Լրահոս
Օրվա լրահոսը

Ումի՞ց եւ ինչո՞ւ պաշտպանել Արցախի ժողովրդին եւ իշխանությանը

Հունիս 06,2019 17:37 Share

«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն այսօր ցույց էր կազմակերպել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ`«Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի եւ օրինական իշխանության» խորագրով:

Aravot.am-ի հարցին`ումի՞ց եւ ինչո՞ւ են ուզում պաշտպանել Արցախի ժողովրդին եւ օրինական իշխանությանը, կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը պատասխանեց. «Ումի՞ց» հարցին պատասխանելով, չեմ ցանկանում մեր այսօրվա խաղաղ ակցիային քաղաքական երանգ տալ, որովհետեւ, եթե հիմա ես հայտարարեմ, թե քաղաքական առումով ո՞վ, ի՞նչ քայլերով եւ ինչպե՞ս է փորձում աղճատել միասնությունը, կստացվի, որ ինքս նաեւ աղճատման եմ տանում: Այդ պատճառով`զերծ կմնամ ինչ-որ անուններ հրապարակելուց: Միայն կասեմ, որ եթե կան այդպիսիք, խնդրում եմ, որ դարձի գան, որովհետեւ հայը մեկն է, ազգը մեկն է եւ ազգամիջյան ցանկացած բաժանում միմիայն ձեռնտու է սահմանից այն կողմ գտնվող մեր թշնամուն»:

Նարեկ Մանթաշյան

Հաջորդ հարցին`փաստորեն, կան այդպիսիք, եթե որոշել եք նման ակցիա իրականացնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, ինքներդ գիտեք: Հայաստանում կան մարդիկ, ովքեր, օրինակ հայտարարում են, որ պատրաստ են Արցախի նախագահի գուխը քարերով ջարդելու, Հայաստանի վարչապետը սկսել է Արցախի նախագահի հետ մամուլով շփվել. սրանք վտանգավոր ուղերձներ են, որոնք անպայման պետք է հակազդեցություն ստանան»:

Կառլեն Ավետիսյան

Ցույցի մասնակիցները ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանին իրենց եւ շատերի անունից զորակցություն փոխանցեցին` նամակի տեսքով:

Մանրամասները` տեսանյութում

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանն էլ նկատեց, որ ատելությանն ատելությամբ պատասխանելը մեզ լավ տեղ չի տանելու: Նա այսօր կառավարության նիստում վարչապետի խոսքն էլ է լսել եւ կարծում է, որ եկել է կանգ առնելու ժամանակը, այլապես լավ տեղ չեն գնալու:

Aravot. am-ի հետ զրույցում, մեր դիտարկմանը, որ վարչապետը չանդրադարձավ կամ անտեսեց երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակում հնչած`Արցախի նախագահի գլուխը կոտրելու կոչերին, Կառլեն Ավետիսյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել ՀՀ վարչապետի ասածները. «Վարչապետն ասել է այն, ինչ ասել է: Երեւի ինչ-որ մտահոգություններ ունեցել է, որ ասել է»: Որ մեր կյանքում եղել են, կան եւ դեռ լինելու են վատ երեւույթներ, ըստ նրա, դա էլ բնական է, բայց պետք է կարողանանք միավորող գաղափարների վրա կենտրոնանալ եւ հայերի մեջ թշնամի չփնտրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930