Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքան տանջվում ենք, որ բուհը փակել տա՞նք»․ Լևոն Բարսեղյանը՝ ՇՊՀ ռեկտորի ընտրությունների ու շրջանառվող տարաբնույթ խոսակցությունների մասին 

Մարտ 03,2019 15:43

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների մոտ 9 ժամ տևած խորհրդի նիստում այդպես էլ ռեկտոր չընտրվեց։ Մրցակցությունը երկու թեկնածուների միջև էր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն ամբիոնի պրոֆեսոր  Լուսինե Ֆլջյանի և  տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանի։ Լուսինե Ֆլջյանը ստացավ 6 քվե, Անդրանիկ Սարգսյանը՝ 8 քվե, 9 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Նիստի ավարտից հետո հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է ընթացքը․ ե՞րբ կհայտարարվի հաջորդ մրցույթը ու արդյո՞ք այս երկու անձինք նորից կկարողանան մասնակցել մրցույթի։

«Ըստ էության, աննախադեպ ընտրություններ էին այն իմաստով, որ և՛ բաց էին, և՛ մեկից ավելի թեկնածուներ կային։ Նախկինում հիմնականում եղել են ձևական ընտրություններ և կանոնադրության, ռեկտորի ընտրության կարգի մեջ մենք չունեինք կարգավորումներ՝ եթե ընտրությունը կայանում է, անվավեր չէ այն, բայց ռեկտորը չի ընտրվում, ի՞նչ ժամկետ հետո պիտի նոր ընտրություն լինի,  մրցույթ հայտարարվի։ Դրա համար ես խորհրդակցության հրավիրեցի հոգաբարձուներին, թե ով ինչ առաջարկ, ինչ կարծիք ունի՝ ե՞րբ անցկացնենք։ Տարբեր տեսակետներ հնչեցին․ մեկն ասաց, որ հենց այսօր հայտարարվի մրցույթ, մյուսը՝ երկու ամսից և այլն։

Կխորհրդակցենք նաև պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կփորձենք հասկանալ՝ ո՞րն է ադյունավետ այն ժամկետը, ե՞րբ արժե նորից մրցույթ հայտարարել։ Ես հակված եմ արագ մրցույթ հայտարարել և ինձ թվում է, որ շատ հավակնորդներ, որոնք թեկնածություն չէին առաջադրել, տեսան՝ ինչպիսի ընթացակարգեր են, գուցե հաջորդ անգամ ավելի շատ դիմողներ կլինե՞ն։

Ռեկտորի պաշտոնակատարը տեսակետ հայտնեց, որ իր պարտականությունները պատշաճ կատարելու համար ավելի մեծ ժամանակ է  պետք, բուհի հավատարմագրման գործերը հունի գցելու և այլն, և այլն։ Ճիշտ է՝ ժամկետ չնշվեց, պրոռեկտորներ չի կարողանում գտնել, չեն ուզում մարդիկ աշխատել, օդից կախված վիճակ է, պաշտոնակատարի կարգավիճակով որքան կարելի է արդյունավետ կառավարել։ Սա պարոն Սերոբյանի մտահոգությունն էր, այս տեսակետը, հոգաբարձուների խորհրդի անդամների տեսակետները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների տեսակետները հաշվի առնելով՝ ի մի կբերենք և, ի վերջո, մենք ենք որոշելու, թե մրցույթը երբ հայտարարենք»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Հարցին՝ արդյո՞ք բուհը չի տուժում ռեկտոր չունենալով, պարոն Բարսեղյանը կարծիք հայտնեց՝ մի կողմից տուժում է, մյուս կողմից էլ՝ ինքը համոզմունք ունի, որ ռեկտորի պաշտոնակատարը ռեկտորի լիակատար իրավունքների մեջ է։

«Ուրիշ պրոբլեմ կա, որ պրոռեկտորներ չեն ուզում գալ աշխատել ժամանակավոր՝ չիմանալով, թե ով է լինելու ռեկտորը, այս տեսակ կառավարչական խնդիր կա։ Դե ես, իհարկե, հուշեցի՝ եթե որևէ մարդ չի ճարվում ներսից կամ առաջարկությունների հիման վրա չի ճարվում պրոռեկտորների պաշտոններով հետաքրքրված մարդիկ, պիտի մրցույթ հայտարարվի։ Դա արդեն հոգաբարձուների խորհուրդը չպիտի հայտարարի, հավանաբար ռեկտորը պիտի հայտարարի և ընտրի մարդկանց, որոնք կհամաձայնեն  աշխատել ռեկտորի պաշտոնակատարի առկայությամբ։

