Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը պնդում է, որ գյուղապետը սպառնացել է իրեն. նա էլ լրագրողին է մեղադրում՝ «մտել է գյուղ, չի թողնում աշխատենք»

Մարտ 24,2019 15:40

Fnews.am-ի տնօրեն, լրագրող Գայանե Զարգարյանն Aravot.am-ին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր խոսքով՝ մարտի 22-ին իրեն սպառնալիքներ են տրվել Արմավիրի մարզի Ամբերտ համայնքի ղեկավարի՝ նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանի կողմից: Գայանե Զարգարյանը, մասնավորապես, գրել է. «Հաղորդում՝ հանցագործության մասին: Առիթ ունեցել ենք նշելու, որ նախկին ՀՀԿ-ական, Ամբերդ համայնքի երկարամյա համայնքապետ Մամվել Բաբայանը ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով խուսափում է պատասխանել Fnews.am էլ. օրաթերթին հետաքրքրող մի շարք հարցերի:

Մոտ մեկ ամիս է, ինչ համայնքապետ Բաբայանից փորձում ենք (փաստարկված) պարզաբանումներ ստանալ, թե իրականում համայնքային բյուջեով կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել համայնքում: Երկրորդ. ի՞նչ սկզբունքով են համայնքից դուրս գրվել սոցիալական օգնությունները, եւ երրորդ՝ ինչպե՞ս է ստացվել, որ մի դեպքում գյուղապետն ինքն անձամբ իրեն է համարել սոցիալապես անապահով, ու օգնություն ստացել, մեկ այլ դեպքում ՝ նպաստ ստացողը համայնքապետարանի օպերատորի բարեկամն է եղել, դե իսկ մեկ ուրիշ իրավիճակում էլ ՝ կարծես թե առավել ապահով պայմաններում ապրող ամբերդցի Խոդոյաններն են օգնություն ստացել, եւ այսպես շարունակ:

Ի դեպ, բարձրաձայնել էինք նաեւ այն մասին, որ Մ. Բաբայանը մեջ-մեջ է արել համայնքի հաստիքները՝ գործի նշանակելով ծանոթ-բարեկամների. հարազատ քրոջ տղային, այդ թվում նաեւ իր իսկ կնոջը… Խախտելով ՏԻՄ-ի մասին համապատասխան օրենքը, 2014-ից մինչ 2018 թվականի կեսերը, Բաբայանի կինը՝ Լիդա Հարությունյանը, որպես առաջին կարգի մասնագետ, աշխատել է Ամբերդի համայնքապետարանում:

Եվ ահա, ս. թ․-ի մարտի 22-ին էլ, բնակիչներից մեկի խնդրանքով, հերթական անգամ այցելել էինք համայնք՝ լուսաբանելու, թե ինչպես են վագոն-տնակներում բնակվող բնակիչները կազմակերպում իրենց առօրյան, կենցաղը, եւ թե ինչպես են կիսաքանդված վագոն-տնակներում գոյատեւում արդեն տասնինը տարուց ավելի: Եվ մինչ փորձում էինք զրույցի բռնվել համայնքի այլ բնակիչների հետ եւս, ովքեր անկեղծորեն խոստովանում էին, որ փորձում են հույսեր կապել այսօրվա իշխանությունների հետ, քանի որ եզակի իրավիճակ է, երբ իշխանության են եկել ժողովրդի վստահության քվեն ստացած մարդիկ, հանկարծ ինձ է զանգահարում Ամբերդ համայնքի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանը, եւ հայհոյանքների, զրպարտանքների ու սպառնալիքների տեղատարափով փորձում է ճնշում գործադրել իմ օրինական գործունեության վրա:

Վերջինս ինձ զգուշացնում էր, որ շատ ենք գալիս Ամբերդ համայնք, եւ որ դրա վերջը վատ է լինելու, ու որ չենք մարսելու.

