Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին

Նոյեմբեր 16,2018 15:03

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը բացակա էր, «իսկ Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իմ գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, սակայն ինձ համար առավել քան տարօրինակ է ՀՀԿ խմբակցության՝ քվեարկությանը հաջորդած կոնկրետ շոուին բնորոշ վարքագիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանն, ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Եթե խորհրդարանական ամբիոնից նրանք միմյանց հերթ չտալով բարձրաձայնում էին, որ օրենքով պետք է երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը, ապա ինչո՞ւ էր նրանց խմբակցության կեսը բացակա իրենց բնորոշմամբ այդ խիստ կարևոր քվեարկությունից: Բացի դրանից՝ մենք շատ հիմնավոր ներկայացրեցինք, որ այդ նախագծով կոնկրետ անձի կարգավիճակի վերաբերյալ հարց էր լուծվում, այլ ոչ թե ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքների: Կարծում եմ բոլորն էլ տեսան, որ հենց այսօր այդ նախագծին նախորդող օրինագծին, որը վերաբերվում էր առաքելական եկեղեցուն, «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: Հենց այս պահին էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներով մենք աշխատում ենք կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիությունը երաշխավորող նախագծի վրա և առաջիկա օրերին նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ արտահերթ նիստ անցկացնելու և նախագիծը քննարկման դնելու համար:

Կրկնում եմ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Հայ առաքելական եկեղեցու դավանանքին ու հավատքին մեր հավատարմությունը, պարզապես այստեղ խոսքը կոնկրետ անձերի ինստիտուտին էր վերաբերվում, իսկ մենք նախաձեռնել ենք համակարգային անձեռնմխելիության երաշխիքներ ապահովող նախագծի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը`ՀՀԿ-ի իր գործընկերներին խորհուրդ տալով «նման էժանագին նախընտրական շոուներ կազմակերպելու հարցում գոնե չօգտագործել Հայ առաքելական եկեղեցին ու մեր քրիստոնեական հավատքը»: Նա կարծում է, որ դա առնվազն պարկեշտ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930