Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սա ուղղակի զրպարտանք է քաղաքական հակառակորդների դեմ, և սա Փաշինյանի և նրա մերձավորների գործելաոճն է. Դավիթ Շահնազարյան. 168.am

Հունիս 19,2019 23:58

Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարվա ամփոփման, ձեռքբերումների, բացթողումների, ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերների և այլ թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ:

– Հայտնի է, որ վերջերս Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ղեկավարության հրավերով ինստիտուտում «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով։ Ձեր ելույթից հետո մամուլում հրապարակում եղավ, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ Դուք МГИМО-ի այդ միջոցառմանը կոչ եք արել, որ Ռուսաստանը հանդես գա Փաշինյանի կառավարության դեմ։ 168.am-ի հետ զրույցում Դուք կտրականապես հերքել եք այդ լուրերը և նշել, որ այդ զրպարտանքն ուղղորդված է եղել անմիջապես վարչապետ Փաշինյանի կողմից։ Արդեն իսկ կա հերքում նաև МГИМО-ի պրոռեկտոր Եվգենի Կոժոկինի կողմից: Ի՞նչ կասեք այս թեմայով:

– Այո, ես հրավեր էի ստացել МГИМО-ի ղեկավարությունից և մայիսի 24-ին ելույթով հանդես եմ եկել այնտեղ։ Դրանից հետո հենց Փաշինյանին ենթակա մամուլն այդպիսի զրպարտություն էր տարածել, որին ես անդրադարձել էի։ Իհարկե, իմ այդ անդրադարձին որևէ պատասխան չի եղել, բայց դրանից հետո շարունակվում է նրանց կողմից իմ դեմ գործունեությունը։ Բրյուսելում, Եվրամիության անդամ երկրների մայրաքաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայում և Վրաստանում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին։

Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ իշխանությունների կողմից տարածվող այդ լուրերը հերյուրանքներ են ու բացարձակ զրպարտանք, ինչը, ինչպես դուք նշեցիք, հրապարակավ հերքել էր նաև МГИМО-ի պրոռեկտոր Եվգենի Կոժոկինը, ով վարում էր այդ քննարկումը։ Բացի դրանից, դա Հայաստանի օրենքների խախտում է, քանի որ քրեորեն պատժելի արարք է դրսի որևէ ուժի նման կոչ անելը։ Իսկ ամենաէականն այն է, որ դա ինձ համար բարոյապես անընդունելի է, և իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ոչ միայն նման բան չեմ արել ու մտքովս անգամ չի անցել նման բան անել, այլև՝ միշտ դատապարտել եմ նման փորձերը։

Սա ուղղակի զրպարտանք է քաղաքական հակառակորդների դեմ, և սա Փաշինյանի և նրա մերձավորների գործելաոճն է, որովհետև չունենալով որևէ հակափաստարկ նույն այդ արտաքին քաղաքականության հարցերով, իսկ ես մանրամասն փաստեր եմ ներկայացրել նաև, թե ինչ հայեցակարգային սխալներ, բացթողումներ են կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում, ինչ կորուստների մեծ շղթա է եղել, բայց որևէ բովանդակային պատասխան չեմ ստացել, նրանք հիմա արդեն այս կերպ են փորձում գործել։

Ինչպես արդեն նշեցի, Եվրոպայում իրականում կան մեր ներքին ու արտաքին քաղաքականության մասին վատ տեղեկացված շրջանակներ, ովքեր սխալմամբ կարծում են, թե Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են ծավալվում։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ներքաղաքական խնդիրները բացառապես մեր գործն են, և դրսի որևէ ուժ թող չխառնվի մեր ներքին խնդիրներին և ներքին օրակարգին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «168.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930