Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

Ապրիլ 09,2024 20:40

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։

Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրելու՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ առանց այս մոտեցումների անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր։

«Իրավահավասարության երաշխավորումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Գենդերային հավասարության ապահովմանն ու խթանմանն ուղղված մեր միջոցառումները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ հանրային իրազեկման  ու ոլորտի օրենսդրության կատարելագործման աշխատանքները, կրում են շարունակական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում մեծ տեղ է հատկացվել իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքին առնչվող հարցերին»,- բացման խոսքում նշել է Անահիտ Մանասյանը:

Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս ոլորտում Պաշտպանի գործունեությունն իրականացվում է ինչպես անհատական դեպքերով կանանց խախտված իրավունքները վերականգնելով կամ հնարավոր խախտումները կանխարգելելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանանց իրավունքները խախտող պատճառները վերացնելու միջոցով: Այս տեսանկյունից շատ կարևոր դեր ունի  Պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը։

Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դրական օրինակ կծառայի այլ պետական հաստատություններում գենդերային հավասարության և կանանց կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամրապնդման, հատկապես՝ ԳՀՊ գործընթացի ներդրման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում։

Միջոցառմանը մասնակցել են գործադիր իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930