Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողների «Օթելլոն» լավագույնն է ճանաչվել Մոսկվայում, իսկ ադրբեջանցիներինը` օրիգինալ

Մարտ 25,2019 16:09

Մարտի 15-20-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին մասնակցել են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի՝ մասնավորապես Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի 3-րդ կուրսի ուսանողները: Նրանք մարտի 18-ին հանդես են եկել «Օթելլո» ներկայացմամբ: Հայ ուսանողների մասնակցությամբ «Օթելլոն» արժանացել է «Լավագույն դրամատիկական ներկայացում», իսկ ուսանողներ Վահագն Սամվելյանը և Աննա Ոսկանյանը՝ «Լավագույն երկրորդ պլանի դերասան» եւ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» մրցանակների:

Ուսանողները պարգեւատրվել են նաեւ դիպլոմով:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԵԹԿՊԻ-ի Միջազգային և հանրային կապերի գծով պրոռեկտոր Արմինե Եղիազարյանը, պատվիրակության կազմում իրենից բացի, եղել են կուրսի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը և դասախոս, խորեոգրաֆ Արա Ասատուրյանը: Պրոռեկտորը հայտնեց, որ հանձնախումբ է ստեղծվել, որը 6-7 ներկայացումներից ընտրել է «Օթելլո» պլաստիկ նորարական ներկայացումը:

«Իրենց շատ էր դուր եկել մեր ներկայացումը, տպավորված էին հատկապես ռեժիսորական աշխատանքով: Ի դեպ, յուրաքանչյուր երկիր իր լեզվով էր խաղում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հայաստանի «Օթելլոյին» նախորդել է ադրբեջանական ներկայացումը` «Լեգենդ Օթելլոյի մասին» վերնագրով: Ադրբեջանցիներն էլ պարգեւատրվել են «լավագույն դերասան» եւ «Օրիգինալ բեմադրություն» անվանակարգերում: ՄԻ դեպ, հետո պարզվել է, որ նրանց Օթելլոյի դերակատարը 27 տարեկան է ու թատրոնի` գործող դերասան»,-ընդգծեց տիկին Եղիազարյանը

Նրանից տեղեկացանք, որ փառատոնին մասնակցում էին նաեւ Ղազախստանը, Ուզբեկստանը, Մոլդովան եւ Բելառուսը:

Փառատոնի ծրագրում ներառված էին վարպետության դասեր, ներկայացումների դիտումներ, քննարկումներ, շրջայցեր, որոնց ուսանողները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին: Տիկին Եղիազարյանը նշեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտը համագործակցում է ԳԻՏԻՍ-ի հետ, եւ պարբերաբար վարպետության դասեր են անցկացվում նրանց կողմից: Իսկ այս տարի փառատոնի մեկնած հայ ուսանողներն առաջին անգամ էին Մոսկվայում: Իրենց համար անակնկալ են եղել մրցանակները:

«ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը երրորդ անգամ է մասնակցել, մի անգամ Նորա Գրիգորյանի կուրսն է մասնակցել, դրանից առաջ էլ Երվանդ Ղազանչյանի կուրսը:

Արմինե Եղիազարյանից տեղեկացանք նաեւ, որ այլ փառատոների ու վարպետության դասերի մասնակցելու հրավերներ են ստացել, որոնց մասին կխոսեն հարմար առիթով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները Երեւանի թատրոնի եւ կինոյի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031