ՀՀ ՆԳ Նախարար Պրն. Օսիպյանին
ՀՀ ԱԱ Վարչության նախագահ Պրն. Վանեցյանին
Մեծարգո Պարոնայք,
2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ:
Մենք այս 54 օրերի ընթացքում՝ օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝ միանալ մեր ստորագրահավաքին: Ուրախ ենք տեղեկացնելու, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են՝ պահանջելով չեղարկել և հետ ուղարկել կոնվենցիան:
Դժբախտաբար, այս ընթացքում հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, բացի այդ՝ յոթ անգամ հարձակումներ են իրականացվել մեր հենակետերի վրա: Դրանք տեղի են ունեցել.
- 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
- 2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
- 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
- 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Գյումրի քաղաքում
- 2019 թվականի օգոստոսի 18-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
- 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Ուջան գյուղում
- 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակ քաղաքում
Հարգելի Պարոնայք,
Տեղի ունեցած հարձակումների ձևն ու ոճը, հետզհետե ավելի կոպիտ դառնալը և բազում այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս անվարան հայտնել, որ կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է այս հարձակումները՝ նպատակ ունենալով մեզ ահաբեկել և հիասթափության հասցնել:
Արդ, սույնով մենք պահանջում ենք,
- Անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝ պահպանելու սահմանադրական կարգը և ապահովելու մեր իրավունքները:
- Հետաքննել վերոնշյալ դեպքերը, ի լույս բերել, օրենքի տառին համապատասխան իրավական գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել դարանակալ պատվիրատուներին:
- Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագա բոլոր ստորագրահավաքների եւ այլ միջոցառումների ընթացքում ապահովվեն հասարակական կարգը եւ «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:
Հարգանքով՝
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն


















































