Լրահոս
Օրվա լրահոսը

Հետույքային պատերազմ. աբորիգենի հուշերից (պատմվածք)

Փետրվար 02,2019 23:59 Share

Ինչքան էլ զարմանալի թվա, մենք ցեղ ենք՝ ի տես համայն աշխարհի, քանզի չենք քաղաքակրթվել առ այս և հույս էլ չկա, թե կքաղաքակրթվենք հետայսու:

Սակայն մեր ոչ հավաքական ուժը մեզանում հավաքական անկիրթների մեջ է:

Ես չեմ հասկանում, թե մարդիկ ի՞նչ են ուզում իրարից, բայց շատ հաճելի է հարևան պետության հետ պատերազմելը: Դրա մեջ մի տեսակ ազարտ ու ոգևորություն կա: Բայց քանի որ չենք քաղաքակրթվել առ այս, իմ ցեղակիցները մինչև հիմա նետ ու աղեղով են գնում պատերազմ, որովհետև մեր պետությունը նետ ու աղեղից զատ ուրիշ ոչինչ չունի, իսկ իմ ցեղի հայրենասեր կանայք գնում են առաջին գիծ, որպեսզի հետույք ցույց տան թշնամու զինվորներին: Սա շատ կարևոր մարտավարություն է: Երբ իմ ցեղի կանայք հանկարծ բացում են հետույքներն ու մեկնում թշնամու ուղղությամբ՝ համատարած խուճապ առաջացնելով, թշնամու զինվորները բարոյալքվում են, իսկ ամուր ընտանիքի մասին նրանց պատկերացումները փլուզվում են մի ակնթարթում: Եվ քանի որ ընտանիքը պետության կորիզն է, մի ակնթարթում փլուզվում են նաև հարևան պետության պատնեշները: Իսկ դրանից հետո նետով կկռվես, թե եղան-գերանդիով՝ այլևս որևէ նշանակություն չունի, քանզի բարոյական հաղթանակ ես տարել նախապես:

Սակայն գիտենք և ամենքիս քաջ հայտնի է այն ճշմարտությունը, որ հակամարտող կողմերը հաճախ յուրացնում են թշնամու մարտավարությունն ու, ապա, մարտնչում են՝ նույն տակտիկան հենց թշնամու դեմ օգտագործելով: Ահա որոշ ժամանակից ի վեր մեր զինվորներին հետույք են ցույց տալիս նաև թշնամու հայրենասեր կանայք, և մեր նետերը այլևս չեն թռչում այնտեղ, ուր պետք է, իսկ աղեղների լարերը պրկվում են այն աստիճան, որ դրանք թուլացնելու համար երկարատև ու շատ կոնկրետ ջանքեր են պահանջվում հետո:

Սույնը հաշվի առնելով, վստահորեն կարող ենք ասել, որ որոշ ժամանակից ի վեր՝ այս հակամարտությունը հետույքային պատերազմ է:

Կարծում եք կատակո՞ւմ եմ:

Ոչ, սիրելի ցեղակիցներ, իհարկե՝ ո՛չ, քանզի վերոնշյալն արդեն տերմին է, և մեր պետության փաստաթղթերում հաճախ կգտնեք այսպիսի նախադասություններ: Օրինակ՝ «Բյուջեից հատկացնել 300 000 դրամ՝ զինվորներին ռետինե՝ ոչ առաձգական վարտիքներով ապահովելու համար, որպեսզի անսասան մնան «Հետույքային պատերազմում»: Եվ կամ՝ «Հարկ է, որ սպայական կազմն ունենա սև  ապակիներով ակնոցներ, որպեսզի կույր լինի աչոք, բայց չկոտրվի մարտական ոգին, երբ թշնամին կրկնում է մեր դարավոր՝ «Հետույքային» մարտավարությունը»:

Սա մի օրինակ է, սիրելի բարեկամներ, և կամ՝ պատմական իրավիճակ, որտեղ կարևորվում է անգրագետ լինելու առավելությունն ու խորհուրդ չի տրվում քաղաքակրթվել երբեք:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728