Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները 24 ժամ ԵՊՀ-ում էին

Դեկտեմբեր 12,2019 14:00 Share

Առաջին անգամ ԵՊՀ-ում անցկացվում է «Ծրագրային հեքեթոն», որի նպատակը համալսարանում առկա խնդիրները գտնելն ու լուծման տարբերակներ մշակելն է։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված այս ծրագրի, գաղափարի, իրականացման փուլերի մասին է պատմում ՈՒԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը։

«Հեքեթոնը միջազգային ձեւաչափ է, որն իրականացնում են IT կազմակերպությունները, նպատակն է սահմանափակ ժամանակում մարդկանց հավաքել մի տեղում, տալ կոնկրետ հանձնարարություն, որ իրենք պիտի անեն»,- բացատրում է կազմակերպիչը։

Համալսարանում նախկինում անցկացվում էր «Ուսանողների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները սովորում էին՝ ինչպես գրել ծրագրի առաջարկներ։ Այս տարի որոշել են փոխել ձեւաչափը ու ստացել են «Ծրագրային հեքեթոն»։ Մասնակիցները 24 ժամ մնացել են համալսարանում, ներկա գտնվել դասընթացներին ու թիմերով աշխատել են իրենց ծրագրերի վրա։

«Մենք հայտարարել էինք ոլորտներ՝ կրթություն, ուսանողների իրազեկվածություն, աշխատաշուկա-բուհ կապ, մասնագիտական գիտելիքներ, ոչ ֆորմալ կրթություն եւ այլն, ուսանողներն այդտեղ գտնում էին խնդիրներ ու գրում ծրագրեր, որոնք ուղղված էին այդ խնդիրների լուծմանը»,- ասում է Խ. Աբաջյանն ու հավելում, որ ԵՊՀ-ին եւ ուսանողներին առնչվող խնդիրները կարեւոր էր դիտարկել հենց սովորողների կողմից։

Մասնակիցներից Գոհար Աբրոյանը ծանոթ էր ձեւաչափին ու առանց մտածելու մասնակցել է հեքեթոնին։ Նա պատմում է իրենց թիմի առաջարկած ծրագրի մասին, որի նպատակը իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։

«Մի հավելվածի մեջ մենք մի քանի բաներ ենք ներառելու՝ ուսանողի իրավունքի ու պարտականությունների, քննությունների արդյունքների բողոքարկման մասին նյութեր, բաժին, որտեղ գնահատականը ու կրեդիտը ներմուծելով՝  օգտատերերը կհաշվեն ՄՈԳ-ը (Միջին որակական գնահատական), կլինեն տարբեր հետաքրքիր նորություններ եւ միջոցառումների մասին ծանուցումներ»,- ներկայացնում է Գոհարը ու բացատրում, որ 24-ժամյա աշխատանքային փուլը ծանր ու պարտավորեցնող էր, որովհետեւ այդ ընթացքում մոռանում ես քնի, սոված լինելու մասին, եւ քո առաջ նպատակ կա՝ ուզում ես քո թիմը հաղթի։

Ծրագրային հեքեթոնի կազմակերպիչ Խաչիկ Աբաջյանն առաջին անգամ էր գիշերը դասընթաց վարում, նա բացատրում է, թե իր համար ինչով էր բարդ։

«Ինձ համար շատ անսովոր էր, պիտի կենտրոնանայի նյութը հեշտ մատուցելու, լսարանը կառավարելու վրա. մասնակիցներն ամեն դեպքում հոգնած էին, ուզում էին քնել, պետք էր այնքան ակտիվ խոսել, այնպիսի մեթոդներ կիրառել, որ լսարանին էլ ակտիվ պահեի»,- ասում է Խաչիկն ու ավելացնում, որ թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակիցները պատվով են հաղթահարել։

Ներկայացված 12 ծրագրերը հաջորդ փուլում քննվել են հանձնաժողովի կողմից, ծաղկաձորյան փուլ են անցել 6-ը։ Այնտեղ մասնակից թիմերը կսովորեն՝ ինչպես ֆինանսներ գտնեն ծրագրերն իրականացնելու համար, վերադառնալով կսկսեն ֆոնդահայթայթման արշավ ու իրենց գաղափարները կյանքի կկոչեն։ ՈՒԽ փոխնախագահի խոսքով՝ այն ծրագրերը, որ շատ ֆինանսական միջոցներ չեն պահանջում, կֆինանսավորի Ուսխորհուրդը։ Վերջնանպատակը «Ծրագրային հեքեթոնը» շարունակական դարձնելն է, քանի որ այն կարող է օգնել թե՛ համալսարանին, թե՛ ուսանողներին։

«Կարծում եմ, որ այն մի քանի խնդիր է լուծում միաժամանակ՝ ԵՊՀ-ում առկա խնդիրներին է անդրադառնում, ուսանողների հմտություններն է զարգացնում, ինչպես նաեւ՝ մոտիվացնում է մասնակիցներին, որ ֆորմալ կրթությունից դուրս իրենք կարողանան զբաղվել հասարակական ակտիվ կյանքով»,- ասում է Խաչիկ Աբաջյանը։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031