Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ու Ախուրյանի բուժհաստատություններն անգամ զբոսաշրջիկների համար ծառայել են որպես գիշերակաց

Հոկտեմբեր 14,2019 23:37

Շիրակի մարզպետարանի դահլիճում այսօր զբոսաշրջության ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ «Զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով ֆորում, որի ժամանակ էլ  Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրապարակեց իրենց հետազոտությունների արդյունքները Գյումրու տոնին ու Անկախության տոնին Գյումրի այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ։

Նա ասաց, որ ավելի մեծ թվով  զբոսաշրջիկների այց էին ակնկալում, քան եկել են․ Գյումրու տոնին ՝ օգոստոսի 25-ին քաղաքն ունեցել է 4000-ից ավելի զբոսաշրջիկներ, որոնցից  ընդամենը 300-ն է մնացել Գյումրիում։

«Սա ցածր ցուցանիշ է, որովհետև մենք աշխատում ենք նրա համար, որ զբոսաշրջիկը գոնե մեկ օր գա ու Գյումրում անցկացնի, ֆինանսական արդյունք գրանցի Գյումրիում , քան առանց գիշերակացի հեռանա նույն օրը։  Ամսի 21-ին էլ ավելի մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրվել․ ակնկալվում էր 15 հազար զբոսաշրջիկ, բայց ունեցանք ընդամենը  7000-7100 զբոսաշրջիկ։ 7000-ից Գյումրիում մնացել են ընդամենը 2100 զբոսաշրջիկ»,-ասաց Նաիրա Գրիգորյանը։

Aravot.am-ի հետ զրույցում էլ Նաիրա Գիրգորյանն ասաց, որ  եթե  Անկախության տոնին Գյումրիում 15 հազար զբոսաշրջիկ լիներ, մի ոտքի տեղ անգամ չէր լինի։ «Իհարկե, կային փողոցներ, տաղավարներ, որոնց մոտ զբոսաշրջիկների հոսք նկատվում էր, բայց դա 15 հազարին հասնող հոսք միանշանակ չէր՝  7000-7100 էր», -ասաց մեր զրուցակիցը։

Նրա փաստմամբ, անցած տարի մոտ 10-15 զբոսաշրջիկ կարող էինք տեսնել քաղաքում  ողջ շաբաթվա ընթացքում, իսկ այսօր արդեն ամեն օր 50-60 հոգի է այցելում։

«Պոտենցիալ  աճը ինչի՞ հետ է կապված, դա ավելի շատ անհատական է․ ճիշտ է՝ պետական մակարդակով աջակցություն բավականին եղավ, որպեսզի Գյումրի և առհասարակ Շիրակ զբոսաշրջիկներ շատ ավելի գան, բայց իրականում անհատներն էլ այս հարցում շատ մեծ ներդրում ունեն․ եթե մեզ նման երիտասարդները կոչեր չանեին, Գյումրին, այսպես ասած, սիրել չտային, շատ քչերը չցանկանային գալ։

Ես ուրախ եմ և՛ անհատների,  և՛ պետական աջակցության համար, որովհետև և՛ նախագահի, և՛ վարչապետի կոչը միանշանակ մեծ ազդեցություն ունեցան․ և կառավարության որոշումը մեծ ազդեցություն ունեցավ․ այսօր ամեն շաբաթ-կիրակի կարող ենք տեսնել դպրոցականների, գալիս են Գյումրի, հրապարակներում այլևս ավտոբուսների  կայանելու տեղ չկա»։

Մեր հարցին, թե Հայաստանի տարբեր վայրերից բացի,  ո՞ր  երկրներից են  այցելում  Գյումրի, Նաիրա Գրիգորյանն ասաց․ «Պատկերացրեք այս տարի չինացիներն են արդեն շատ Գյումրիում, բացի նրանից, որ տաջիկները գալիս են մի  գիշերակացով ու  վերադառնում են, նաև չինացիների մեծ հոսք է նկատվում։ Մեծամասամբ իտալացիներ, գերմանացիներ են, ռուսներն էլ մեզ մոտ առաջին հորիզոնականում են ։

Ովքե՞ր են  գալիս Գյումրի, օտարերկրացիների մասին է խոսքը, նրանք, ովքեր մեկ օր գնացքով գնում են Թբիլիսի, ստիպված մնում են Գյումրիում, նրանք գալիս են ու զարմանում ու հետո ափսոսում՝ եթե մենք իմանայինք, որ Գյումրին այսքան գեղեցիկ քաղաք է, մենք ավելի երկար ժամանակահատված տրանզիտ կվերցնեինք և կմնանք Գյումրիում։

Ցավոք, նրանք են միայն գալիս Գյումրի, հատուկ փաթեթներ վաճառել, Գյումրին հատուկ ներկայացնել այս երկրներում, դեռևս նմանատիպ ծառայություններ Հայաստանը  չունի։ Դա է խնդիրը, որ օտարերկրացիները շատ քիչ են գալիս  Շիրակի մարզ, գալիս են պատահմամբ, կամ ինչ- ինչ բերումով․ ասենք՝ բարեկամ ունեն, կամ ինչպես ասացի՝ պիտի գնան Թբիլիսի, գալիս մի օր մնում են Գյումրիում, քաղաքը տեսնում են։ Որ  հատուկ գան Գյումրին տեսնելու, այդպիսի շատ քիչ զբոսաշրջիկներ ունենք։

Մնացածը ներքին տուրիզմի հիման վրա է զարգանում, մայրաքաղաքից  են շատ գալիս, Լոռու մարզից ունենք արդեն, ի զարմանս մեզ՝ Սյունիքի մարզից ունենք բավականին շատ տուրիստներ և դպրոցականներ են մեծամասամբ գալիս, նրանց են ուղղորդում Գյումրի՝ որպես մշակութային քաղաք»։

Մեր հարցին ՝անընդհատ խոսվում է հյուրանոցների, հյուրատների ու գիշերակացերի քիչ լինելու մասին, կա՞ նման  խնդիր, թե՞ արդեն թիվն ավելացել է, մեր զրուցակցն ասաց․ «Միանշանակ ավելացել է թիվը, մարդկանց հետաքրքրությունն է ավելացել։ Օրինակ՝ ամսի 21-ին բոլորը զանգահարում էին, թե մենք էլ ունենք տեղ, մեր կենտրոնը գիտեք ինչքան զանգեր է ստացել, որ եթե զբոսաշրջիկներ կլինեն, մենք ազատ տեղ ունենք, ուղղորդեք մեզ մոտ։  Բուժհաստատությունները, վերականգնողական կենտրոնները, որոնք ունեին ազատ մահճակալներ, Անկախության տոնին տրամադրել են զբոսաշրջիկներին։ Ախուրյանի, Գյումրիի վերականգնողական կենտրոնները տրամադրել էին մահճակալներ, որպեսզի այդ օրը մարդիկ դուրս չմնային»։

Զբոսաշրջիկները նաև իրենց տպավորություններով են կիսվել, նրանք արձանագրել են, որ գյումրեցի ընտանիքները շատ հյուրընկալ էին՝  նվազագույն պայմանները դարձրել են առավելագույն, հյուրասիրել են իրենց ու լավ տպավորություններով ճանապարհել Գյումրիից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝  Նաիրա Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031