«Ես Ձեզ զգուշացնում եմ, լավ չի լինելու, թողեք գնացեք իմ գյուղից, թողեք աշխատենք: Չեք մարսելու: Զգուշացնում եմ. զգույշ եղեք, ես սրոկից վախեցող տղա չեմ, չեք մարսելու. էդ մի բանը լավ իմացեք, զգույշ եղեք»,-նմանատիպ սպառնալիքներով համեմված գյուղապետի վիրավորանքներին ու զրպարտություններին ականջալուր եղանք մոտ քսանհինգ րոպե: Հարկ եմ համարում նշել, որ իմ ձեռքի տակ առկա է մեր խոսակցության ձայնագրությունը, որտեղ գյուղապետը դիմակազերծում է իր իրական դեմքը: Դիմում եմ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը, հրապարակումն ընդունել որպես հաղորդում ՝ հանցագործության մասին: Կարծում եմ, պատկան մարմինների արձագանքը չի ուշանա:

Հիշեցնեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ցանկացած պաշտոնյա, ով կհամարձակվի միջամտել որեւէ լրատվամիջոցի ներկայացուցչի օրինական գործունեությանը, կպատժվի ՝ օրենքի ողջ խստությամբ:

Պարո՛ն վարչապետ, այժմ Ձեզ եմ ներկայացնում կոնկրետ դեպք, հնչեցնելով նախկին ՀՀԿ-ական, ներկայիս Ամբերդ համայնքի ղեկավար Մ . Բաբայանի անունը, ով ոչ միայն միջամտել, այլ նաեւ հայհոյախառը սպառնալիքներ է հնչեցրել՝ իմ անձի հասցեին: Ասելով, որ  «դե ձայնագրությունը տար, ում սեղանին ուզում ես դիր»:

Aravot.am-ը փորձեց կարծիք հարցնել նաեւ Ամբերդի ղեկավարից: Մանվել Բաբայանը ասաց. «Չէ, այ ցավդ տանեմ, ի՞նչ սպառնալ: Նա մտել է գյուղ՝ դուրս չի գալիս, խանգարում է մեզ, չի թողնում աշխատենք»: Իսկ թե ինչն է դարձել համայնքի ղեկավարի եւ լրագրողի միջեւ անհամաձայնության առիթ, Մանվել Բաբայանը նախ նշեց. «Ֆուտբոլի դաշտի կողքին հող կար, երիտասարդները չուզեցան վաճառեմ, չվաճառեցի: Մտավ գյուղ, համայնքը խառնեց իրար: Ո՛չ հարկ ենք կարում հավաքենք, ո՛չ ժողովուրդն է կարում հանգստանա: Տեսնում՝ վատանում են: Ժողովուրդն իմ կողքին է, չեմ հասկանում, թե նա ինչ է ուզում: Զանգեցի ասացի, որ թողնի աշխատենք: Ոչ ասում է, թե ով է բողոքում… Ես ի՞նչ եմ արել, ես այդ մարդը չեմ: Քսան տարի համերաշխ ղեղավարում եմ համայնքը: Ում պետք է եղել՝ օգնել ենք: Գյուղի ջրագծերը փոխված են, գլխավոր ճանապարհը՝ ասֆալտապատված, փողոցները՝ խճապատված, գիշերային լուսավորությունը՝ քաշած: Մշակույթի տունն էլ սարքվում է: Նա եկել է մշակույթի տուն, նկարել միայն առաստաղը, որը դեռ նորոգված չէր, եւ այդ մասին նյութ գրել: Հունից հանում է»:

Ինչ վերաբերում է Գայանե Զարգարյանի նամակում մատնանշված վագոն-տնակներին, Մանվել Բաբայանը տեղեկացրեց, որ Գայանե Զարգարյանը զրուցել է դրանց բնակիչներից մեկի հետ. «Այդ տնակում ապրող կնոջ համար «դոմիկը» ես եմ առել-տվել: Նրա դոմիկը վառվել էր: Հիմա էլ տուն է կողքին սարքում, ես էլ ասել եմ, որ ինչով կկարողանամ՝ կօգնեմ: «Դոմիկի» աղջիկն ասել է, որ այդ մասին ինքը հայտնել է նաեւ լրագրողին, բայց լրագրողը սեւացրել է: Ես այնքա՜ն հարգանք ունեմ իմ համայնքում»:

Ինչ վերաբերում է կնոջը համայնքապետարանում աշխատանքի ընդունելուն, Մանվել Բաբայանը տեղեկացրեց. «Այո, կնոջս եմ գործի ընդունել: Տղաս բանակ էր գնացել, նեղն էինք: Բայց նա մասնակցել է մրցույթի: Ամեն ինչ արել եմ օրինական: 2018 թ.-ին, սակայն, նրան ազատեցի աշխատանքից, որ չասեն, թե ընտանիքի անդամին աշխատանքի է ընդունել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031