Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ երեխայիս զորակոչել են բանակ. 8 օր անց ուշագնաց տեղափոխել են հոսպիտալ ու զորացրել

Նոյեմբեր 08,2018 14:30

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի Նիկոլ Փաշինյան, տրամաբանությունը հուշում է, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է, որ անդրադարձած լիներ մեր երկրի բոլոր ոլորտների վրա, սակայն այն, թե ինչպես վարվեցին որդուս հետ, ապացույցն է այն բանի, որ փոփոխություններն անցել են պաշտպանության նախարարության համակարգի կողքով:
2018 թվականի հուլիսի 19-ին հիվանդ որդուս` Արթուր Մխիթարյանին, որը Գյումրիի բնակիչ է, զորակոչել են բանակ սահմանափակումներով: Չնայած դրան, հենց առաջին օրվանից այդ սահմանափակումներին ուշադրություն դարձնող չի եղել:

Նախքան զորակոչվելը՝ Արթուրն ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ: Նեղ մասնագիտական հետազոտություններ չանցնելու պատճառով նրա մոտ այդ լուրջ խնդիրները չեն հայտնաբերվել: Մենք՝ Արթուրի ծնողներս, բազմիցս պահանջել ենք, խնդրել, որ ավելի խորացված հետազոտություններ կատարեն, սակայն մեր խնդրանքն անտեսվել է:

Արցախի Մատաղիսի զորամասում ծառայություն անցնելու 8-րդ օրը որդուս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ: Տեսնելով, որ զինվորի վիճակը ծանր է, այնտեղից էլ շտապ տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա կրկին ուշագնաց է եղել ու ընկնելու հետևանքով կոտրել է աջ ձեռքի արմունկը: Երկու օր ցավից տառապել է, սակայն հետազոտության չի ենթարկվել: Որպես ցավազրկող նրան մեկ անգամ պարացետամոլ են տվել եւ միայն 3-րդ օրը ռենտգեն հետազոտություն արել՝ պարզել, որ կոտրվածք ունի: Մասնագետը տեղում չի եղել, որ այդ հարցերն ավելի շտապ կազմակերպեն, եւ 4-րդ օրը նոր միայն գիպս են դրել, այն էլ գիպսն անորակ է եղել, չի ֆիքսվել, եւ երեխայիս ձեռքը ծուռ է կպել:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, այսպես ասած` գլխավոր կոմիսիան, նախազորակոչային հետազոտությամբ հաստատել է, որ Արթուրը պիտանի է ծառայության սահմանափակումով` համաձայն ՀՀ կառավարության N 404 Ն որոշման հաստատված ցանկի 10,13,16 հոդվածի գգ կետերի: Բայց քանի որ այս որոշման հետ համամաձայն չենք եղել, նամակ ենք գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ զինվորական դատախազին` խնդրելով, որ երեխան անցնի նեղ մասնագիտական բժշկական հետազոտություն: Մեր նամակի պատասխանները եկան այն ժամանակ, երբ Արթուրն արդեն ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալում էր եւ պետք է տեղափոխվեր Երեւան՝ Մուրացանի հոսպիտալ: Մուրացանի հոսպիտալում, կասկածելով, որ որդուս մոտ հոգեկան խնդիրներ են, տեղափոխեցին Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Այնտեղ պահելով տասը օր, զգալով, որ երեխայի վիճակը կրկին վատանում է, եւ համոզվելով, որ հոգեկան խնդիր չկա, ինչպես որ մենք պնդում էինք, կրկին տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ: Ի դեպ, երբ մեր որդին գտնվում էր Կանազի հոսպիտալում, եւ մենք անորոշ վիճակի մեջ էինք եւ ոչ մի տեղեկություն չունեինք մեր երեխայի առողջության մասին, մի քանի անգամ փորձել ենք հանդիպել Կանազի հոսպիտալի պետ Գևորգյանին կամ ղեկավարությունից ինչ-որ մեկին, բայց ի զարմանս մեզ՝ արհամարհվել ենք:

