Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են թելադրում երեւանյան ընտրությունների արդյունքները

Սեպտեմբեր 25,2018 22:00

Հետխորհրդային բարքերով Հայաստանն այլեւս անցյալում է

Սեպտեմբերի 23-ին Հայաստանում կայացան առաջին մեծ ընտրությունները թավշյա հեղափոխությունից հետո. Երեւանում տեղի ունեցան ավագանիների խորհրդի արտահերթ ընտրությունները։
ԿԸՀ-ն հայտարարել է նախնական արդյունքները, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքը ստացավ երեւանցիների պարզապես անվերապահ աջակցությունը։ Եվ չափազանց կարեւոր է, թե ինչպես ընթացավ քվեարկությունը՝ լարված եւ որոշ չափով նյարդային նախընտրական քարոզարշավից հետո։

Հետխորհրդային Հայաստանի իրողությունները, որոնք գոյություն ունեին առնվազն մինչեւ ս.թ. մայիսը, կարծես անհնարին պետք է դարձնեին այն փաստը, որ ոչ մի լրագրող, վստահված անձ, դիտորդ չծեծվեց, չառեւանգվեց, չնսեմացվեց, չեղավ լցոնում, «կարուսել», բնամթերքի եւ փողի բաժանում։ Չեղավ գործադիր իշխանության կողմից որեւէ ոչ ֆորմալ հրահանգ բյուջետային հիմնարկներին, երթուղայինների գծատերերին, «ընդհատակ» էր անցել «թաղային հեղինակություն» համարվող կոնտինգենտը, առանց որեւէ պարտադրանքի երեւանցիները քվեարկեցին հօգուտ Հայկ Մարությանի՝ Փաշինյանի թիմակցի դաշինքի։

Պարզ է, որ սա սոսկ քաղաքային իշխանության խնդիր չէր. Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց խաղադրույքները՝ ընտրությունից մի քանի օր առաջ հայտարարելով, որ հօգուտ Մարությանի տրված ձայները ձայներ են հօգուտ արտահերթ ընտրությունների, եւ չպարտվեց։ Հաշված ժամեր անց՝ արդեն Նյու Յորքում, գտնվելով տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, Փաշինյանը հայտնեց, որ մտադիր է Երեւան վերադառնալուն պես նախաձեռնել խորհրդակցություններ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ խորհրդարանն արձակելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։
Հաստատապես, դեռ վաղ է խոսել հետհեղափոխական փուլի մասին, Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, եւ Հայաստանի կառավարության ղեկավարը եւ նրա քաղաքական թիմը ստացան ավելի քան մանդատ՝ առաջանցիկ տեմպերով շարունակելու եւ ավարտին հասցնելու այդ հեղափոխությունը, ինչը կայանում է նրանում, որ այլեւս ոչ մեկի եւ ոչ մի բան չներկայացնող ներկայիս Ազգային ժողովը դարձել է երկրի ապակայունացման գլխավոր աղբյուրը եւ քաղաքականությունը ժամանակին համահունչ բովանդակությամբ լցնելու գլխավոր խոչընդոտ։ Այս Ազգային ժողովն անելիք չունի այլեւս։

Առկա են բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանը Նոր տարին դիմավորի նոր Ազգային ժողովով եւ նոր կառավարությամբ, որը կունենա հնգամյա մանդատ եւ հնարավորություններ՝ արմատական փոփոխություններ երկրում կատարելու համար, առաջին հերթին՝ տնտեսական դաշտում, ինչը երկրի կայուն զարգացման, խնդրահարույց երկրներից եւ տարածաշրջաններից հայրենադարձության հիմքեր կդնի։

Դժվար չէ նկատել, թե ինչ մեծ եւ չարդարացված ռիսկեր է պարունակում մինչեւ մայիս առկախված մնացած քաղաքական համակարգը, որտեղ կա հեղափոխական կառավարություն եւ ուղղակի հակապետական գործունեությանը լծված Ազգային ժողով, որտեղ մի քանի տասնյակ ստորագրություն է հավաքվում, ասենք, հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, կամ «խորհրդարանական պատվիրակություն» են կարգում ԵԽԽՎ, որտեղ «հայկական պատվիրակության» հռետորաբանությունը մեկին մեկ համընկնում է, ասենք, Իլհամ Ալիեւի վերջին շրջանի «մտահոգություններին»։
Քաղաքական դաշտի վերաֆորմատավորման թափանիվը սկսել է իր պտույտը՝ ասպարեզից հանելով ապաքաղաքական տարրերին կամ էապես նվազեցնելով նրանց կշիռը։ Եվ այն պետք է Երեւանից թափ հավաքելով անցնի ողջ երկրով, ուստի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչեւ Նոր տարի այլեւս այլընտրանք չունեն։ Մնում է հուսալ, որ խորհրդարանական ուժերը կընդունեն միակ ճիշտ որոշումը, ինչպես դա տեղի ունեցավ ս.թ. մայիսի 8-ին, եւ գործը չեն հասցնի նոր «մայիսի 1»-ի՝ ապակայունացնելով իրավիճակը։

