Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգայինը մեր բոլորի թատրոնն է

Դեկտեմբեր 13,2018 12:30

Թատրոնն այն շենքը չէ, որում տեղի են ունենում ներկայացումները, ՊՈԱԿ-ի կանոնադրությունը եւ կնիքը չեն. թատրոնը մի գաղափարի շուրջ հավաքված մարդկանց խումբն է: Այսօր Համազգային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակն ստիպում է մտածել նաեւ այս հարցի մասին: Ժամանակին Համազգային թատրոնը՝ անկախ Հայաստանում ստեղծված առաջին թատրոնը ձեւավորվեց այն գաղափարների շուրջ, որոնց գլխավոր կրողը Սոս Սարգսյանն էր: Թե ինչ գաղափարներ էին դրանք, հասկանալի դարձավ արդեն առաջին ներկայացումներից՝ իննսունականների հովհարային անջատումների պայմաններում դերասանները գործում էին երբեմն մոմերի լույսի տակ եւ անգամ այդ պայմաններում տեսանելի էր՝ այստեղ կենտրոնում է դերասանը: Միայն թե սխալ չհասկանաք, դերասան ասելով նկատի չունենք միայն Սոս Սարգսյանին, ամենեւին. բեմում յուրաքանչյուր դերասան երեւում էր իր անհատականությամբ՝ Արամայիս Կարագյոզյան, Կարինե Ջանջուղազյան, Կարեն Ջանիբեկյան, Դավիթ Հակոբյան, Աննա Էլբակյան եւ էլի շատերը: Սա արտիստական թատրոն էր բառիս իսկական իմաստով: Գուցե պատճառն այն էր, որ այս դերասաններն արդեն ունեին որոշակի փորձ, համբավ, ինքնուրույն դեմք: Կարծում եմ, դա երկրորդական էր, իրական պատճառն այն էր, որ թատրոնի հիմնադիրը դերասան էր, բազում ռեժիսորների հետ աշխատած եւ ստեղծագործական ազատության արժեքը սեփական փորձով ճանաչած մեկը:

Երկուհազարականների սկզբին, երբ թատրոնը համալրվեց երիտասարդ դերասաններով, պատկերը չփոխվեց: Նրանց անունները շատ արագ հայտնի դարձան թատերասերների լայն շրջանակին. Տաթեւ Ղազարյան, Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Գագիկ Մադոյան, Ստեփան Ղամբարյան, Մխիթար Ավետիսյան, Վարշամ Գեւորգյան, Կարեն Խաչատրյան… Եվ ամենակարեւորն այն էր, որ այս թատրոնում երբեք չզգացվեց ռեժիսորական դիկտատուր կոչվածը: Տարբեր բեմադրիչներ ոտք են դրել այստեղ, բայց միշտ տեսել ենք համատեղ ստեղծագործական աշխատանք: Երբ տարիներ առաջ մի թատերախոսական էի գրել «Մարիանի քմայքները» բեմադրության վերաբերյալ, Արման Նավասարդյանը կարդալուց հետո ինձ ասաց, թե դրվագը, որտեղ իր հերոսը մի քանի անգամ ճանապարհի կեսից ետ է դառնում եւ դրանով զավեշտալի տրամադրություն բերում, ոչ թե ռեժիսոր Սերժ Ավետիկյանի մտահղացումն էր, ինչպես ես էի կարծել, այլ անմիջապես փորձի պահին առաջարկվել է հենց դերասանների կողմից: Այլ կերպ ասած՝ դերասաններն իրենց երեւակայությունը կարող էին տանել անգամ ռեժիսորի տիրույթ: Սա առավել ակնհայտ էր հենց Սոս Սարգսյանի իրականացրած բեմադրությունների մեջ, անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դերասանները բեմում գործում են ազատորեն, խաղում են ու իրենց խաղից հաճույք ստանում:

