Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային տնտեսուհի, թե՞ տնտես

Ապրիլ 04,2019 16:35
tntesuhi

Տիկին Մելանյան 53 տարեկան է և անկեղծորեն համոզված է, որ երբ ամուսինն աշխատանքից տուն է մտնում, սպասեցնել չի կարելի. սեղանն արդեն պիտի պատրաստ լինի: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հայ կնոջ պարտականությունն է. ես ժամով գիտեմ, նախապես աղջկաս հետ սեղանն ենք գցում, ճաշերը տաքացնում։ Կինը պիտի խոհանոցու՛մ տիրուհի լինի»:

Նա ևս մեկ անգամ շեշտում է «խոհանոցում» բառն ու, որպես ապացույց, պատրաստվում ափսեները լվալ: Հարցիս՝ ամուսինը երբևէ ափսեները լվացե՞լ է, տիկին Մելանյան նկատելիորեն վիրավորված պատասխանում է, թե «բա ես թույլ կտա՞մ, բա ամոթ չի՞»:

Փոխարենը 24 տարեկան Աննան և ամուսինը ՝ Արթուրը, որն Աննայից մեծ է 3 տարով, ոչ մի վատ բան չեն տեսնում տնային գործերի կատարումը միմյանց միջև բաշխելու մեջ։ «Կինս ու ես նախապես չենք որոշել ՝ով ինչ պիտի անի։ Երբ ես եմ ազատ լինում, ես եմ զբաղվում տան գործերով, երբ Աննան է ազատ ՝ ինքը»:

Աննան էլ հաստատում է՝ ավելացնելով, որ ամուսինն ամեն ինչ էլ անում է ՝ արդուկից մինչև աման լվանալ ու մաքրություն։

Տնային գործերի մի շարք ձևերի կատարումը (սննդի պատրաստում, սպասքի լվացում, տան մաքրության պահպանում, սանհանգույցի մաքրում և այլն), ինչպես նաև երեխաների խնամքը, շարունակում են համարվել կնոջ առաջնային պարտականությունը։ Նույնիսկ տղամարդկանց ներգրավման դեպքում այն շարունակում է դիտարկվել որպես օգնություն կնոջը «կանացի գործերում»:

Ո՞րն է «կանացի» և «ոչ կանացի» բաժանման տրամաբանությունը։

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Սիրան Հովհաննիսյանի կարծիքով`հայաստանյան իրականությունում նման բաժանման հիմնական պատճառներից մեկը մեր մշակութային արժեհամակարգն ու հասարակական նորմերն են, բացասական և կամ դրական գնահատականները այս կամ այն աշխատանքի վերաբերյալ. «Կարևոր է կենտրոնանալ ոչ թե նրա վրա,թե ինչ կա մակերևույթին, այլ թե ինչ կա ներսում։ Եթե մենք գնահատենք զուտ գործողությունը, ապա այլևս չենք մտածի, թե ով է այն իրականացնում ՝ տղամարդը, թե՞ կինը»:

Եթե դիտարկենք արտասահմանյան հետազոտությունները 100-ից ավելի երկրներում, ապա կառանձնացնենք տնային գործերի բաժանման չորս տարածված մոդել ՝ ընդհանուր գրեթե բոլոր երկրների համար։ Առաջինը ՝ տնտեսական կախվածության մոդելն է, երբ տնային գործերն իրականացվում են ի ակնկալումն տղամարդուց տնտեսական օժանդակության, այսինքն ՝ կանայք են դառնում դրանք իրականացնողը, քանի որ աշխատաշուկայում վերջիններս զբաղեցնում են առավել ցածր դիրք և վճարվում առավել քիչ, քան տղամարդիկ։

