Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության անբարենպաստ միջավայր՝ երկար ժամանակով

Նոյեմբեր 19,2019 22:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն Ամերիկայի Ձայնին տրված իր հարցազրույցում հայտարարեց, որ Դաշինքի գլխավոր մարտահրավերը ներկայումս անկանխատեսելիությունն է, հավելելով. «Սառը պատերազմի ժամանակներում հստակորեն պարզ էր, թե ինչում է կայանում մարտահրավերը։ Իսկ հիմա շատ են տարբեր սպառնալիքները եւ մարտահրավերները։ Բարդ է կանխատումներ անելը։ Բարդ է կանխատեսել անկանխատեսելին։ Այնուամենայնիվ, մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա ինչու է մեզ անհրաժեշտ լինել ճկուն եւ պատրաստ արձագանքելուն՝ նոր ճգնաժամի առաջացման դեպքում»։

Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի գլխավոր պաշտոնյայի ուղերձը կարեւոր է նրանով, որ, փաստորեն, ներկայիս բազմաթիվ «ոչ կոնվենցիոնալ» սպառնալիքներին համարժեք արձագանքելու կարողության մասին նա խոսում է ապառնի ժամանակով, ինչպես եւ նոր ճգնաժամի հավանականության մասին։ Այս ամենը զուտ արձանագրումն է այն իրողությունների, որոնք ձեւավորվել են եվրաատլանտյան տարածաշրջանում, որոնց, մեղմ ասած, շատ դժվար է բարենպաստ համարելը, եթե չասենք՝ խիստ անբարենպաստ, աննախադեպ անբարենպաստ։

Այդ իրողությունների կարեւորագույն տարրերն են.Միասնական Եվրոպայի գաղափարի եւ եվրոպական քաղաքական վերնախավերի ճգնաժամը, ինչի վկայությունն է Բրեքզիթը եւ ծայրահեղական ձախ եւ աջ ուժերի զարթոնքը ողջ մայրցամաքում, Վաշինգթոնյան մեծ խառնաշփոթը, կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպական դաշնակիցների նկատմամբ տարվող խնդրահարույց քաղաքականության, այդ նույն նախագահին իմփիչմենթի ենթարկելու արշավի հետ, ինչն ըստ էության կձգվի մինչեւ 2020թ. նախագահական ընտրություններ, ՆԱՏՕ-ի բոլոր արժեքներն ու սկզբունքները առանձին-առանձին եւ բոլորը միանգամից եւ անդառնալիորեն ոտնահարած, «ապաեվրոպականացող» Թուրքիան, ագրեսիվ նեոկայսերապաշտական պարադիգմը գործարկող, աշխարհակարգին մարտահրավեր նետած, Սառը պատերազմի արդյունքների հետ չհաշտվող եւ հարեւանների ինքնիշխանության գլխավոր սպառնալիքի վերածված, ահռելի տեմպերով վերազինվող Ռուսաստանը, ՆԱՏՕ-ի նախաշեմին մնացած Վրաստան, Ուկրաինա եւ Մոլդովա, որտեղ քաղաքական իրավիճակի դեգրադացիայից բացի՝ այլ բան առայժմ չի արձանագրվում։ Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ այլեւս չեն գործում սահմանափակումները, կապված թե՛ սովորական, թե՛ միջուկային սպառազինության, թե՛ փոքր եւ միջին հեռահարությամբ հրթիռների հետ։

Անշուշտ, ժամանակաշրջանների միջեւ զուգահեռները կոռեկտ չեն ապրիորի, ժամանակները չեն կրկնվում, սակայն շատ դեպքերում հանգավորվում են, հատկապես պատմության դասերը հաշվի չառնելու պարագայում։ Ներկայիս իրողությունները հատկապես հանգավորվում են 30-ականների հետ, կապված ամենանշանակալի ճգնաժամի՝ ազատական ժողովրդավարության ճգնաժամի հետ, եւ վերոթվարկված տարրերը դրա սոսկ դրսեւորումներն են, ածանցյալը եւ հետեւանքը։ 20-30-ականներին եւս՝ ազատական ժողովրդավարության լրջագույն ճգնաժամն ասպարեզ հանեց տարբեր տրամաչափի՝ կիսագրագետ, դեմագոգ, վատ դաստիարակված, կրիմինալ հակումներով դուրսպրծուկ բռնապետերի, որոնք իրենց պատկերացնում էին որպես ազատական ժողովրդավարության «այլընտրանք» եւ ժողովրդավարությունը համարում «անբարոյականություն», եւ որոնցից մայրցամաքը մաքրելն, այն էլ ոչ ամբողջությամբ՝ արժեցավ տասնյակ միլիոնավոր եվրոպացիների կյանք…

