Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում ի՞նչ են հարցաքննել լրագրողին, որը հրապարակել էր Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ. «Ասել եմ՝ աղբյուր չեմ բացահայտի, ինչ օրենք էլ ուզում են բերեն»

Մարտ 29,2019 23:42

ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու, մասնավորապես՝ Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը հրապարակելու համար:

Խոսքը «Ժողովուրդ» օրաթերթի 16.03.2019թ.-ի համարում տպագրված «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածի մասին է, որում, հրապարակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

Այսօր «Ժողովորդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության:

Aravot.am-ի հետ զրույցում Քնար Մանուկյանն ասաց, որ հարցաքննությունը տեւել է մոտ 1 ժամ. «Քննիչը հրավիրել էր ժամը 15-ին, ես գնացել էի փաստաբանի՝ Գեւորգ Մկրտչյանի հետ: Քննիչը Վազգեն Ավետիսյանն էր: Հարցաքննության ընթացքում շատ տարբեր հարցեր հնչեցին, հիմնական շեշտը դրվում էր աղբյուրի բացահայտման վրա: Ես, ինչպես իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ, նախաքննական մարմնին էլ ասացի, որ աղբյուրի բացահայտման մասին, անկախ նրանից, թե  ինչ իրավիճակներ կլինեն, օրենսդրական ինչ հիմնավորումներ  կբերեն, կգնանք դատարաններ, բոլոր դեպքերում աղբյուրի բացահայտման մասին խոսք անգամ լինել չի կարող: Շատ տարբեր հարցեր էին հնչում, որոնց հիմնական մեխը էլի աղբյուրի բացահայտումն էր, ու ես հերթական անգամ պնդում էի, որ աղբյուրի բացահայտման մասին խոսք լինել չի կարող: Ես իմ մտահոգությունը այնտեղ հայտնեցի, որ ՀՔԾ-ն այս քրեական գործով ճնշում է գործադրում: Ստեղծում են մի իրավիճակ, որ հետագայում իմ աղբյուրները որեւէ տեղեկություն վախենան ինձ հայտնել՝ որպես լրագրող: Իսկ  լրագրողի համար աղբյուրները պահպանելը ամենաառաջնային գործոններից մեկն է: Իրենք այս քրեական գործով ճնշում են գործադրում եւ իմ մասնագիտական գործունեությունը խաթարում են: Ես նշել եմ, որ ես շարունակելու եմ իմ մասնագիտական գործունեությունը՝ հանուն արդարության, հանուն ճշմարտության բացահայտման, այսինքն, այս ճնշումը ինձ չի վախեցնում, ես միայն վախենում եմ, որ իմ աղբյուրները չխուսափեն, չվստահեն: Ես կրկնում եմ, բոլոր պարագաներում աղբյուր չեմ բացահայտի, ինչ օրենք էլ ուզում են բերեն: Իրենք շատ հոդվածներ նշեցին, որ բացառություն կա, ես ասացի՝ ինչ բացառության մասին դուք ուզում եք խոսեք, ինչ օրենք էլ բերեք-չբերեք՝ աղբյուրի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, ես աղբյուր չեմ բացահայտի»:

Քնար Մանուկյանն ասաց, որ նախաքննության գաղտնիութունից ելնելով, հաշվի առնելով, որ ինքը որպես վկա է հարցաքննվել՝ այլ մանրամասներ չի կարող հայտնել, թե կոնկրետ քննիչի հարցադրումներն ինչպիսին էին եւ ուր էին տանում, բայց պարզ էր, որ հիմնականում նպատակ ունեին աղբյուրը բացահայտել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031