Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ այսօր «Սասնա ծռերի» գործով որպես տուժող Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավված նրա հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը (լուսանկարում), հեռացվեց վարույթից: Փոխարենը, որպես Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավվեց նրա այրին՝ Արփինե Թումասյանը: Նա ի սկզբանե տուժողի իրավահաջորդ էր, սակայն վերջերս դատարան էր ներկայացել նրա սկեսրայրը եւ հայտարարել, որ ինքն է ցանկանում ներգրավվել, ապա տեղի էր ունեցել ներգրավումը: Այսօրվա նիստում, սակայն, պարզվեց, որ այդ հարցում անհամաձայնություն է եղել:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նախ նշեց. «Դատարանն արձանագրելով, որ մի ընտանիքից եք, եւ չի կարող տարաձայնություն լինել, որոշել էր հեռացնել վարույթից տիկին Թումասյանին եւ ներգրավել Վահրամ Տեփանոսյանին: Սակայն փաստաբանը հարց է բարձրացրել, որ Արփինե Թումասյանի համաձայնությունը չի եղել Տեփանոսյանի ներգրավման հարցի շուրջ»:
Ապա` Արփինե Թումասյանը հայտարարեց. «Որպես երեք երեխաների մայր՝ իրավունք ունեմ լինել Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդը, եւ պնդում եմ մոտեցումս»: Ապա` պարզաբանեց Վահրամ Տեփանոսյանը՝ տեղեկացնելով, որ ընտանիքում իր որդու մահվան հանգամանքների շուրջ վեճ է եղել. «Հարսիս ասացի, որ իր ամուսնուն սպանել են ոստիկանները, նա էլ ասաց, որ ոչ՝ «Սասնա ծռերը»: Վիճեցինք, հիմա իրար հետ չենք խոսում: Թոռներիս տիրություն եմ անում, հարսիս ցավն էլ տանեմ»:
Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ որոշ ժամանակ անց հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ Վահրամ Տեփանոսյանը դատարանում այլեւս իր որդու իրավահաջորդը չէ:
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը կրակոց էր ստացել ծառայողական մեքենայում նստած: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ Տեփանոսյանի հայրը պնդում է, որ դա ոստիկանների ձեռքի գործն է:
Տեփանոսյանի մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի՝ Aravot.am-ին տված մեկնաբանությունը՝ այստեղ:
Այլ մանրամասները՝ տեսանյութերում:
https://www.facebook.com/aravot.am/videos/1119034264939126/
https://www.facebook.com/aravot.am/videos/2006950066056817/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