Կրկնում եմ՝ դրությունն այս դեպքերի նախադեպը չունի, և նախկինում անհնար էր չէ՞ պատկերացնել, որ մի թեկնածու է դնում ռեկտորի պաշտոնի համար ու չի ընտրվում ու այս տեսակ կազուս է առաջանում, չի եղել նման բան։ Գուցե մենք հետագայում այս կարգավորումից հետո կանոնադրության մեջ կգրենք, որ ասենք՝ եթե մրցույթը չի կայանում, երեք ամիս հետո մրցույթ հայտարարվի կամ երկու ամիս հետո, պրակտիկայից պիտի գա։ Տեսեք մենք նախադեպային լիքը բաներ արեցինք այսօր, որոնց նախնական պրակտիկան չի եղել, իսկապես նախադեպ է, և սա կարող է կիրառելի լինել այս կամ այն բուհի համար»,-ասաց պարոն Բարսեղյանը։

Կարո՞ղ են մրցույթին որպես թեկնածու մասնակցած այս երկու անձինք նորից առաջադրել իրենց թեկնածությունը, պարոն Բարսեղյանն ասաց՝ իհարկե, արգելք չկա, չկա սահմանափակում, չի էլ կարող լինել։

«Տեսեք ահագին մարդ օն-լայն հետևում էր պրոցեսին։ Ինձ, ճիշտն ասած, մարդիկ էին զանգել փաթեթներն ընդունելու վերջնաժամկետից հետո և ասում էին՝ հիվանդ եմ եղել, արտասահմանում եմ եղել, կլինի՞ տեղեկանք բերեմ, որ իսկապես հիվանդ եմ եղել, փաթեթս ընդունեք ուշացումով։ Ասացինք, որ չի կարելի նման բան անել։ Ուզում եմ ասել՝ հետաքրքրությունը շատ մեծ  է այս մրցույթի նկատմամբ։ Չորս հոգի դիմեցին․ մեկն ինքնաբացարկ հայտնեց, մեկին չկարողացանք գրանցել որպես թեկնածու, հաջորդ անգամ կարող է տասը հոգի կդիմի, վեց հոգի կդիմի, կտեսնեն, թե այստեղ ինչպիսի՞ հարցաքննություն, թույլ տվեք այսպես ասել, հա՞, հարց ու պատասխան է ընթանում թեկնածուների միջև, նրանք իրար հարց ու պատասխան են անում։ Մի խոսքով այս ընթացակարգերն առաջին անգամ են ու դա տեսնելով՝ կարող են նույն թեկնածուները նորից դիմել, կարող են չդիմեն, կարող է ուրիշ մարդիկ դիմեն», -ասաց Լևոն Բարսեղյանը։

Դիտարկմանը, թե  հոգաբարձուների խորհրդի նիստում օրակարգի հարց դարձավ նաև «դաբրո» ստանալու մասին խոսակցությունները, հոգաբարձուների խորհրդի նախագահը պատասխանեց, որ ինքն՝ անկախ ամեն ինչից, առաջնորդվել է «բարեխղճության վարդապետությամբ», կանոնադրության և ռեկտորի մրցույթի անցկացման կանոնակարգերի սկզբունքներով ու արդարությամբ, ժողովրդավարությամբ։

«Ազատությունները, որոնք այստեղ առաջին անգամ փորձարկվեցին, ես համարում եմ՝ բավարարում են արդարության սկզբունքին, արդյունք է, այսպես ստացվեց, այսինքն՝ ձևականորեն  հո չէինք ասելու՝ դու մի դիր, դու մի դիր, թող Սերոժիկը կամ Պողոսիկը դնի, ինչ է թե անունը դնեք, որ արդյունք է․․․ Սա էլ է արդյունք, ժողովուրդ ջան, որևէ տեղ չի գրված և չի էլ կարող այդպես լինել, տեսաք խիստ մրցակցություն էր, քվեներով էլ երևաց՝ 6, 8, 9 -ն էլ՝ անվավեր։Կարող է այլ թեկնածու լիներ, քվեներն այլ կերպ բաշխվեին, ես կարծում եմ, որ սա ոչ մի ձախողում էլ չէ, կարծում եմ՝ բուհը շահում է այս պրոցեսներից։

