Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին. վարչապետը խորհուրդ է հարցրել մի փորձված դիվանագետից՝ ինչպե՞ս վարվենք

Նոյեմբեր 01,2018 16:01

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրքվեց, թե ինչ տեսլական ունի հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:

Փաշինյանը պատասխանեց. «Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք էր գնում մեր երկրի իրավիճակի մասին, եւ ամբողջ աշխարհում այդ մարդը համարվում է շատ փորձված դիվանագետ, ես նրան ներկայացրի ՀՀ իրավիճակը: Ասացի՝ տեսեք, մեր 4 սահմաններից 2-ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը ԼՂ հակամարտության պատճառով, եւ Թուրքիայի հետ սահմանը, ընդ որում, նույնպես Ղարաբաղի հակամարտության պատճառով, որովհետեւ դա աբսուրդ է, երբ մի երկիր մյուս երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ նրանց ունեցած հարաբերություններով: Մենք ունենք 2 սահման, կարող է թվալ, թե այդ սահմանները բաց են, բայց իրականում դրանք կիսաբաց են, որովհետեւ, օրինակ, հայ-իրանական սահմանը ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ եւ Իրանի միջեւ հարաբերությունների ու աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների ու աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: Նրան ասացի, որ հիմա, փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի: Նրան հարցրի, քանի որ շատ փորձված դիվանագետ եք, կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչպես պետք է այս պայմաններում վարվի ՀՀ-ն: Սա վերջին փաստարկն էր, որ փորձված դիվանագետին օգնեց ընդունել այն դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք մենք բերում էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ:

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կարող եմ ասել նույնը, ինչ ասվել է միշտ, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների այդ հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում` խնդրում եմ, որեւէ մեկը որեւէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ որեւէ կերպ նսեմացնում ենք 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետեւ Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար միջազգային անվտանգության խնդիր է, ու դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման շարժման համաշխարհային ու միջազգային գործընթացին: Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ, սահմանը փակ է Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության պատճառով, եւ դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին հարկադրանքի եւ սպառնալիքի ճանապարհով կարող է մղել ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, ինքը սխալվում է»:

Փաշինյանը վստահեցրեց, որ եթե պարտադրանք ու հարկադրանք լինի, մեր ազգն ավելի կհամախմբվի ու կհասնենք մեր ազգային նպատակների իրականացմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930