Լրահոս
Օրվա լրահոսը

«Չես կարող Սուրբ Պատարագի մեղեդին երգել, եթե դրա մեջ չես դրել աղոթք, կանչ, զղջում, խնդրանք»

Մարտ 29,2019 12:30

Վարուժան սարկավագ Մարգարյանը երգիչ-խմբավար է, դպրապետ, «Լավագույն հոգեւոր երգեր կատարող»-ի տիտղոսակիր: Վարուժան Մարգարյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Խմբավարություն ու ջութակ» եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մեներգեցողություն» բաժինները: Իր ծառայության 25 տարիներին մեծ ավանդ է ունեցել հայ հոգեւոր երաժշտության տարածման եւ մշակման գործում՝ Հայաստանում խմբավարելով եւ մեներգելով «Նարեկ» (արական երգչախումբ, ղեկ՝. Մ. Մկրտչյան), «Կոմիտաս» (ԵՊՀ երգչախումբ, ղեկ՝. Հ. Թոփիքյան) եւ «Հովեր» պետական կամերային (ղեկ՝. Ս. Հովհաննիսյան) երգչախմբերում, Երուսաղեմում՝ Ս. Հակոբյանց միաբանությունում եւ Կանադայում՝ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Կոմիտաս» երգչախմբում:

 

Սկիզբ, որ մատնանշեց ուղին

Ջութակի բաժնում էի սովորում, բայց նաեւ երգել էի սիրում: Եկավ ժամանակ, որ սկսեց հետաքրքրել, թե դասերից դուրս ինչո՞վ է զբաղվում իմ խմբավարը, ի վերջո ի՞նչ եմ անելու ես տարիներ անց: Կիրակի օրերին սկսեցի Մայր Տաճար գնալ՝ իմ խմբավարի գործին հետեւելու: Երկար ժամանակ պարզապես կողքից հետեւում էի, թե ի՞նչ է ներկայացնում իրենից խմբավարի աշխատանքը: Աշխատանք, որ Աստվածային նախախնամությամբ ինձ համար պիտի դառնար ծառայություն: Երկնային շնորհ էր Մայր Տաճարում կանգնել Լուսինե Զաքարյանի եւ այլ երգիչների կողքին ու երգել նրանց հետ, դրանք բաց դասեր էին ինձ համար: Ահա այդտեղ էլ երգը ապահովեց մուտքս եկեղեցի: Ժամանակ անց ես արդեն եկեղեցու երգչախմբում էի: Առաջին բանը, որ արեցի երգչախմբում, Սուրբ Պատարագ սովորելն էր: Երաժշտության միջոցով ես ընկալեցի եկեղեցու եւ հոգեւոր երգի էության խորությունը: Ի վերջո երաժշտությունը դարձավ այն կայծը, որով ճանաչեցի Աստծուն:

Սուրբ Պատարագ… Կա Կոմիտաս, կա Պատարագ, կա եւ բարձրագույն հոգեւոր վիճակի ընկալում: Սուրբ Պատարագի կատարելությունը հարկավոր է միշտ թարմ պահել Աստվածաբանական ընկալմամբ: Չես կարող Ս. Պատարագի մեղեդին երգել, եթե դրա մեջ չես դրել աղոթք, կանչ, զղջում, խնդրանք: Եթե այս բաղադրիչները կան երգում, ուրեմն հաջողած ես:

 

Մայր Աթոռից Ավետյաց երկիր

Ութ տարի Մայր Տաճարի երգչախմբում (խմբավար՝ Խ. Մեյխանեջյան) Ս.Պատարագներին մասնակցելուց հետո մի օր, Ս. Գայանե եկեղեցու արական երգչախմբի նկարահանումների ժամանակ, հանդիպեցի Թորգոմ պատրիարք Մանուկյանին: Վերջինս հրավիրեց ինձ Երուսաղեմ: Մտածում էի՝ ես որտեղ, Երուսաղեմը՝ որտեղ: Չանցած մի քանի օր՝ Թորգոմ պատրիարքն ինձ ներկայացրեց Վազգեն Ա Վեհափառին եւ վերջինիս «գլխի շարժմամբ» ես արդեն Երուսաղեմում էի՝ որպես խմբավար-դպրապետ։ «Երուսաղեմը քո Տունն է»,-ասում էր Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, իրավմամբ եւ այդպես է՝ հայացքս Երուսաղեմին պիտի մնա հավիտյան: Երուսաղեմում ես ավելիով հասկացա ու նվիրվեցի հոգեւոր երգին։ Արդեն 25 տարի ծառայում եմ իմ եկեղեցուն ու երբեք չեմ զղջա, հպարտությամբ պետք է շարունակեմ ծառայությունս: Ես սիրում եմ եկեղեցին. այդպես էլ պետք է լիներ: Ասացի՝ հայացքս Երուսաղեմին պիտի մնա հավիտյան եւ այո՛, հոգիս միշտ այնտեղ է, բայց երբ ծառայության մեջ ես, պիտի պատրաստ լինես կտրուկ փոփոխությունների: Կանադայում ամեն ինչ այլ է, բայց ես նույնն եմ, չէ՞, նոտաներս նույնն են, չէ՞, այլ հարց է, որ դադարներն են ուրիշ…

Խնդրի մեջ ընտրել դժվար ուղին

Ծառայության ընթացքում առաջանում են տարատեսակ դժվարություններ: Հոգեւոր կյանքում դրանք ամենուր են: Շատ աշխատանք կա անելու՝ հնին վարժված լինելու, նորը չընդունելու, միաձայն Պատարագը եռաձայնի վերածելու եւ այդպես շարունակ: Խնդիրները լուծելի են, եթե կա ճիշտ ընկալում: Խնդիրներ լուծելիս միշտ ընտրել եմ դժվար ուղին: Հոգեւոր կյանքում դժվարությունների հետ հաշտվելը պարտություն է: Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ունի իրեն տրված կոչում: Այլ հարց է, թե որքանո՞վ ենք գտնում մեր կոչումները: Իմ կոչումը, կարծում եմ, դպրապետությունն է:

Զրույցը՝ ԶԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

28.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031