Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը նպատակ է, ոչ թե միջոց»

Փետրվար 02,2019 16:37

Մեծ զորավար ու փիլիսոփա Նժդեհն իր հայրենապաշտությամբ, հերոսականությամբ ոգեկոչեց սյունեցիներին, փրկեց Սյունիքը, ուրեմն նաև մեր փոքրիկ հայրենիքը, հակառակ պարագայում բոլշևիկյան հակահայ քաղաքականությամբ  ժամանակին այն կբաժանվեր Ադրբեջանի և Վրաստանի միջև և հայ ժողովուրդը կփակեր իր պատմության վերջին էջը:

Մեծ զորավարը ստիպողաբար հեռանալով հայրենիքից, իր հետ տարավ ընդամենը Հայկազյան բառարան, բայց հայ սերունդներին հղեց հայրենապաշտ պատգամներ. ներկայացնեմ այդ հույժ կարևոր  պատգամներից երկուսը, որոնք այնքան արդիական հնչեղություն ունեն այսօր:

«Հայրենիքը նպատակ է և ոչ թե միջոց», «Չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է»:

Պարո՛ն Փաշինյան, ես ջերմորեն ծափահարել եմ թավշյա հեղափոխությանը և հոդվածներիցս մեկում գրել եմ` «Փառք մեր արժանավոր հայորդուն` Նիկոլ  Փաշինյանին, ով պարզապես դաժան պատերազմ է հայտարարել  էգոիզմին` հանուն հայրենիքի, ժողովրդի ոգու ազնվացման»:

Պարո՛ն վարչապետ, վերջին ժամանակներս դուք պարզապես մոռացության եք մատնել մեծ փիլիսոփայի, հայրենապաշտի վերոհիշյալ հայրենափրկիչ, սթափեցնող լուսավոր մտքերը. մեծարգո վարչապետ, համեստորեն հորդորում եմ ոչ միայն լրջորեն անդրադառնալ դրանց, այլև այդ հայրենապաշտ նժդեհյան ուղերձները հանգամանորեն մեկնաբանել բոլոր նախարարներին, մարզպետներին, քաղաքապետերին, ովքեր սկզբունքորեն այնքան սնանկ դրսևորեցին իրենց, այս աղքատ,  բազում լրջագույն հոգսերով երկրում անարժանապատվորեն գրպանեցին 14 մլն, 8 մլն, 600-800 հազար դրամագլուխներ` բոլորովին չամաչելով իրենց բազմահազար հայրենակիցներից` չնչին կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ ստացողներից, ուսուցիչներից, բժիշկներից, մտավորականներից:

Պարո՛ն Փաշինյան, դուք հաճախ հայտարարում էիք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. ո՞ր ժողովրդին, նրանց, ովքեր այս աղքատ, հոգսերով լեցուն երկրում նյութապաշտորեն, ստամոքսապաշտորեն միլիոններ ու հարյուր հազարնե՞ր են շախով-շուխով գրպանում` առանց  շուրջները նայելու… Մի պաշտոնյա խրոխտաբար հայտարարում է` այո՛, ես ինձ էլ եմ պարգևատրել… Երևանի քաղաքապետը, ավագանին դեռ աշխատանքը չսկսած,  474 մլն դրամ, մոտ 1 մլն դոլար  է շաբաշ տալիս աշխատակիցներին: Ցավալին այն է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներն այնքան անսկզբունքային գտնվեցին, որ հաճույքով գրպանեցին հսկայական գումարները և ոչ ոք չասաց` ախր ամոթ է, էս ինչ ենք անում:

Թերևս մեղքի թողություն կլինի, եթե նյութապաշտ պարոնները ետ վերադարձնեն անսկզբունքորեն, բարոյական առումով աններելիորեն գրպանած գումարները, ոչ միայն` այլև հարկ է բոլորին պաշտոնանկ անել, քանզի բարոյական այդ սկզբունքներով, այդպիսի հոգեկերտվածքով այրեր իրավունք չունեն ժողովուրդ ղեկավարելու:

Ափսոսանք ու զարմանք է հարուցում այն փաստը, որ դուք, պարո՛ն Փաշինյան, դաժան պատերազմ հայտարարելով էգոիզմին, ոչ միայն չկանխեցիք այդ ամոթալի շահամոլությունը, ստամոքսապաշտությունը, այլև հայտարարեցիք` ամեն եռամսյակ պետք է պարգևատրել:

Երբ հայրենիքը կհզորանա, կծաղկի, կլուծվեն բազում հոգսերը, կապահովվի Արցախի, Հայաստանի անվտանգությունը, նվազագույնի կհասնի, գուցե վերացվի աղքատությունը, այն ժամանակ թող տրվի նաև 14-րդ, 15-րդ աշխատավարձ…

Սրանք թերևս հակահեղափոխական քայլեր են, քանզի էգոիզմ, հասարակության նկատմամբ անպատասխանատվություն, անհարգալից վերաբերմունք են սերմանում, որը ժողովուրդը շատ բացասաբար է ընկալում:

