Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հացը Սահակ Մինասյանն է կտրել»․ Շիրակի մայր բուհում ռեկտոր չընտրվեց

Մարտ 02,2019 22:10

Այսօր ժամը 12-ից սկսվել էր Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տևեց մոտ 9 ժամ, բայց այդպես էլ ռեկտոր չընտրվեց։ Մրցակցությունը երկու թեկնածուների՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանի միջև էր։

Նրանցից յուրաքանչյուրը բավական մանրամասն ներկայացրեց բուհի զարգացման իր ծրագիրը, նրանց հարցեր ուղղեցին թե՛ հոգաբարձուների խորհրդի անդամները, և՛ թե դասախոսները, նրանք հնարավորություն ունեցան նաև միմյանց հարցեր տալու։

Նկատենք, որ թեկնածուներին ուղղված հարցերը երբեմն դուրս էին նրանց հայեցակարգային փաթեթներից ու առնչվում էին վերջին շրջանում մամուլում նրանց մասին տեղ գտած հրապարակումներին կամ Գյումրիում պտտվող խոսակցություններին։ Օրինակ՝ Անդրանիկ Սարգսյանին հարց ուղղվեց, թե որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, թե ինքը բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի թեկնածուն է։ Նրա  կոշտ ու կտրուկ պատասխանը մի տեսակ զարմանք առաջացրեց, վերջինս հայտարարեց․ «Իմ հացը Սահակ Մինասյանն է կտրել» ու մանրամասնեց, որ  Սահակ Մինասյանը, ռեկտոր դառնալով, առաջինը իրեն է  ժամերից զրկել։

Հարցին՝ երբևէ կուսակցական եղե՞լ է, թեկնածուն՝ ասաց, որ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, սակայն թավշյա հեղափոխության ժամանակ լքել է ՀՀԿ-ի շարքերը։ Նա նաև հարկ համարեց պարզաբանել, թե ինչպես էին նախորդ իշխանությունների ժամանակ մարդիկ դառնում կուսակցական։ Նշենք, որ նրան հիմնականում սուր հարցեր էր տալիս Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Լուսինե Ֆլջյանին ևս ծրագրից դուրս հարցեր ուղղվեցին։ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը  նրան խնդրեց հերքել կամ հաստատել օրերս շրջանառվող այն տեղեկությունները, թե  Լուսինե Ֆլջյանը տարբեր մարդականց մոտ ասել է՝ Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանն են լիազորել  իր թեկնածությունը, և որ ինքը ընտրված թեկնածու է։

«Խնդրում եմ հերքել կամ հաստատել, որովհետև ինձ համար շատ կարևոր է այսօրվա իշխանությունների ներգրավվածությունը թեկնածուների ընտրության հարցում։ Այսինքն իրե՞նք են երաշխավորելու ձեր անցնել- չանցնելը»,-թեկնածուին հարցրեց Սոֆյա Հովսեփյանը։

Լուսինե Ֆլջյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այս մասին, Արարատ Միրզոյանին չի ճանաչում, իսկ Արայիկ Հարությունյանին գիտի որպես կրթության նախարար, և ինքը որևէ  բարոյական իրավունք չունի նման արտահայտություն անելու երկրի կրթության առաջին պատասխանատուի հասցեին։

«Դա անհեթեթություն է, ինձ համար զարմանալի է, ես այնքան բազմազբաղ մարդ եմ, նույնիսկ ժամանակ չունեմ անդրադառնալ անձերին»,-ասաց Լուսինե Ֆլջյանը։

Կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը ևս արձագանքեց այս հարցին:

Նա ասաց, որ սրանք շատ մտահոգիչ խոսակցություններ են: Իսկ հետո ձայն խնդրելով՝ փոխնախարար Առաքելյանը «դաբրո» ստանալու թեմայով բավական կոշտ ելույթ ունեցավ։

Նա հայտարարեց, որ տարբեր կենցաղային խոսակցություններում և մասնավոր զրույցներում շահարկվել  է նախարարության անունը։ Ըստ փոխնախարարի, սա բացահայտ սուտ է, մտահոգիչ է ու վտանգավոր, որ թեկնածուն զարգացման ծրագիրը գրելուն զուգընթաց ապավինել է երևակայական, իր կողմից հորինված «դաբրոների» վրա՝ սրանով կասկածի տակ դնելով ապագա ռեկտորի հեղինակության, կոմպետենտության ու ինքուրույն որոշումներ կայացնելու հարցը։ Ըստ Լուսինե Առաքելյանի, սրանով կասկածի տակ է դրվում իրենց գերատեսչության սկզբունքայնությունը, վարկանիշը, հեղինակությունը, որ մերժելի է, անընդունելի է, անթույլատրելի է։

Այսօր ռեկտոր չընտրվեց․ թեկնածուներից Լուսինե Ֆլջյանը ստացավ 6 ձայն, Անդրանիկ Սարգսյանը՝ 8 ձայն, 9 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Թե որո՞նք կլինեն հոգաբարձուների խորհրդի անդամների հետագա քայլերը, Լևոն Բարսեղյանի հարցազրույցն՝ ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031