Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովա. ռուս-հայկական հարաբերությունները կարող են բնութագրվել եղբայրական, դաշնակցային եւ հսկայական ներուժ ունեցող. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 12,2019 13:15 Share

Մարիա Զախարովան ՌԴ արտգործնախարարության ինֆորմացիոն դեպարտամենտը գլխավորում է 2015 թվականից։ Մասնագիտությամբ լրագրող- միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու։ Մարիա Զախարովան ՀԺ-ին տված բացառիկ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին՝ հայ- ռուսական հարաբերությունների համատեքստում։

– Մարիա Վլադիմիրովնա, մեր դիտարկմամբ, ռուս-հայկական հարաբերությունները ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների եւ վերլուծականների կողմից դեռ ոչ մի անգամ այնքան բուռն ու մանրակրկիտ չեն քննարկվել, ինչպես դա արվում է վերջին մեկուկես տարում։ Ի՞նչ եք կարծում, դա օրինաչա՞փ է:

– ԶԼՄ-ների հետաքրքրությունը հիշյալ թեմայի նկատմամբ հասկանալի է։ Ռուսական կողմը բազմիցս մեկնաբանել է այդ հարցը։ Նույնատիպ հարցադրումներ արվել են նաեւ Սերգեյ Լավրովին՝ Երեւան կատարած նրա վերջին նոյեմբերյան այցի ժամանակ։ Պարոն Լավրովը շատ հստակ ընդգծեց մեր մոտեցումը, այն է՝ Հայաստանում կատարված փոփոխությունները չեն խանգարել երկկողմ հարաբերությունների հաջորդականության պահպանմանը եւ բոլոր ուղղություններով դաշնակցային ու գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը։

Ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը բարձր եւ ամենաբարձր մակարդակում կրում է ինտենսիվ բնույթ, ինչպես որ եղել է անցյալում։ 2019 թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Մինչեւ տարեվերջ եւս կլինեն շփումներ։ ՌԴ-ն արտաքին առեւտրի եւ ներդրումների ոլորտում մնում է որպես ամենախոշոր գործընկերը Հայաստանի համար։ Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային ներդրումային նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում։

Արդյունավետ է զարգանում մեր համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում, նաեւ տարատեսակ միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում։

Շարունակվում է փոխգործակցությունը միջգերատեսչական մակարդակներում, փոխանակումները՝ մշակութային, հումանիտար, գիտության եւ կրթության ոլորտներում, արդյունավետ համագործակցությունը խորհրդարանական ներկայացուցչությունների միջեւ։ Դինամիկ զարգանում են կապերը ռեգիոնների միջեւ, որտեղ ներգրավված է ՌԴ մոտ 70 սուբյեկտ։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ ԶԼՄ-ների հետ կապերը նույնպես չեն թուլանում։ Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունները կարող են բնութագրվել եղբայրական, դաշնակցային եւ հսկայական պոտենցիալ ունեցող:

– Երկու երկրների տեղեկատվական հարթակում հիմնականում կարելի է առանձնացնել երկու թեմա, որոնց շուրջ ժամանակ առ ժամանակ թեժ բանավեճ է տեղի ունենում։ Դրանք են՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին եւ Հայաստանում տեղակայված բիոլաբորատորիաների գործունեությունը։ Բիոլաբորատորիաների հարցը, կարծես թե շուտով կլուծվի։ Ի՞նչ եք կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որ 2-րդ՝ զենքի վաճառքի հետ կապված խնդիրը նույնպես մի օր դուրս գա օրակարգից։

– Դուք ճիշտ եք, այս պահին հայ եւ ռուս փորձագետները ավարտում են բիոլաբորատորիաների անվտանգությունն ապահովող երկկողմանի համաձայնագրի բովանդակային աշխատանքները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այն իրականացվում է ընդունված միջազգային բոլոր կանոնների եւ նորմերի հիման վրա, որոնք առկա են այդ ոլորտում, ինչպես նաեւ փորձագիտական վերահսկողության ազգային համակարգի շրջանակներում։ Այդ հարցում մենք հաշվի ենք առնում տարածաշրջանային հետաքրքրությունները, որոնք վերաբերում են անվտանգությանն ու կայունությանը եւ հասկանում ենք հավասարության պահպանման կարեւորությունը։ Ռուս փորձագետների գնահատականով, ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նվազեցումը կարող է հանգեցնել արտասահմանյան զինամթերքի անվերահսկելի մատակարարմանը տարածաշրջանին, ինչը հղի է իրավիճակը ապակայունացնելու վտանգով։ Կարծում եմ, նման իրավիճակ ձեռնտու չի ո՛չ ՀՀ-ին, ո՛չ Ադրբեջանին եւ ոչ էլ ՌԴ-ին։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031