Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ինչքան նավթալինոտ, իրենից որևէ բան չներկայացնող գործիչ կար, ինչքան քաղաքականությունից կիլոմետրերով հեռու գործիչ կար, ասում էին՝ ՀՀԿ-ն ասելիք ու անելիք չունի». «Լրագիր»

Հունվար 10,2019 12:49

Հատված ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:

-ՀՀԿ-ն լքողների հոսքը չի դադարում։ Երբ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀԿ-ի անդամ, ասում էիք, որ նա ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչներից է, բայց հիմա նա էլ լքեց ՀՀԿ-ն։ Հիմա ինչպե՞ս եք գնահատում Կարապետյանների և մյուսների՝ ՀՀԿ-ն լքելը։

-Նախ՝ քաղաքականության մեջ գնալը, գալը, դուրս գալը, բնական երևույթներ են։ Նիկոլ Փաշինյանն էլ ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչներից մեկն էր, բայց լքեց ՀԱԿ-ը։ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը ընդամենը 1-1,5 տարի առաջ անբաժանելի եռյակ էին, բայց վերջին ընտրություններին գնացին առանձին-առանձին։

-Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ն արդեն այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ հաշվի առնելով, որ այն քառյակը, որ որոշակիորեն ՀՀԿ-ից առանձնացել էր, հիմա մեդիադաշտում գնումներ է անում, հեռուստաընկերություն ու կայք է ձեռք բերում և տեսակետ կա, որ կարող է վերածվել ՀՀԿ քարոզչամեքենայի։

-Ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նախ՝ քառյակի իմ ընկերներին հաջողություն եմ մաղթում իրենց նոր գործունեության ոլորտում, ինչպես իրենք են ասում, որպեսզի ավելի արդյունավետ ծառայեն պետությանը։ Մյուս կողմից, նրանք քարոզչության ընթացքում որևէ մասնակցություն չեն ունեցել, իրենք են ընտրել այդ ճանապարհը։ Մեր կուսակցությունում կար մի քանի տարբերակ, ես առաջիններից էի, որ ասում էի՝ կուսակցությունը պարտավոր է մասնակցել ընտրություններին։ Քառյակի ներկայացուցիչներն այլ կերպ էին կարծում։ Այնտեղ էլի կային մարդիկ, որ չմասնակցեցին, բայց ոչ մի բան չհայտարարեցին, միգուցե ապագայում հայտարարեն, չեմ կարող ասել։ Ամեն մեկը որոշում է քաղաքականության մեջ իր անելիքը։ Ես էլ ոչնչով կաշկանդված չեմ և ոչ էլ որևէ մեկը կարող է ինձ կաշկանդել։

-Դուք շարունակում եք պնդել, որ ճի՞շտ էր ընտրություններին մասնակցելը։

-Իհարկե, ճիշտ էր։ Եթե մենք չմասնակցեին, ինչքան նավթալինոտ, իրենից որևէ բան չներկայացնող գործիչ կար, ինչքան քաղաքականությունից կիլոմետրերով հեռու գործիչ կար, ասում էին՝ ՀՀԿ-ն ասելիք ու անելիք չունի։ Թեկնածություն դրեցին, տեսանք, ինչքան են հավաքել դրանք։ Ես ասում եմ՝ եթե ՀՀԿ-ն չմասնակցեր ընտրություններին, ամեն արժող-չարժող պետք է ասեր՝ դե ՀՀԿ-ն ձայն չուներ, սկի 1000 ձայն չէր հավաքելու, դրա համար էլ չմասնակցեցին, վախեցան։ Իսկ ես ասում եմ՝ եթե դու քաղաքական ուժ ես, պարտավոր ես պայքարել։ Ո՞վ ասաց, որ Շարմազանովը պետք է ամբողջ կյանքում ունենա պատգամավորի մանդատ, լինի ԱԺ փոխնախագահ։ Ինձ համար քաղաքականությունը գաղափարի պայքար է։ Եթե այդպես չլիներ, ապա նրանք, որոնք չեն անցնում խորհրդարան, պետք է ինքնասպան լինեն։

Քաղաքականություն կա և խորհրդարանում, և խորհրդարանից դուրս։ Մանավանդ այսօրվա խորհրդարանի պայմաններում, որտեղ օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ Փաշինյանին խիստ արմատական ընդդիմություն ԱԺ-ում չկա։ Որքան էլ հիմա մեր գործընկեր Էդմոն Մարուքյանը քննադատի իշխանություններին, գլոբալ առումով իրենք հեղափոխության կողմնակիցներն են եղել, այս 8 ամիսներին Փաշինյանին պաշտպանել են։ Փաշինյանը Ազգային ժողովին ինչ ասես ասել է, հոկտեմբերի 2-ին խորհրդարանը պաշարել է, դրանից առաջ օգոստոսի 17-ին դիկտատորական ելույթներ է ունեցել, բայց որևէ մեկը ԱԺ անցած կուսակցություններից որևէ բան չի ասել։ Ինձ համար ընդդիմությունը հովհարային անջատումներով չի լինում, եթե դու ընդդիմություն ես, ուրեմն ընդդիմություն ես։ Իսկ այսօր ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», որքան էլ հարգանք ունեմ երկուսի հանդեպ էլ, նրանք ռադիկալ ընդդիմություն Փաշինյանին չեն եղել և չեն կարող լինել։ Այդ իմաստով մեծ է ՀՀԿ-ի դերակատարումը, ինչպես նաև այլ ուժերի, օրինակ ՀՅԴ-ի, որոնք այս ամիսներին իրենց սկզբունքայնությունը և իրենց անհամաձայնությունն օրվա իշխանություններին արտահայտել են։

Իսկ որ տարբեր մարդիկ դուրս են գալիս, դա էլ նորմալ է։ Այն մարդիկ, որոնք ժամանակին սպասարկում էին ՀՀԿ-ին, այս ընտրությունների ժամանակ սպասարկեցին Փաշինյանին։ Ես ամբողջ կյանքում չեմ հասկացել մարդկանց, որոնք ասում են՝ ես ընդդիմադիր գործիչ եմ կամ իշխանական գործիչ եմ։ Իշխանական քեզ սարքում է ժողովուրդը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031