, Հրայր Հակոբյանին, Ռոբերտ Խաչատրյանին, Գյուլիզար Շամոյանին, Սամվել Եղոյանին, Գարեգին Գասպարյանին, Հունան Տեր-Հովհաննիսյանին, Միսակ Հարությունյանին, Տիգրան Հովհաննիսյանին, եւ 13-րդ ամբաստանյալին՝ Սամվել Պապոյանին մեղսագրված արարքները: Նրանք քաղաքի մաքրությունն ապահովող բրիգադիրներն էին, պահեստապետներ, կադրերի պատասխանատուներ:

Կալանքի տակ միակ գտնվողին՝ Արթուր Հովհաննիսյանին, մասնավորապես, մեղադրանք էին առաջադրել այն բանի համար, որ նա 2007թ. ապրիլից մինչեւ 2013թ. սեպտեմբերը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն- մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաեւ ինժեների պաշտոնները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, շահադիտական նպատակով, նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրսգրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, ու այդ եղանակով Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 12390585 ՀՀ դրամ: Բացի այդ, 2009 թվականի հունվարին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի եւ Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են՝ խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ միջոցներ, հաշվարկված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի` 251197450 ՀՀ դրամ:

«Առավոտը» լուսաբանել է դատական ողջ գործընթացը՝ ընդհանուր իրավասության դատարանից վերաքննիչ, եւ սպասում ենք վճռաբեկ բողոքների քննությանը:
Ըստ դատարան ներկայացված բժշկական փաստաթղթերի, Ս.Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է «Ռեյնեի հիվանդություն՝ մատների արյան շրջանառության զգալի խանգարումով» եւ «Երկկողմանի սկանելուս սինդրոմի, մատների զարկերակների ստենոզի (ափային աղեղի երկու կողմից) դոպլեր պատկեր»։

Գ. Շամոյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, տառապել է շաքարային դիաբետ տիպ 2 ծանր աստիճանի հիվանդությամբ, Գ.Գասպարյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, միջին ծանրության։ Ա. Խաչատրյանի մոտ ախտորոշվել են բազմաթիվ հիվանդություններ: Ունենք կենսաթոշակառուներ, որոնք այդպես էլ չեն ընդունել այն մեղադրանքը, թե իրենք խախտել են «Աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների գնման պայմանագրերով» սահմանված` Կենտրոն վարչական շրջանի սանիտարական մաքրման ծառայությունների տեխնիկական բնութագրով նախատեսված չափորոշիչներին համաձայն աշխատանքները, որ ներկայացրել են աշխատանքների կատարման համար կեղծ տվյալներով կազմված փաստաթուղթ. ընկերությունում գրանցված, սակայն փաստացի չաշխատող անձանց տվյալներով աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում կեղծ տվյալներ գրանցելով՝ գումարներ են հափշտակել, ստանձնելով «խմբում» որոշակի դերակատարում։

68 հատորանոց գործը մոտ երեք տարվա դատաքննությունից հետո լսվեց նաեւ վերաքննիչ դատարանում: Այս տարվա մայիսի 7-ին դատարանն ամփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը:
Հուլիսի 16-ից այն Վճռաբեկ դատարանի վարույթում է:
Օգոստոսի 16-ին ամբաստանյալներ Սամվել Պապոյանի եւ Միսակ Հարությունյանի պաշտպան Մ. Ալավերդյանի վճռաբեկ բողոքը դատարանն իր որոշմամբ վերադարձրել է, տալով երեք օր ժամանակ այն շտկելու համար, Գագիկ Հարությունյանի պաշտպան Հ. Բաբայանի վճռաբեկ բողոքը նույնպես վերադարձվել է բողոքի ձեւական սխալները շտկելու, եւ այն կրկին ներկայացնելու համար դատարանը սահմանել է 15-օրյա ժամկետ: Ի դեպ, Արթուր եւ Սամվել Հովհաննիսյանների պաշտպան Գ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը նույն օրվա որոշմամբ վերադարձվել է,
եւ այն կրկին ներկայացնելու համար դատարանը սահմանել է 5-օրյա ժամկետ` սույն որոշումը ստանալու պահից: Հրայր Հակոբյանի պաշտպաններ Կ. Սարդարյանի եւ Դ. Շախրամանյանի վճռաբեկ բողոքի ձեւական սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է 5 օր: Վերադարձվել է նաեւ Սամվել Եղոյանի եւ Ռոբերտ Խաչատրյանի պաշտպան Ա. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ բողոքների քննության օրը դեռ նշանակված չէ, սակայն զեկուցող դատավորի անունը հայտնի է՝ Ելիզավետա Դանիելյան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930