Ճիշտ է՝ այն մտահոգությունը կա, թե պարզ չէ՝ ով է լինելու ռեկտոր, ինչպես կողմնորոշվենք, բայց ժամանակն է, որ բուհի այդպես մտածող աշխատողները սկսեն կողմնորոշվել բարեխղճությամբ։ Դասախոս ես, գնա դասախոսիդ գործն արա, լաբորանտ ես, գնա լաբորանտիդ գործն արա։ Կապ չունի հիմի ասենք ռեկտորը ընտրվել է, թե չի ընտրվել, խոշոր քաղաքականություն փոխել կրթական ոլորտում կամ համալսարանում կրթագիտական քաղաքականություն փոխելու ինչ-որ արմատական ոլորանների մասին խոսք չկա։ Երկու հայեցակարգ տեսանք, ես չասեմ իմ կարծիքը դրանց մասին, մարդիկ իրենց ընկալումներն էին ներկայացրել, կգան ուրիշ մարդիկ, կներկայացնեն իրենց ընկալումները, տեսնենք ինչպես կընտրի հոգաբարձուների խորհուրդը։

Մի նկատառում էլ ասեմ՝ մենք կանոնադրության մեջ ծավալուն փոփոխություն ենք արել և պիտի ուղարկենք պետական ռեգիստր գրանցման, դրանց մեջ գիտխորհրդի ձևավորման կարգն արմատապես փոխվել է, դարձել է ավելի մասնակցային և ժողովրդավար։ Գիտխորհրդից ընտրվելու են վեց հոգի, գան հոգաբարձուների խորհուրդ, դասախոսական կազմի մասին է խոսքը, ուսանողներից 5-6 հոգուց հինգը կարծես այս  տարի ավարտում են, իրենց կազմն է փոխվելու։ Այսինքն՝ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվելու է այս ընթացքում, չի կարող մնա հաստատուն։ Ինչ-որ մարդիկ գուցե զբաղվածության պատճառով դուրս մնան հոգաբարձուների խորհրդից, նոր մարդիկ կլինեն, կընտրվեն կամ նշանակվեն այդտեղ։ Սա գործող օրգանիզմ է, չեմ կարող ասել, որ իդեալական կերպով առողջ օրգանիզմ է, բայց որ սկսում է պայքարել այս օրգանիզմը, հիվանդի նման ինքն իրեն սկսում է բուժել, բալասանել, ես այդպիսի պատկեր եմ տեսնում։ Ճիշտն ասած, ինչ ասես խոսում էին՝ Լևոնն ուզում է բուհը լուծարել, Լևոնն ուզում է փակել տալ, այսքան տանջվում ենք, որ բուհը փակել տա՞նք»։

Մենք Լևոն Բարսեղյանին հարցրեցինք՝ այս ընտրությունները մեսիջ կդառնա՞ն մյուս հավակնորդներին հեռու մնալու «դաբրոների» թեմայից։ Հոգաբարձուների խորհրդի երեկվա  նիստում այս թեմային խստորեն անդրադաձավ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ նշելով, որ թեկածուներից մեկը շահարկել է իրենց գերատեսչության անունը։

«Ես կարծում եմ, որ անտիկ միտքը՝ ի՞նչ է պետք անել բամբասողին, հարկավոր է կտրել լսողի ականջները, շատ արդարացի է։ Ես լիքը բան եմ կարդում էլի, բայց ոչ մի անգամ էդ ասեկոսեներից չօգտվեցի և չեմ օգտվելու։ Հազար ու մի բան, բայց մարդիկ կային, որոնց հայտարարություններն ու խոսքերը, այդ բամբասանքներն անհանգստացրել էին ու ելույթ ունեցան, ինձ էլ հազար բան էին գալիս, պատմում՝ էս ինչն ասել է, որ դու իրա թիկունքին կանգնած ես, էն ինչն ասել է, թե նախարարն է իր թիկունքին կանգնած։ Ասել եմ՝ ժողովուրդ, թարկ տվեք, հեռացեք ինձնից, էդ հարցերով ինձ մի դիմեք, մեկնաբանություն մի խնդրեք, ոչ անուն տվեցի, ոչ էլ տալու եմ։

Այսինքն՝ այս գործը ամուր նյարդեր է ուզում, ինձ թվում է՝ մենք հավաքանակության մեջ հաղթահարեցինք այդ խնդիրը։ Հաջորդ անգամ երևի թե ուշադիր կլինեն այդ բամբասանքներն անողները կամ տարածողները, կասեն՝ այ մարդ, չի ազդում սրանց վրա, փաստորեն քվեարկության արդյունքների վրա չի ազդում»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031