Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը` Թեւան Պողոսյանի մտահոգությանը. «Ցանկացած գործողության ուշի ուշով հետեւում ենք, աչալուրջ ենք»

Փետրվար 22,2019 21:44

«Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից հետո իրոք, զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը, քանակը կտրուկ նվազել է եւ սա փաստ է: Ինչը մենք ողջունել ենք: Ի վերջո` մարդկային կյանքեր են: Մյուս կողմից էլ, միշտ էլ, ընդգծել ենք, որ պետք է իրավիճակը համապարփակ դիտարկել եւ այդ զինադադարի ռեժիմի խախտումները միայն մի մասն են: Կան նաեւ այլ հարթություններ, որտեղ մենք պետք է միշտ աչալուրջ լինենք եւ չմոռանանք եւ միայն դրանով չգնահատենք իրավիճակը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի գրառմանը:

Պարոն Պողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես գրել էր. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլեւ շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ»:

Նրա խոսքով, հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը:

Դավիթ Բաբայանն ասաց, որ իրենք դրա մասին մշտապես խոսում են, բայց մյուս կողմից նշում, որ Ադրբեջանը չի հրաժարվել հայատյացության քաղաքականությունից եւ հայատյացությունը եղել եւ մնում է Ադրբեջանի պետականաշինության հիմքը. «Եվ, այս առումով, նա ագրեսիվ քաղաքականություն է վարում մեր նկատմամբ՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական այդ թվում նաեւ բանակաշինության ասպարեզներում»:

Դավիթ Բաբայանի խոսքով, օրինակ՝ 2018 թվականը Ադրբեջանի համար եղել է աննախադեպ զորավարժությունների, զորավարժություններում ընդգրկված անձնակազմի եւ զինտեխնիկայի տեսանկյունից եւ դա շարունակական բնույթ է կրում. «Մեկ-երկու օր առաջ ավարտվել է Թուրքիայում լայնածավալ զորավարժությունը, որտեղ Ադրբեջանը ներկա է եղել: Դրա հետ մեկտեղ նոր զինտեխնիկա է գնում, չի թաքցնում, որ իր նպատակը Արցախի կործանումն է, նաեւ՝ հայոց պետականության: Եվ համապատասխան նաեւ ինժեներական աշխատանքներ է կատարում նաեւ սահմանի երկայնքով: Սա էլ է փաստ: Մեր կողմից մենք էլ ենք համապատասխան գործողություններ իրականացնում եւ նրանց ցանկացած գործողության՝ ուշի ուշով հետեւում ենք, աչալուրջ ենք եւ որեւէ բան անպատասխան չենք թողնում եւ համապատասխան քայլերը ձեռնարկում ենք»:

Ինչպես պարոն Բաբայանը նշեց, հայկական կողմը երբեք չի խախտում զինադադարի ռեժիմը. «Բայց դա չի նշանակում, որ չենք պատասխանում ադրբեջանական կողմի գործողություններին հատկապես՝ ներթափանցման փորձերին: Դրանք պատասխան են ստանում եւ կասեցվում են: Մյուս կողմից, եթե նույնիսկ զինադադարի ռեժիմի խախտումները քիչ են քանակական առումով, դա չի նշանակում, որ զինծառայողները պատրաստ չեն, որովհետեւ ե՜ւ զորավարժություններ են տեղի ունենում ե՜ւ ամեն օր վարժվում են, սա էլ է փաստ: Եթե մենք չնչին, իսկ թուլանանք, հակառակորդը չի վարանելու օգտվել այդ ամենից: Հետեւաբար, եթե պահպանվում է զինադադարի ռեժիմը եւ ամուր են պահվում սահմանները, ուրեմն, սա ոչ թե հակառակորդի «բարի» ցանկությունն է, այլ մեր զինվորների աչալրջությունն ու բարձր պատրաստվածությունը»:

Ինչ վերաբերում է Թեւան Պողոսյանի մտահոգությանը, ապա Դավիթ Բաբայանն ասաց. «Պարոն Պողոսյանը, ըստ երեւույթին, կրկին ուզում է նշանակությունը ցույց տալ, որ միշտ պետք է լինենք աչալուրջ: Չհանգստանանք, չթուլանանք, զգոնությունը չթուլացնենք: Իմ կարծիքով, հենց  սա է եղել նրա գրառման իմաստը, ինչը, իհարկե, ողջունելի է եւ բոլորը պետք է միշտ այսպես ուշադրության կենտրոնում պահեն, այն ինչ կատարվում է սահմաններում եւ այն ինչ անմիջապես վերաբերում է Արցախի պաշտպանողականությանը, հայոց պետականությանը, Մայր Հայաստանի եւ բանակի մարտունակությանը: Այսինքն՝ այս ոլորտը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում: Ես ավելի քան համոզված եմ, որ  պարոն Պողոսյանը հենց այս տեսակետից է գրառում արել, որպեսզի եւս մեկ անգամ սթափեցնի, եւս մեկ անգամ ուշադրություն բեւեռի այս խնդրին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728