«Մտել ենք մի փուլ, որում հայ հասարակության համար պետք է ակներև դառնա, որ պաշտոնական Երևանի և պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումները գրեթե որևիցե հարցի վերաբերյալ չեն համընկնում։ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումները դրա արձանագրումն են։ Հանդիպումից հետո թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանից հրապարակային հայտարարությունները, գնահատականները ևս վկայում են, որ կողմերը չեն պատրաստվում հրաժարվել իրենց մոտեցումից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամին։
Նշում է՝ ռուսական կողմն ասում է, որ իրենք չեն ուզում ֆինանսավորել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։ «Հայաստանի իշխանությունները, իհարկե, ասում են, որ գնում են դեպի ԵՄ, բայց նրանք մեզ տանում են դեպի թյուրքական աշխարհ։ Ռուսական կողմը հրաժարվում է դա ֆինանսավորել։
Երկրորդ՝ նա շատ հստակ տարանջատում է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև, և այդ իսկ պատճառով ասում է՝ հանրաքվե անցկացրեք, ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կանենք։
Կարդացեք նաև
Մյուս կողմից էլ՝ ունենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը ոչ միայն չի հրաժարվում իր աշխարհաքաղաքական ընտրությունից, այսինքն՝ ԵՄ-ի օրենքն ընդունելու քողի տակ ոչ միայն պարզապես խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ շարունակում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, մինչև Հայաստանը չվերածվի Հարավային Կովկասում հերթական հակառուսաստանի։ Մեր և Ռուսաստանի դիրքորոշումները 180 աստիճանով տարբերվում են, և հանդիպումները միայն դրա վկայությունն են։
Անդրադառնանք սպասվելիք հանդիպմանը՝ ելնելով Ռուսաստանից եկող հայտարարություններից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձանագրումից, որն ասում է՝ երբ օրենքն ընդունել եք, դրանով իսկ արդեն ազդարարել եք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Այս ամենը վկայում է հետևյալի մասին. Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ԵԱՏՄ-ում շատ մեծ հավանականությամբ կարող է սառեցվել։
Եվս մեկ խաբկանք կա։ Իշխանություններն ասում են՝ դա հակասում է ԵԱՏՄ-ի կանոնադրությանը, դա միայն մեր խնդիրը չէ, նաև ԵԱՏՄ-ի կենսունակության հարցն է և այլն։ Ենթադրենք, ԵԱՏՄ-ն չի կայացնում Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ որոշում, կամ Նիկոլ Փաշինյանը շուտով Հայաստանում Ղազախստանի նախագահին է ընդունելու, գուցե իրենք փորձեն ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ ԵԱՏՄ թուրքական պետությունների հետ, որպեսզի նրանք չսատարեն Ռուսաստանի և Բելառուսի մոտեցումը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, բայց կա մի կարևոր նրբերանգ՝ մեզ համար ԵԱՏՄ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ մոդելներից մեկն են։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում



















































