Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բան են գողանում պետությունից, գրանցում է իր 75-ամյա հոր, կամ 18-ամյա տղայի անունով, իրավապահները պիտի ասեն՝ դե լավ, մեծ մարդ ա, չեթանք ու չհարցնե՞նք». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 18,2019 15:34

Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ինչո՞ւ ուշացրեցիք Սահմանադրական դատարանի հետ կապված ձեր քայլերը, որ հիմա արդեն այլ գործընթացների եք դիմում, մի տարի առաջ դուք որեւէ խնդիր չէիք տեսնում ՍԴ-ի հետ, այդ հարցը չէիք բարձրացնում՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց. «ԱԺ ընտրությունները եղել են դեկտեմբերի 9-ին, ձեւավորվել է հունվար-փետրվարին ու գործընթացը գնացել է այն ճանապարհով, որով պետք է գնար: Մենք չենք կարող ՀՀ-ն անընդհատ ցնցումների, ակցիաների մեջ պահենք: Բոլոր պաշտոնատար անձանց, հիմնարկներին, ովքեր նախկինում որեւիցե ձեւով աշխատել են ու միգուցե լռել են այն իշխանության ժամանակ, երբ պիտի չլռեին, երկրորդ հնարավորությունը իրենց տրվել է, ասվել է՝ հա, դուք եղել եք մի իրավիճակի մեջ, երբ ընտրակաշառք բաժանել ու չվերցնելը դժվար բան է եղել, բայց այսօր դուք չեք վճարում վերեւ որեւիցե չինովնիկի, իշխանությանը ու այս պահից սկսած պետք է դա չանեք: Փորձել ենք ՀՀ-ում պահել այն մթնոլորտը, որը եղել է հեղափոխության ժամանակ ու մնալու է: Բայց պետք չի դա վերածել գործողություն չանելու, թուլության: Մենք չենք ուզում այդ գիծը անցնենք, որ հետո դուք գաք ասեք՝ այստեղ բռնություններ են, հետապնդումներ են եւ այլն: Հավատացեք, եթե մենք ձեր ասած ձեւով գործեինք, այսօր ես կամ չէի խոսի, կամ գլուխս կախ կփորձեի արդարացնել բռնությունները, այն ամենը, ինչ ժողովուրդը մերժել է»:

Նա ասաց, որ անընդհատ գործընթացներ կան, որոնք բերելու են նրան, որ ՀՀ-ն մյուս ընտրություններին լինելու է մաքրված այն ժառանգությունից, որը մենք 27 տարի ձեւավորել ու ունեցել ենք. «Դա մեկ օրվա մեջ չեն մաքրում, իսկ վիրահատական միջոցներով մաքրելու պարագայում շատ մեծ վտանգների առջեւ ենք կանգնելու: Իհարկե, շատ հեշտ է սենց անել (մատը ճտտացնել) ու ասել՝ հլը սրա գլուխը մի հատ կտրեք, մի հատ գործից անեք, սրան էլ տարեք բանտ գցեք, բայց մենք էդ ճանապարհով ո՞ւր կեթանք; Այո, մեր մեղավորությունը միգուցե մարդկանց աչքերում կարող է լինել այն, որ մի քիչ դանդաղ ենք անում, բայց մենք դանդաղ չենք անում, որովհետեւ վախենում ենք, այլ որովհետեւ զգույշ ենք, որովհետեւ խոսքը վերաբերում է ՀՀ-ին, որովհետեւ այդ նույն մարդիկ, որոնց հետ կապված ժողովուրդը մեզ բռնում է փողոցում, ասում է՝ նրանց հարցը ե՞րբ կլուծեք մենք այդ մարդկանց հարցը չենք ուզում լուծել օրինականությունից դուրս ու այնպես, որ նրանք վաղը, մյուս օրը մեր սխալների պատճառով կրկին հայտնվեն իրենց պաշտոններին կամ ազատության մեջ: Պետք է ամեն ինչ արվի օրինականության դաշտում»:

Հարցրեցինք՝ այսինքն երբ Հրայր Թովմասյանի հայրիկին կանչում են ու փորձում են պարզել տան կտուրից, ունեցվածքի ծագումնաբանությունից եւ այլն, դա ճնշում չէ՞ Հրայր Թովմասյանի վրա՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես, ճիշտ է, մանրուքների ծանոթ չեմ, բայց բազմաթիվ դեպքեր գիտենք, որ պետական պաշտոնյաներն իրենց ունեցվածքը, ամեն ինչը գրանցել են իրենց զոքանչների, մամաների, պապաների, եղբայրների անուններով: Եթե այդպես է, ուրեմն պետք է իրավապահ մարմինները որեւէ ձեւով բան չանե՞ն, հա՞, ինչի՞ մասին է խոսքը: Ում անունով ուզում է գրանցած լինեն, եթե դա անօրինական է, նույնիսկ եթե էս մարդը 75 էլ չլինի, 95 լինի կամ 18 լինի, ի՞նչ տարբերություն: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր ծնողի, բայց եթե պետական պաշտոնյան, անկախ նրանից, թե ով է՝ Տարոն Մարգարյանն է, Ալեն Սիմոնյանն է, Ռոբերտ Քոչարյանը, բան է գողանում պետությունից պայմանական ու գրանցում է իր 75-ամյա, կամ 18-ամյա տղայի անունով, իրավապահները պիտի ասեն՝ դե լավ, մեծ մարդ ա, չեթանք ու չհարցնե՞նք: Եկեք դուրս գանք էդ հուզական բանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031