Երկրորդը ժամանակային ռեսուրսի սահմանափակ լինելն է, երբ տնային գործերի կատարումը բաշխվում է ըստ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի զբաղվածության աստիճանի։ Երրորդ մոդելը ընտանիքի անդամներից ամեն մեկի անձնական ռեսուրսների փունջն է ՝ կրթություն,աշխատավարձի չափ, մասնագիտական կարգավիճակ և այլն։ Որքան ընդգրկուն և ազդեցիկ է այս փունջը ընտանիքի կամայական անդամի մոտ, այնքան քիչ ժամանակ է նա ծախսում տնային գործերի իրականացման վրա։ Չորրորդը գենդերային կարծրատիպերի շարունակական փոխանցումն է այն համատեքստում, թե որն է «կանացի», իսկ որը՝ ոչ։

Այդպիսի օրինակ է Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի 2016-ին կատարված “Americans’ Attitudes Toward Housework” հետազոտությունը, որի շրջանակներում մարդկանց ներկայացվել է նույնասեռական ընտանիքների մտացածին մոդել և առաջարկվել է որոշել, թե զույգում ով պետք է ստանձնի տնային գործերի կատարման պարտականությունը։ Առաջարկվող գործերի մեջ եղել են տարբեր բնույթի աշխատանքներ ՝ լվացքից մինչև տեխնիկայի վերանորոգում։ Հարցվողներն ավանդաբար «կանացի» մեկնաբանվող աշխատանքի տեսակները բաշխել են «կանացի» գենդերային հատկանիշներ ունեցող, իսկ «տղամարդկային» որակվող տեսակները` գենդերապես «տղամարդկային» հատկանիշներ ունեցող անդամի միջև։ Հետաքրքիր ու հակասական են նաև աշխատաշուկայում զբաղվածության կրճատման հետևանքները կնոջ և տղամարդում դեպքում։

Սոցիոլոգ Ջուլիա Բրայնսի հետազոտություններից մեկն ասում է, որ հետերոսեքսուալ ընտանիքներում կինը՝ աշխատանքը կորցնելուց հետո, իր վրա է վերցնում տնային գործերի իրականացման պարտականությունը։ Հակառակն է տեղի ունենում տղամարդու դեպքում.որքան մեծանում է տնտեսական կախումը կնոջից, այնքան նա ավելի քիչ ժամանակ է հատկացնում այդ գործերին։ Դա պայմանավորված է գենդերային կարծրատիպերի ազդեցությամբ, երբ տղամարդը հրաժարվում է ստանձնել տնային գործերի կատարումը ՝ չցանկանալով այդ կերպ հաստատել իր «ձախողված» լինելը՝ ավանդական «կերակրողի» դերում։ Հասարակությունն էլ ավելի է սրացնում իրավիճակն իր քննադատական մոտեցմամբ։

Այս դեպքում ո՞րն է լուծումը։ Սոցիոլոգ Էնջըլա Դեյվիսը այդ լուծումը տեսնում է «տնային գործեր» ասվածի վերաիմաստավորման, այսինքն` չվճարվող և ինքնակազմակերպվող աշխատանքից ՝ վճարվողի անցման մեջ։

Հայաստանում լուծման ճանապարհներից մեկը գենդերային հավասարության մշտական դիսկուրսն է, քանի որ «նման խնդիրները որքան շատ են բարձրաձայնվում,այնքան ընտանեկան միջավայրում և միջանձնային հարաբերությունների ոլորտում դառնում են հաճախակի քննարկման առարկա,-նշում է Սիրան Հովհաննիսյանը,-իսկ մեզ համար կարևոր է հասարակության կողմից արձագանք ստանալը,նույնիսկ եթե այն բացասական է»: Նա կարևորում է նաև քաղաքական կամքի առկայությունը, ինչպես օրինակ օրենսդրական սահմանումները կամ աջակցությունը քաղաքական գործիչների կողմից, ովքեր օրինակ կծառայեն գենդերային հավասարության, առհասարակ հավասարության և խաղաղության կոնցեպտներում։ Եվ ի վերջո «խնդիրն այն չէ, թե ով ինչ է անում,այլ թե այդ աշխատանքին մենք ինչ արժեք ենք տալիս»:

Մերի ՇԱՄԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930