Պարո՛ն վարչապետ, համեստորեն հորդորում եմ. շարունակեք ձեր հայրենանվեր դաժան պայքարը անեն տեսակի էգոիզմի, անտարբերության, անպատասխանատվության, վատնումների, բոլորովին չհիմնավորված շռայլումների, անհիմն գործուղումների դեմ:

Այո՛, զարհուրելի է էգոիզմը, որը բազում դարեր մեծագույն աղետներ ու ողբերգություններ է բերել մեր ժողովրդի և հայրենիքի գլխին: Ցավոք, այդ էգոիզմը չարագուժորեն դրսևորվել է նաև վերջին 30 տարիների մեր պատմության էջերում:

Թերևս հարկ է հասարակության բոլոր խավերում վճռականորեն սերմանել հայրենապաշտություն` «հայրենիքը նպատակ է և ոչ թե միջոց», «չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է»:

Պարո՛ն վարչապետ, վերոհիշյալ պետականամետ ուղերձները  պարտադրեք բոլոր պաշտոնյաներին գրառել իրենց ծոցատետրերում` որպես հայրենապաշտ դավանանք:

Այո՛, հայրենապաշտ, քանզի այս սրբազան ուղերձները, եթե դավանանք լինեին հազարամյակների մեր անխոհ արքաների, նախարարների, զանազան առաջնորդների, հոգևորականների, շատ ու շատ մտավորականների համար, ապա այսօր մեր չքնաղ, լայնածավալ հայրենիքը մերը կլիներ… եթե այդ ուղերձները դավանանք լինեին մեր երեք նախագահների համար, ապա 30 տարի շարունակ չէր լինի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» աղետալի վիճակը` ապագայի անկանխատեսելի հետևանքներով…  1994 թ. մայիսին երկչոտ, անհեռանկար զինադադարի փոխարեն կկնքվեր պատվավոր, վճռական հաշտության պայմանագիր… չէր լինի հոկտեմբերի 27-ի ազգադավ ողբերգությունը, չէր լինի մարտի 1-ի իշխանատենչ գզվռտոցը. չէր լինի 2016թ. ապրիլյան ողբերգությունը…

Նախարարները, մարզպետերը, քաղաքապետերը և զանազան այլ պաշտոնյաներ մամուլում արդյո՞ք կարդացել են Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի մասին, թող կարդան և գուցե ամաչեն իրենց անհամեստ, նյութապաշտ աշխատաոճից ու ապրելակերպից: Եթե մեր նախագահներն ու մյուս պաշտոնյաները Մուխիկա լինեին, ապա այսօր հարուստ ու ապահով հայրենիք կունենայինք:

Վերջում հարկ եմ համարում ներկայացնել տաղանդավոր գրող Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» և «Հավերժական վերադարձ» մեծարժեք վեպերի բնաբանները, որոնք այսօրվա հնչեղություն ունեն, յուրօրինակ մեղադրանք են մեր երեք նախագահներին և բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր այս կամ այլ կերպ հայրենիքը ոչ թե նպատակ են համարել, այլ միջոց իշխանատենչության և շռայլ ապրելակերպի համար: Այդ բնաբանները նաև զգոնության, զգուշացման կոչ են` հանուն հայրենիքի ապագայի:

Ահա, լավ խորհեք հազարամյակների հեռվից հնչող այս իմաստուն մտքերի շուրջ.

«Դար կորստյան»` «Այս է մեղաց պտուղն, զոր ցանեցին հարքն մեր և եօթնապատիկ ժողովեցին»․ պատմիչ Մատթեոս Ուռհայեցի:

«Հավերժական վերադարձ»` «Ով տեսնում է ներկան, նա տեսել է ամեն ինչ` ժամանակի հավերժական հոսքում անցած-գնացածը և այն ամենը, ինչ լինելու է»․ Մարկոս Ավրելիոս, Հռոմի փիլիսոփա արքա:

 

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ինչ կլինի, էդ հայրենապաշտություն բառի համար փախարինող մի բառ գտեք էլի, հարգելի հրապարակախոսներ և բոլոր նրանք, ովքեր զբաղվում են գրելով: Ախր չի կարելի նույն անհամ տերմինը տարիներ շարունակ կիրառել, այն արդեն չի հնչում, ուշադրություն չի գրավում, որովհետև արհեստական է, կեղծ է, իր մեջ ոչ մի ուղերձ և միտք չի պարունակում: Հայրենապաշտս որն է, արդեն հայրենասերը հերիք չի, հիմա էլ պաշտելն է պարտադիր? Այնքան կեղծիք կա այդ բառում…սա իմ անձնական կարծիքն է, բայց իսկապես, հոգնեցրել է այդ բառը լսել բոլորի բերանից առավոտից իրիկուն: Կրեատիվ եղեք մի քիչ, հրապարակախոսությունը հենց դա է ենթադրում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728