Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի երկարաձգման որոշումն էր քննվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դռնփակ նիստում:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ:
Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը երեկ տեղեկացրել էր, որ իրենք էլ իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին:
Քիչ առաջ Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, այսինքն՝ կալանքը երկարաձգել, իսկ պաշտպանների միջնորդությունը մերժել. «Կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով: Ես հենց նոր դուրս եկա մի դռներից, որտեղ դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ եւ շատ հաջող իր մոտ ստացվում է»:
Պաշտպանն ասաց, որ չի ճանաչում մեղադրյալ, որին վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդության առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ. «Անարդար է նրա նկատմամբ»:
Պաշտպանն ասաց, որ կարծում են, նույն «դաջվածքը» կդնեն նաեւ մյուս ատյանների դատավորները այս որոշման վրա, հետո կանցնեն նաեւ Վճռաբեկը, հետո իրենք կփորձեն համոզել Մանվել Գրիգորյանին ՄԻԵԴ դիմելու: Հարցին՝ չի՞ ուզում դիմել՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ առայժմ չէ:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանին ծանր մեղադրանք է առաջադրվել, այդ մեղադրանքով արդյոք չպե՞տք է կալանքի տակ մնա՝ Մկրտչյանը պատասխանեց. «Նմանատիպ հոդվածներով մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են: Սրանք ցուցադրական որոշումներ են: Նախկին իշխանության օրոք կար այսպիսի արտահայտություն՝ մեր դեմ խաղ չկա: Սա մի վարույթ իրականացնող մարմին մեզ ուղղակի ցույց է տալիս, որ մեր դեմ խաղ չկա, այսինքն՝ ուզում եք դատարան դիմեք, ուզում եք՝ դատախազին միջնորդություն գրեք, ցանկացած պարագայում մեր դեմ խաղ չկա ֆորմուլան աշխատում է: Մենք սովոր ենք դրան, մենք ապրել ենք «մեր դեմ խաղ չկա»-ների մեջ, հիմա մեր դուռն է չոքել, կշարունակենք պայքարել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































