ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսելով Օպերայի շենքի շրջակա այգում գործող սրճարանների ապամոնտաժման քաղաքապետարանի որոշման մասին՝ ասաց. «Ես գուցե Մկրտիչ Մինասյանից մի փոքր խիստ խոսեմ: Ցանկությունս է, որ Օպերայի այգին վերադարձվեր այն նախագծին, ինչպես եղել է: Օպերայի շենքը որպես դոմինանտ պետք է ունենա իր շրջապատը՝ ընդգծելով իր նշանակությունը: Հիմա լրիվ հակառակն է: Շենքի շրջակայքը իսկապես դարձել է արեւելյան մի շուկա: Իհարկե, այն հարցերը, որ աշխատատաեղեր են փակվում, կա: Բայց միեւնույն է, կցանկանայի՝ վերադարձվեր նախնական այն վիճակին, որ նախագծվել է: Այսինքն, պահպանվեր հեղինակային իրավունքը: Իսկ հեղինակային իրավունքն այն է, որ այդ տարածքում պետք է լինի միայն կանաչ գոտի եւ ջրավազան: Նույնը՝ Օղակաձեւ զբոսայգու հարցում, որը նախագծվել է որպես Հայաստանի մայրաքաղաքի թոքեր: Կանաչ տարածքները մենք վերացնում ենք՝ ասելով, թե աշխատատեղեր ենք ստեղծում: Այդ աշխատատեղերը կարող են բացվել մեկ այլ տեղ»:
Լրագրողների հարցին, թե բանախոսներից որեւէ մեկը նախկինում եղած հանձնաժողովի կազմում եղե՞լ են ու մասնակցե՞լ են քննարկումներին, կամ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք այդ ամենը թույլատրել են, բանախոսները պատասպանեցին, որ իրենք այդ հանձնաժողովների կազմերում չեն եղել: Իսկ Մկրտիչ Մինասյանը ավելի հստակեցրեց. «Սրճարաններ տեղադրելու մասին որոշումներում քննարկումներ չեն եղել: Մարդիկ կարողանում էին գտնել հնարավորություն, պատվերն իջեցվում էր վերեւներից եւ հարցերը լուծվում էին կաբինետներում»:
Կարեն Աղամյանն էլ հավելեց. «Ես չէի ուզենա, որ հիմա այստեղ մեղավորներ որոնեինք: Սա համակարգի արդյունքն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































