Լրահոս
Օրվա լրահոսը

120 պար՝ Վահրամ Արիստակեսյանի հոբելյանին

Ապրիլ 04,2019 13:30

Ապրիլի 4-ին լրանում է պարարվեստի նվիրյալ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 120-ամյակը:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նրա թոռնուհին՝ Կարինե Արիստակեսյանը, Արիստակեսյանական տարին մեկնարկել է մարտի 24-ին՝ «Պարատուն- 2019» ամենամյա փառատոնով, որը նվիրված էր վարպետի հոբելյանին: 60 պարային խումբ է մասնակցել ողջ Հայաստանի մասշտաբով, պարել են 120 պար: «120-ը խորհրդանշական թիվ է: Ամեն պար նվիրված էր Վահրամ Արիստակեսյանի կյանքի մեկ տարուն: Փառատոնը սկսվել է կեսօրին, ավարտվել գիշերը՝ ժամը 23-ին: Այսինքն՝ աննախադեպ մի բան է եղել»,-ասաց տիկին Արիստակեսյանը:

«Պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը հայտարարել է՝ քանի որ տարին նվիրված է Արիստակեսյանին, իրենց բոլոր միջոցառումները եւս նվիրված են լինելու նրա հոբելյանին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Վահրամ Փափազյանի հետ

Վահրամ Արիստակեսյանին ներկայացնելու հարկ չկա: Բերենք ընդամենը միայն մի քանի դրվագ նրա գործունեությունից. որպեսզի պարզ լինի անվանի պարուսույցի դերակատարությունը հայկական մշակույթի համատեքստում: Պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով նա 1926թ. բեմադրել է Դելիբի «Կոպելիան»՝ բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում։ 1932-1938թթ. եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933) եւ Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերաների պարերի բեմադրողը։

1957 թվականին Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային VI փառատոնի (1957թ., Մոսկվա) դափնեկրի կոչման։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել եւ բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։

Հիշեցնենք, որ 1989 թվականից սկսած՝ պարարվեստի գործիչները տարբեր ատյաններում բարձրացրել են Վահրամ Արիստակեսյանի կողմից հիմնադրված Երեւանի պարարվեստի քոլեջը նրա անունով կոչելու հարցը, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930