Դիմել էինք նաեւ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետին: Իմ նամակին շատ արագ արձագանքել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ հանձնարարելով իր խորհրդական Աշոտ Վանյանին զբաղվել այս գործով, եւ այդ ողջ ընթացքում Աշոտ Վանյանը եղել է մեր կողքին, հետևողականորեն զբաղվել մեր հարցով, որպեսզի երեխան լիարժեք հետազոտություն անցնի: Մուրացանի հոսպիտալում բազմաթիվ հետազոտություններ անցնելուց հետո՝ ՄՌՏ եւ այլն, կրկին իմ երեխայի ուշագնացության պատճառը չեն կարողացել հայտնաբերել: Եվ ուղարկելով Կենտրոնական զինվորական հանձնաժողով՝ չեն զորացրել, պարզապես ուղարկել են մայրական խնամքի արձակուրդ: Ու այդ արձակուրդի ժամանակ, արդեն հույս չդնելով պաշտպանության նախարարության վրա, պարտք ենք արել եւ Արթուրին հետազոտել մասնավոր կլինիկայում. անցել ենք ՄՌՏ հետազոտություն, որից հետո միայն բացահայտվել է, որ մեր երեխան ոչ հոգեկան հիվանդ է, ինչպես կասկածում էին, և ոչ էլ խուսափում է ծառայությունից, այլ ունի լուրջ ողնաշարի խնդիրներ, ողնաշարի գոյացություն՝ ուռուցք:
Խորհրդակցելով Պետական վերահսկողական ծառայության հետ՝ հետազոտության արդյունքները տրամադրել ենք Մուրացանի հոսպիտալին, ինչից հետո զգալով իրենց սխալը՝ շատ արագ մեր որդուն կրկին ներկայացրել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովին եւ հաշված ժամերի ընթացքում մեր որդուն ճանաչել ծառայության համար ոչ պիտանի՝ կրկին ուղարկելով արձակուրդ: Արձակուրդից հետ են կանչել այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարը ստորագրել է բժշկական հանձնաժողովի որոշումը:

Ավելի քան վստահ եմ, որ եթե չլիներ վերահսկողական ծառայության գործուն միջամտությունը եւ հետևողականորեն բոլոր հետազոտությունների նկատմամբ վերահսկողությունը, որդուս կրկին հետ էին տանելու ծառայության, եւ Աստված գիտի՝ ինչ կլիներ՝ մենք նրան ողջ կտեսնեի՞նք, թե՞ ոչ:

Ուշագրավ է, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը գրել է, որ Արթուրի հիվանդությունը կապված չէ զինվորական ծառայության հետ եւ չէր կարող հայտնաբերվել զորակոչի ընթացքում: Հարց է առաջանում` եթե կապված չէ, ինչո՞ւ որդուս նախքան զորակոչը նորմալ չէին հետազոտել, որպեսզի հայտնաբերեին տվյալ հիվանդությունները:
Երեք ամիս մեր երեխան տանջանքների է ենթարկվել, թեւը կոտրել է, որը սխալ բուժման հետեւանքով այժմ լիարժեք չի գործում: Հիվանդությունը խորացել է, սրվել է: Մինչ բանակ գնալը որդուս մոտ ուշագնացություն չի եղել: Ոչ պիտանի, անօրինական զորակոչելով բանակ՝ տղաս զորացրվել է փաստացի հաշմանդամ դարձած:

Ո՞վ է պատասխանատվություն կրելու թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական առումով: Այս ընթացքում ստիպված եմ եղել ավտոմեքենաս վաճառել, ունեցվածքս գրավադրել, որպեսզի երեխայիս խնդիրները լուծեմ: Ամեն Երեւան գալ-գնալը 30-40 հազար դրամ գումար է արժեցել` չհաշված Արցախ այցելությունը: Եվ այդպես 3 ամիս շարունակ:

Պահանջում եմ երեխայիս հետագա առողջական խնդիրները լուծել: Նշանակել զինվորական թոշակ՝ որպես բանակում հաշմանդամություն ստացած զինծառայողի:

Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս գործի վրա: Սա համարեք հաղորդում հանցագործության մասին:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ՝ երեխայի հայրը
ՆԱՐԻՆԵ ԱԼՈՅԱՆ` մայրը

«Առավոտ»

07.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930