Ի՞նչ է այս ամենից «ստանում» Հայաստանը, ինչպե՞ս է այս ամենը պրոյեկցվում Հայաստանի եւ Արցախի վրա գոնե կարճաժամկետ հեռանկարում։

Առնվազն, մինչեւ հաջորդ տարվա նոյեմբեր սպասել որեւէ ակտիվ քայլեր, կապված եվրաինտեգրման, եվրաատլանտյան ինտեգրման հետ ընդհանրապես որեւէ ուղղությամբ՝ կլինի միամտություն, քանզի թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ը զբաղված են լինելու իրենց ներքին խնդիրներով։ Իսկ սա նաեւ նշանակում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի ուղղությամբ քաղաքականությունը լինելու է լավագույն դեպքում իրավիճակային, եւ փաստ չէ, որ համարժեք։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում տարբեր գործոնների գնահատականի հետ կապված նույնիսկ բացակայում է ընդհանուր ընկալումը, այսինքն, պրոբլեմ կա նույնիսկ իրերն իրենց անուններով կոչելու առումով։

Յենս Սթոլտենբերգի դիրքորոշումը, թե ի՞նչ պետք է անել անկանխատեսելիության պայմաններում՝ լիովին համապատասխանում է նաեւ մեզ՝ հետագա անելիքի առումով։ Այո, մեզ համար եւս բարդ է կանխատումներ անելը, բարդ է կանխատեսել անկանխատեսելին։ Եվ այնուամենայնիվ, մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Իսկ դրա համար մեզ եւս անհրաժեշտ է լինել ճկուն եւ պատրաստ արձագանքելուն՝ նոր ճգնաժամի առաջացման դեպքում։

Մեր «հիբրիդային դաշնակիցը» նախորդ իշխանությունների թողտվության պայմաններում մեզ վրա դրել է «պարտավորություններ», որոնք կապում են մեր ձեռքերը եւ ոտքերը, սեղմում են մեր պարանոցը, մինչդեռ համակարգային ճգնաժամը բախում է Կրեմլի դռները։ Մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հնարավոր դիվերսիֆիկացիայի բոլոր ուղղություններով առկա են ճգնաժամեր եւ տագնապալի զարգացումներ, եւ դա միայն Արեւմուտքը չէ, դրանց թվում են մեր բարեկամ հարեւան երկրներում՝ Իրանում եւ Վրաստանում։ Իսկ Թուրքիան, վերադառնալով իր տափաստանային, քոչվորական հորդայի մտածողությանը եւ պրակտիկային՝ մե՛զ է քոչվոր անվանում, ինչն այլեւս չի կարող անարձագանք մնալ, եւ հաջորդ իսկ օրը տեսանք մեր ԱԳՆ կոշտ պատասխանը հայտարարության ձեւով, որից նաեւ քաղաքական գործողություններ կբխեն։

Հայաստանում համակարգային բարեփոխումները գալիք 2020 թվականից թեւակոխելու են վճռորոշ փուլ եւ կանխորոշելու է հետագա զարգացումները երկրում, որի ընթացքից էլ հնարավոր կլինի դրանց հաջողության մասին եզրակացություն անել, թե որքանով են հայկական երկու պետականություններն ուժեղացած դուրս գալիս այս շրջափուլից։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեծացնել ներքին ամրության պաշարը ժողովրդավարական հենքի վրա, հընթացս ձեւավորելով դրա անշրջելիության երաշխիքները։ Խնդիրն այն է, որ Հայաստանն արդեն ենթարկվում է որոշակի հիբրիդային հարձակումների եւ թիրախավորված է մեր հաջողությունների հակառակորդների կողմից, որոնց նաեւ մեծ էնտուզիազմով սպասարկում են նրանց ներքին պրոքսիները, կամա թե ակամա։ Սրան դիմագրավելու լավագույն ձեւը՝ բարեփոխումների ընթացքի ապահովումն է, սեփական տեղեկատվական հոսքերի ձեւավորումը եւ սփռումը, պետականության դեմ գործող պրոպագանդայի չեզոքացումը՝ աշխարհում տեղի ունեցող տեղեկատվական եւ հաղորդակցային հեղափոխության պայմաններում։

Եվ պատշաճ ճկունության եւ արձագանքելուն պատրաստ լինելու ապահովման գործում ահռելի է դիվանագիտության դերն իր ողջ ինստիտուցիոնալ ներուժով, որի գլխավոր անելիքն է լինելու այս մեծ անորոշության ժամանակահատվածում հարթ եւ բազմակողմ հարաբերություններ, հաղորդակցություն պահպանել բոլոր կարեւորագույն միջազգային սուբյեկտների հետ՝ անկանխատեսելին կանխատեսելի դարձնելու, հնարավոր ֆորս-մաժորներին դիմագրավելուն պատրաստ լինելու համար։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
 Նկարը՝ Մեդիամաքս գործակալության

«Առավոտ» օրաթերթ
19.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930