Իսկ ՀՀԿ-ին մնում է համահունչ լինել ստեղծված մթնոլորտին, երբ նույնիսկ ԲՀԿ-ն խոհեմաբար հետեւեց «Լույս» դաշինքի օրինակին եւ շնորհավորեց հաղթանակած ուժին։ Սա ոչ թե անձնական, նույնիսկ քաղաքական նախասիրությունների խնդիր է, սա ուղղակի հասարակական պահանջ է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։

Եվս մեկ խնդիր կա, որի լուծումն անհրաժեշտ է ձեւավորվող քաղաքական համակարգի ներքին ամրության եւ ընդհանրապես՝ ազգային անվտանգության տեսակետից։ Դա ընդդիմության խնդիրն է։ Ո՞վ է այսօրվա՝ հասարակական աջակցություն եւ անվերապահ լեգիտիմություն վայելող իշխանության ընդդիմությունը։

Հասկանալի է, որ խոսք չի կարող գնալ ինչ-որ քաղաքական ուժին «ընդդիմություն նշանակելու» մասին, ինչը նշանակում է դաշտը մի տեսակի քաղաքական աղբից մաքրելուց հետո լցնել ուրիշ տեսակի աղբով։

Օբյեկտիվորեն ներկայիս իշխանությունն առաջինը պիտի շահագրգռված լինի, որպեսզի հավասարակշռվի քննադատություն ձեւակերպելու եւ այլընտրանքային գաղափարներ գեներացնելու ընդունակ քաղաքական ուժով կամ ուժերով։ Կյանքը վաղ թե ուշ ստիպելու է, որ այդպիսի ուժերը ձեւավորվեն, եւ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, քանզի Հայաստանի պարագայում սխալների գինը կարող է լինել անընդունելի աստիճանի բարձր, իսկ ընդդիմություն չունեցող իշխանությունն ի սկզբանե եւ սկզբունքորեն խոցելի է։ Պարզապես անհրաժեշտ են դրան նպաստող ազդակներ հասարակությանը՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններին ընդառաջ, որ ընդդիմադիր գործունեությունն ամենեւին էլ չի նշանակելու հակահեղափոխականություն կամ հակապետականություն։ Խոսքը ներկայիս Ազգային ժողովի մանդատը հարկատուներիս հաշվին՝ երկրի ներսում եւ դրսում իշխանության եւ պետության նկատմամբ պարզունակ խափանարարության, դեզինֆորմացիայի, սփոյլինգի (spoiling) եւ թրոլլինգի (trolling) գործիքի վերածածների մասին չէ։ Թեեւ այդպիսի գործունեությամբ նրանք կարող են շարունակել զբաղվել, եթե կարողանան վերահաստատել իրենց մանդատն արտահերթ ընտրությունների արդյունքներով, եթե դրա համար քվե ստանան քաղաքացիներից, թող փորձեն, օրենքով արգելված չէ։ Պարզապես պետք է հասկանալ մի պարզ բան, որ հետխորհրդային բարքերով Հայաստանն այլեւս անցյալում է։

Ի գործ, պարոնա՛յք, մենք ժամանակ չունենք։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

25.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    43 տոկոս մասնակցութիւնը պատկառելի թիւ է, որեւէ քաղաքապետական ընտրութիւններու համար: Սակայն վստահաբար ոչ՝ հանրաքուէի մը համար: Այդ ալ, յեղափոխական հանրաքուէ մը:

    Իսկ եթէ այդ հանրաքուէն սահմանափակուած է մէկ քաղաքով, այս պարագային, Յեղափոխութեան էբիկեդրոնն էր ան , եւ օրեր շարունակ Յեղափոխութեան ղեկավարը, անձամբ, հարթակների վրայէն ոչ մէկ ջանք խնայեց, որ ժողովուրդը անպայման երթայ եւ իր մասսայական քուէ տայ այդտեղ Յեղափոխութեան, Պարոն Փաշինյանի խօսքերով իսկ՝ որպէս զօրակցութեան անհրառեշտ նշան իր ղեկավարած շարժումին:

    Այս պարզաբանումը առարկայականօրէն ան հերքելի է, բայց հաճելի չէ, բնաւ: Որովհետեւ դէպքերու ներկայ դրութեամբ, նախընտրելի պիտի ըլլար որ նոր իշխանութիւնը իսկապէս, համացանցային եւ հանրահաւաքներու աղմուկէն անդին, ամուր իրականութեան մէջ ալ ունենար ժողովրդային մասսայական եւ եռանդուն աջակցութիւն: Որպէսզի, անկախաբար որեւէ անձնական զգացումներէ, գոնէ բոլոր առողջ մտքերը մի քիչ հանգստանան որ շուտով կայունութիւն կը գոյանայ այդ վտանգուած եւ դիւրաբեկ երկրին մէջ::

    Բոլոր հին ուժերը պէտք է որ քաշուին, արագօրէն, ու քաղաքական բեմն ու ղեկը լիովին յանձնեն նոր իշխանութեան, ինչպէս որ կատարեց նախկին վարչակարգի պետը: Յետոյ է որ անոնցմէ մաքուր, ատակ եւ արժանի եղողները կրնան բանակցիլ իրենց վերադարձի հնարաւորութիւնը պետական ծառայութեան մէջ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930