Այսօր Համազգային թատրոնում մի կոնֆլիկտային վիճակ է, որը սպառնում է ոչ միայն թատրոնի հետագա հաջողություններին, այլեւ առհասարակ գոյությանը: Եվ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կոնֆլիկտն իր հիմքում ստեղծագործական է: Վիգեն Չալդրանյանի նշանակումը երկու տարի առաջ ողջունեցին շատերը, իսկ ես ունեի որոշակի կասկածներ, որոնք կարծես թե այսօր իրականություն են դարձել: Կինոն եւ թատրոնը բավական տարբեր են իրենց սպեցիֆիկայով: Թատրոնը դերասանի արվեստ է, այստեղ դերասանն է որոշիչը, հանդիսատեսը բեմում հենց նրան է տեսնում եւ նրա միջոցով են ստեղծագործում ռեժիսորը, նկարիչը, դրամատուրգն ու երաժիշտը: Կինոյում դիտողի աչքին ներկայացվում է պատկերն էկրանին եւ այդ պատկերի մշակման տարբեր փուլերում՝ օպերատորի աշխատանքից մինչեւ մոնտաժողը, վերջին խոսքը ռեժիսորինն է: Բնական է, որ այսպիսի փորձառությունից հետո Չալդրանյանը պետք է փորձեր ենթարկել բոլորին իր կամքին, իր պատկերացումներին, բայց նրա առջեւ անհատականություններով համալրված մի թատերախումբ էր: Կոնֆլիկտն անխուսափելի էր: Ստեղծագործական կազմից ոմանք արդեն իսկ դուրս են իրենց թատրոնից. բեմանկարիչ Դավիթ Մինասյանը հեռացավ «իր ցանկության համաձայն», Մխիթար Ավետիսյանի ու Վարշամ Գեւորգյանի ներգրավվածությունը նոր բեմադրություններին համարվեց ոչ նպատակահարմար: Եթե խումբը չընդդիմանար այս պահին, հաջորդ բեմադրություններում բեմում կտեսնեինք, թերեւս, Չալդրանյանի ուսանողներին, ովքեր, իհարկե, կասկածի տակ չէին դնի իրենց վարպետի որեւէ խոսք եւ գաղափար, իսկ թատրոնին դեմք տված, Սոս Սարգսյանի ստեղծագործական գաղափարները կրող դերասաններն աշխատանք կգտնեին այլ թատրոններում, հեռուստանախագծերում եւ ֆիլմերում: Դրանից հետո կարելի էր անցնել վերանվանմանը՝ Վիգեն Չալդրանյանի անվան թատրոն:

Երեւակայությանն ավելորդ ազատություն չտալու համար վերադառնանք փաստերին. այս լարված իրադրության մեջ բոլորին գոհացնող լուծում փնտրելու փոխարեն տնօրեն Վիգեն Չալդրանյանը, անտեսելով դերասանական խմբի վերաբերմունքը, նշանակում է նոր գեղարվեստական ղեկավար, որից հետո էլ հնչում են սպառնալիքներ. թե չեք ուզում, մի աշխատեք, ձեր փոխարեն հարյուր հոգի կգտնենք: Թատրոնը գործարան չէ, որտեղ մի բանվորին մեկ ուրիշով փոխարինելն ընդամենը մի պարզ հրամանի հարց է: Ամեն դերասան իր անհատականությամբ է ստեղծում թատրոնի դեմքը, հատկապես՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դեպքում: Չի կարելի նման ստեղծագործական կառույցին վերաբերվել որպես մի օբյեկտի, որի դեպքում որոշիչն այն է, թե ում է ժամանակին ընտրել նախարարը (կամ նախագահը), թե ում ձեռքում է կնիքը:

ՎԱՍԻԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
արվեստագիտության
թեկնածու, դոցենտ

Հ.Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, Սուրեն Շահվերդյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Նա ասել էր, որ իր համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը եւ ինքը չի հանդուրժի թատրոնի քայքայումը։

«Առավոտ» օրաթերթ

12.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Վա՛յ Վասիլ, Վասիլ…Ճ
    Լավ է չասացիր. համազգայինը մերն է , մենք համազգայինինը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31