Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր եվրոպացի գործընկերներին հորդորում ենք անձնական կապերով ազդել, որ համաձայնագրի վավերացման գործընթացը արագ լինի. Տարոն Սիմոնյան

Հունվար 29,2019 23:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հունվարի 28-29-ին Բրյուսելում անցկացվում են Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) հանձնաժողովների նիստերը: Այսօր տեղի ունեցավ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը:

Հայաստանը Եվրանեսթի նիստերին մասնակցում է պատվիրակության նոր կազմով: Պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Գայանե Աբրահամյանը, ԲՀԿ խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Տարոն Սիմոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց երկու օրերի աշխատանքների վերաբերյալ:

Նա վստահեցրեց՝ հակահայկական բովանդակության որևէ ելույթ քաղաքական համատեքստում չի հնչել. «Ավելին, թե′ երեկ, թե′ այսօր հանձնաժողովների քննարկումների ժամանակ հայկական թեմաներին առնչվելիս բոլորը դրականորեն էին արտահայտվում՝ կապված թե′ կրթության բնագավառի նվաճումների, թե′ տեղեկատվական տեխնոլոգիաների, թե′ թվային տնտեսության բնագավառում նվաճումների, թե′ հեղափոխության արդյունքների հետ: Խոսքի իրավունք ունեցող պատվիրակները Հայաստանի վերաբերյալ բացառապես դրական արտահայտություններով էին հանդես գալիս, ինչը  մեզ ինչ-որ առումով հաճելիորեն զարմացրեց»:

Հիշեցրինք՝ ադրբեջանական պատվիրակությունը, մշտապես օգտագործելով Եվրանեսթի հարթակը, հիմնականում հեռակա բանավեճ է ծավալվում հայ պատվիրակների հետ և հարցրինք՝ այս անգամ նման միջադեպեր գրանցվե՞լ են, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ադրբեջանական պատվիրակությունը ինչպես երեկ, այնպես էլ այսօր որևէ ուղղությամբ ելույթ չունեցավ: Չեմ կարող մեկնաբանել՝ ինչու, ենթադրում եմ՝ Եվրանեսթի այս հարթակն, ըստ էության, նրանք ոնց որ թե սկսել են օգտագործել ըստ նպատակային նշանակության և անհարկի մեջբերումներ չեն անում, կամ էլ պարզապես առաջին օրն էր, առիթ էլ չկար ինչ-որ հայտարարություն անելու: Նորից եմ կրկնում, Հայաստանի վերաբերյալ թեման շոշափվել է բացառապես դրական գծերով»:

Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նիստի քննարկման թեմաներից է եղել ռուսական քարոզչության ազդեցությունը Եվրոպայում, եվրաինտեգրման քաղաքականությունը արևելյան գործընկերության շրջանակներում: Առանձին զեկույց է ներկայացվել Ադրբեջանում քաղաքական իրավիճակի բարդության մասին: Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ՝ ադրբեջանական պատվիրակության անդամները չեն արձագանքել, գուցե ժամանակի սղության պատճառով նրանց այդ հնարավորությունը չի ընձեռվել:

Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ այս այցը հայկական պատվիրակության համար ճանաչողական բնույթի էր:

Նշենք, որ Տարոն Սիմոնյանը տնտեսական հանձնաժողովի համանախագահն է. այդ մանդատն այս տարի ռոտացիոն սկզբունքով Հայաստանինն է: Այս առիթով նա մանրամասնեց. «Ներկայացրի «Թվային Հայաստան» 2018-2030 գործողությունների ծրագիր: Այս առումով մենք շատ ավելի առաջ ենք, քան իրենք կցանկանային տեսնել: Բոլորը մեր ձեռքբերումներին դրական արձագանքեցին: Ես էլ հորդորեցի, որ իրենք էլ իրենց փորձով մեզ հետ կիսվեն»:

Նա վստահեցրեց՝ հայկական պատվիրակությունն անում է ամեն ինչ, որ որևէ հակահայկական բանաձև չընդունվի և հայկական շահը լավագույնս ներկայացվի Եվրանեսթի հարթակում: Հետաքրքրվեցինք՝ ՍԵՊԱ-ի համաձայնագրի հետ կապված լոբբինգ իրականացվե՞լ է, պատգամավորը վստահեցրեց՝ թե′ իրենց անձնական կապերը, թե′ այլ հնարավոր կապեր Եվրախորհրդարանում օգտագործում են, որ կարողանան  հայկական շահի ներկայացումը հասցնել ավելի բարձր մակարդակի, այդ թվում ՍԵՊԱ-ի համաձայնագրի վավերացման գործընթացն ավելի արագացնել. «Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ անձնական հանդիպումներում միշտ ընդգծում ենք համաձայնագրի վավերացումը: Գործընթացն այժմ գտնվում է իր տրամաբանական շարունակականության փուլում, և յուրաքանչյուր պետություն պետք է վավերացնի ՍԵՊԱ-ն: Մենք մեր եվրոպացի գործընկերներին հորդորում ենք անձնական կապերով ազդել, որ վավերացման գործընթացը դրական լինի: Իսկ Եվրոպական խորհրդարանում ընտրությունները խոչընդոտ չեն, քանի որ մենք եվրոպացի պատգամավորներին խնդրում ենք իրենց ազգային խորհրդարաններում ազդել գործընթացի արագ կազմակերպման վրա»:

Ամփոփելով` պատգամավորն ասաց, որ հայկական պատվիրակությունը Բրյուսելից լավ տրամադրությամբ է վերադառնում Հայաստան՝ իրենց փորձով համոզվելով, որ հաջողվում է բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանի շահը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031